Լրահոս
Օրվա լրահոսը

Բորխերտի «Հացը»` արդեն հայերեն թարգմանությամբ

Հուլիս 08,2021 12:00

«Երեւանյան էսքիզ» հրատարակչությունը վերջերս լույս ընծայեց 20-րդ դարի գերմանական գրականության նշանավոր հեղինակներից մեկի՝ Վոլֆգանգ Բորխերտի «Հացը» պատմվածքների ժողովածուն հայերեն թարգմանությամբ: Բորխերտն անձամբ է մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին եւ ողջ էությամբ ատել պատերազմը՝ կյանքեր խլող եւ ճակատագրեր խեղող այդ մեծագույն չարիքը: «Հացը» ժողովածուում ընդգրկված պատմվածքների թեման հենց պատերազմն է ու հետպատերազմյան կյանքը: «Վոլֆգանգ Բորխերտի պատմվածքները կարող եմ բնորոշել ընդամենը մեկ բառով՝ հակապատերազմական»,-մեզ հետ զրույցում ասել է «Հացը» գրքի թարգմանիչ Սիրանուշ Փարսադանյանը:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ Բորխերտի գրվածքների հերոսը կտրված չէ ժամանակից ու իրականությունից, նա պատերազմական կամ հետպատերազմյան ծանրագույն շրջանում ապրող շարքային մարդն է՝ իր՝ անլուծելի թվացող խնդիրներով, ցավերով, մտածմունքներով, խոհերով, վախերով, թերություններով, հաճախ՝ թուլություններով, անհուսության մատնված, աղավաղված, խեղված ներաշխարհով մարդը, որ պատերազմի դաշտից վերադառնալուց հետո բացարձակապես չի կարողանում ինտեգրվել հասարակությանը՝ չպատկերացնելով՝ ինչպես պիտի ապրի հետայսու:

«Գրավիչ է Բորխերտի պատումի ոճը. նա դեպքերն ու իրադարձությունները շարադրում է առանց ավելորդ վերլուծականների, կարճ ու դիպուկ՝ շեշտը դնելով միայն պատերազմի՝ մարդկային հոգեբանության վրա թողած աղետալի հետեւանքների վրա: Ինձ՝ որպես գրքի թարգմանչի, նախեւառաջ զարմացնում եւ հիացնում է Բորխերտի բառընտրությունը: Հեղինակը չափազանց նրբորեն է մոտենում բառին: Նրա համար անգամ ամենասովորական բառն ունի արժեք»,-հավելեց Սիրանուշ Փարսադանյանը:

Գրքի տպագրությունը «Երեւանյան էսքիզ» հրատարակչության հետ ծրագրել էին դեռեւս նախորդ տարվա սկզբից, բայց, դժբախտաբար, իրենց խաղաղ օրերի մտահղացումը կյանքի կոչվեց անխաղաղ, անկայուն օրերին:

Սիրանուշն ասում է, որ գրքի թարգմանությունը համընկավ մեզ համար ծանրագույն օրերի հետ եւ մի որոշ ժամանակ պարզապես կանգ առավ: Թարգմանելիս անասելի ցավոտ պահեր է ունեցել, որովհետեւ այն, ինչ նկարագրում է հեղինակը, այնքան մոտ է մեր հասարակության այսօրվա խնդիրներին ու հոգեվիճակին:

«Անգամ մի պահ մտավախություն եմ ունեցել՝ արդյոք առանց այն էլ ծանր ժամանակներում, երբ չկա լույսի գեթ մի շող, երբ անհուսության են մատնված գրեթե բոլորը, արժե՞ ընթերցողի սեղանին դնել նման ժողովածու, որում ամփոփված են նիհիլիստական ստեղծագործություններ: Բայց, ամեն դեպքում, պատահական չի լինում ոչինչ…»,-ասում է, մի պահ հայացք նետում դեպի դժնդակ օրեր, բայց ուրախությամբ նշում, որ կարեւոր է նաեւ Վոլֆգանգ Բորխերտի «Հացը» գիրքը տեսնել հասանելի հայ ընթերցողին:

Սիրանուշը կամաց թերթում է գիրքը, ժպտում, կանգ առնում «Սա մեր մանիֆեստն է» մի անչափ տպավորիչ պատմվածքի էջում. «Մեր մանիֆեստը սերն է: Մենք ուզում ենք սիրել քաղաքների քարերը՝ մեր քարերը, որոնք դեռ տաքանում են արեւի ճառագայթներից. ճակատամարտից հետո վերստին տաքանում են:

Եվ մենք ուզում ենք կրկին սիրել ուուու-քամին՝ մեր քամին, որ շարունակ երգում է անտառներում: Որը շարունակ երգում է նաեւ տապալված գերանների վրա:

Եվ ոսկեդեղին տաքուկ պատուհանները, որոնց հետեւում Ռիլկեի բանաստեղծություններն են:

Եվ մռայլ նկուղները՝ քաղցած երեխաներով, որոնք մանուշակագույն են:

Եվ ստվարաթղթե ու փայտե խրճիթները, որտեղ մարդիկ դեռեւս հաց են ուտում, մեր մարդիկ, եւ քնում են նաեւ: Իսկ երբեմն էլ երգում են:
Եվ երբեմն, ժամանակ առ ժամանակ նաեւ ծիծաղում են»:

Գիրքն ամենասովորական ընթերցողին անգամ կստիպի մտորել ու խորհրդածել կյանքի՝ թեկուզ մանրուք թվացող իրողությունների շուրջ, կստիպի գնահատել ամեն մի ակնթարթը, որն անխուսափելիորեն անցյալ է դառնալու՝ մարդուն նետելով գալիք օրերի գիրկը, որ, հնարավոր է, անորոշություն խոստանան:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031