Երեկ Գյումրու բնակիչներից մեկը՝ Ռազմիկ Գյադուկյանը, դիմել է Ոստիկանության գլխավոր վարչություն՝ հաղորդում ներկայացնելով այն մասին, որ Գյումրու նախկին քաղաքապետ, Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Քաղաքացին նշել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 17.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում, «Սլաբոդկա» թաղամասում՝ Ջիվանու փողոցում , որտեղ իր ու Սպարտակ Ղուկասյանի միջև վիճաբանություն է ծագել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն տալու պատճառով։
Վիճաբանության ժամանակ, ըստ քաղաքացու բողոքի, Սպարտակ Ղուկասյանը ձեռքի ափերով հարվածել է իր ականջներին, այնուհետ երկու անգամ բռունցքով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում։
Կարդացեք նաև
Ի դեպ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ընտրությունների ժամանակ սատարել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։