Հինգ ամիս է, ինչ «Մշակութամետ» անհատական նախաձեռնության մի շարք կամավորներ ամեն շաբաթ և կիրակի օրերին այցելում են Տավուշի սահմանապահ Չինարի ու Այգեձոր գյուղեր և երաժշտության, կարպետագործության ու մշակութային 15 -ից ավելի դասընթացներ են անցկացնում։
Մեզ հետ զրույցում նախաձեռնության համահիմնադիրներից Աննա Դանիելյանը նշեց, որ մարզի ընտրությունը եղել է շատ պատահական․
«Մարզի ընտրությունը շատ պատահական եղավ, քանի որ մեր ծրագրի անդամներից մեկը, ով միացավ նախաձեռնությանը, Այգեձորից էր և մեր առաջին այցն էլ հենց այնտեղ եղավ և քանի որ սահմանապահ Չինարի գյուղը գտնվում էր կողքին, ներառեցինք նաև այդ գյուղը»։
Կարդացեք նաև
Դանիելյանի փոխանցմամբ՝ կամավորների շարքում կան Կոնսերվատորիայի ուսուցիչներից մինչև անվանի արվեստագետներ, որոնք կամավոր հիմունքներով 6 ամիս այցելել են գյուղերի աշակերտներին դասավանդելու․
«Շատ դեպքերում կամավորները միմյանց փոխարինել են, քանի որ մոտ 40-ից ավելի կամավորներ են գրանցվել, որոնք դասավանդել են շուրջ 150-ից ավելի երեխայի։
Ծրագիրը նպատակ ունի զարգացնել ազգային մշակույթը, հատկապես սահմանամերձ գյուղերում խնդիր կա, որ երեխաները անընդհատ տեսնում են գյուղատնտեսությամբ զբաղվող և զինվորական համազգեստով մարդկանց և իրենց համար էլ շատ էին ոգևորվել, որ իրենց կիթառի ուսուցիչը երիտասարդ տղա էր, ով երեխաներին օրինակ է ծառայում, որ տղամարդը կարող է նաև մշակույթով զբաղվել։
Մենք փորձում ենք նաև շփվել իրենց հետ և տալ այն ուշադրությունը, որի կարիքն ունեն երեխաները, քանի որ նրանց ծնողները հիմնականում զբաղված են, ինչպես նաև երեխաների համար ստեղծել այն միջավայրը, որտեղ իրենք կկարողանան զարգացնել իրենց տաղանդներն ու հմտությունները»։
Դանիլեյանը նաև նշեց, որ իրենք այս պահին մշակում են նախաձեռնությունն ընդլայնելու ծրագիրը, որով կկարողանան Սյունիքում և Տավուշի այլ գյուղերում ևս նման դասընթացներ անցկացնել․
«Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում մենք կարողացանք ֆինանսական միջոցներ ապահովել, որ հավելյալ տրանսպորտի միջոցով գյուղի երեխաներին տեղափոխի Ճամբարակի երաժշտական դպրոց, ինչպես նաև ուսումնասիրում ենք Սյունիքում ևս նախաձեռնությունն իրականացնելու տարբերակը»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ