Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի հաղթանակը» եւ իրականությունը

Հունիս 26,2021 10:00

«Ժողովուրդը» հրճված է ընտրություններում տարած իր «փայլուն հաղթանակով»՝ նրան հաջողվել է «չոքըցնել», «կզըցնել» եւ նման այլ բազմաթիվ գործողություններ անել Փաշինյանի բոլոր «չուզողներին», այդ թվում՝ նզովյալ մտավորականներին:

«Ժողովուրդը» կարող է ուրախանալ, թմբուկ զարկել, տալ վարչապետին «պողպատե մանդատը», «արդարադատության սուրը», որպեսզի նա իրականացնի վենդետա, վեթինգ, լյուստրացիա եւ այլն: Շնորհավորում եմ բոլոր ուրախացողներին: Սա իրականության «պայծառ» կողմն է:
Հիմա դառնանք «ստվերային կողմին»:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվում են առնվազն 1000 ադրբեջանցի զինծառայողներ: Նրանք հեռացա՞ն «ժողովրդի հաղթանակի» հետեւանքով: Բաքվում ծանրագույն հոդվածներով դատվում են մեր ռազմագերիները: Նրանք վերադարձա՞ն Հայաստան՝ մեր երկրում «վատ» մարդկանց «կզըցնելու» շնորհիվ: Հասկանում եմ, որ «ժողովրդին» այդ հարցերը չեն հետաքրքրում: Համենայնդեպս՝ արձանագրեմ պատմության համար:

Իրական կյանքով հետաքրքրվող ընթերցողներին հիշեցնեմ նաեւ, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն այս շաբաթվա ընթացքում ակտիվ շփումներ է ունեցել Ալիեւի եւ Էրդողանի հետ: Հասկանալի է, որ նրանց խոսակցությունների առանցքային թեման էին Հայաստանի հետ կապված խնդիրները: Այդ առիթով պարզապես թվարկեմ, թե ինչ են Թուրքիան եւ Ադրբեջանը մեզանից՝ որպես պատերազմում պարտված կողմ, պահանջում: Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը, որը ենթադրում է Արցախի ճանաչումը` որպես այդ երկրի անբաժանելի մաս, Թուրքիայի ամբողջականության ճանաչումը՝ Կարսի պայմանագրի վերահաստատմամբ, միջանցք այդ երկու երկրների միջեւ՝ Հայաստանի Սյունիքի մարզով, որը չի վերահսկվի մեր կողմից, միջազգային ատյաններում եւ միջազգային հարաբերություններում Ցեղասպանության խնդրի հետապնդումից հրաժարվելը:

Ռուսաստանը, որքան հասկանում եմ, դեմ չէ այդ պահանջներին եւ ակտիվ միջնորդական ջանքեր է կիրառում՝ այդ ծրագրերն իրականացնելու համար՝ գուցե սեփական ինչ-որ շտկումներով եւ հավելումներով: Չգիտեմ, թե որքանով է Հայաստանը ներգրավված այս ամբողջ գործընթացի մեջ. վստահաբար կարելի է ասել, որ մեր երկրի խաղաթղթերն այս առումով վատն են՝ մեր բանակն ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի սահմանները, եւ դրա համար պետք է հատուկ շնորհակալություն ասել «հաղթած ժողովրդի» իշխանությանը:

Մյուս կողմից՝ պարզ է, որ պետք է խաղալ նաեւ վատ խաղաքարտերով: Դրա համար նախեւառաջ պետք է ունենալ արտգործնախարարություն, ու, բացի այդ, պետության առաջին դեմքը պետք է հաշվի նստի այդ կառույցում աշխատող մասնագետների հետ: Բայց մի՛ մոռացեք՝ բոլոր տեսակի մասնագետներն ու «փտած աչկարիկները» այս ընտրություններում պարտվել են «ժողովրդին», եւ ստացվում է, որ նրանց կարծիքը կարելի է եւ չհարցնել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Եթե ընտանիքում դասերը սովորել չսովորելու որոշում է կայացվում եւ երեխաները նույնքան ձայնի իրավունք ունեն, ինչ ծնողները, պարզ է, թե ինչ որոշում կկայացնի ընտանիքը ժողովրդավարական գաղտնի քվեարկությամբ՝ եթե երեխաները չհարգեն ծնողների կարծիքը, բնական է, ընտանիքը ձայների մեծամասնությամբ կորոշի չսովորել, իսկ եթե հարգեն՝ բնական է, կենթարկվեն ծնողների որոշմանը: Հարցը՝ ծնողներին, ուսուցիչներին հարգել չհարգելու մեջ է: Երեխային փոքր տարիքից պետք է ինքնուրույն որոշում կայացնելու ունակություն սերմանել, դրա համար էլ լավ է, երբ նրանք մասնակցում են ընտանեկան խնդիրների որոշումների ընդունմանը, բայց միայն մի դեպքում՝ այն է, եթե նրանք մեծերի հետ վիճելու, սեփական կարծիքը հիմնավորելու շնորհքն ունեն, բայց եւ հասկանում են, որ իրենց ձայնի կշիռն այնքան է, ինչքան իրենց պատասխանատվության չափը եւ հարգել ծնողներին, նշանակում է, անկախ քո կարծիքից, որը դու պետք է անպայման պաշտպանես դեբատների ժամանակ կլոր ընտանեկան սեղանի առաջ, վերջնական որոշումը թողնում ես ծնողներիդ, որովհետեւ նրանց վրա է որոշման հետեւանքների պատասխանատվության առյուծի բաժինը, որը երեխաների տարիքի հետ այդ բաժինը անցնում է երեխաներին, երբ նրանք են դառնում ծնողներ:
    Եթե նզովյալները՝ մտավորականները շուտափույթ չզբաղվեն ժողովրդի դաստիարակությամբ, մեր թշնամին ավելի կմեծացնի մեր ժողովրդի զոմբիացվածության աստիճանը, դաստիարակել՝ նշանակում է ժողովրդին զոմբիացած վիճակից հանել, ժողովուրդն ինքն իրեն այդ վիճակից չի կարող հանել: Պետք է պատրաստ լինել, որ ժողովուրդը է՛լ ավելի կնզովի իրեն այդ զանգվածային զոմբիական թմբիրից հանող մտավորականներին, բայց ուրիշ ճանապարհ չկա, հետո շնորհակալություն կասի, երբ աչքերը բացվի: Բայց դա պետք է անել սիրով, ցավը տանելով ու մեծագույն համբերությամբ, մինչեւ ժողովուրդը կհարգի ու կենթարկվի իր մտավորականությանը (այն ժողովուրդը, ով չի հարգում իր մտավորականությանը, ստիպված կլինի հարգել ուրիշ ազգի մտավորականությանը, այն ազգի, ով գիտի հարգել սեփական մտավորականությանը) :

    • Լավատես says:

      Երկար է ստացվում, բայց մոռացա լուծում առաջարկել:
      Ժողովուրդը երբեք չի մասնակցել ինչ որ որոշումների քննարկմանը, նրան հրամցրել են ինչ որ թեկնածուների, հետո ասել, թե ընտրի դրանցից ում ուզում ես եւ դա համարել են ժողովրդավարություն: Ֆոկուսը հենց հրամցնելու մեջ է, ժողովուրդը ի՛նքը չի հրամցնում իր թեկնածուներին, այլ անհայտ տեղից ծլում են ինչ որ թեկնածուներ ու ներկայացվում ժողովրդին: Ժողովուրդը միայն ընտրող չի, նա պետք է մասնակցի կլոր սեղանի առաջ խնդիրների լուծման լավագույն տարբերակ գտնելուն, իսկ կլոր սեղանի ժողովրդի լավագույնները, ովքեր հեղինակություն կվայելեն կլոր սեղանի ժողովրդի կողմից, նրանք էլ իրավունք կունենան դառնալ թեկնածու: Սա ազգային մշակույթ պետք է դառնա, երբ լավագույն նշանակում է ամենաբարձր պատասխանատվություն: Երեխաները ընտանիքի կլոր սեղանի շուրջ են սովորում օպտիմալ լուծումներ գտնել եւ գործուղում իրենց ընտանիքի ներկայացուցչին՝ հաճախ ծնողին Տեղական ինքնակառավարման կառույց, ընտանիքները Տեղական ինքնակառավարման կառույցի կլոր սեղանի առաջ են սովորում օպտիմալ լուծումներ գտնել եւ Տեղական ինքնակառավարման կառույցներից լավագույնները գործուղվում են պետական կառույց՝ պետական կլոր սեղանի՝ այսօրվա Ազգային ժողովի՝ առաջ սովորում օպտիմալ լուծումներ գտնել եւ իրենց միջից լավագույնին՝ ամենապատասխանատուին գործուղում վարչապետի պաշտոն ստանձնելու: Մի բան էլ, հաճախ է լինում, որ ամենախելոքը միաժամանակ ամենահամեստն է, պետք է օրենք ընդունվի, որ եթե քեզ վստահության քվե են տալիս, դու հրաժարվելու իրավունք չունես կամ էլ գտի քեզնից լավին, որի հանդեպ անձամբ պատասխանատվություն ես վերցնում:

      • Լավատես says:

        Կարճ, էս մի բանն էլ ավելացնեմ ու վերջ:
        Բարձր պատասխանատվությունը միայն սիրուն բառ չէ, ինչքան բարձր է պաշտոնը, այնքան դաժան են օրենքները, դրա համար, բարձր պաշտոնին կգնան միայն նրանք, ովքեր մասնագետ են եւ սխալվելու հավանականությունը քիչ է, բայց բացի դրանից, բարձր պաշտոնյային ընտրողն ինքը նույնպես կիսում է իր ընտրյալի հետ պատասխանատվությունը՝ մի քիչ ավելի թեթեւ օրենքներով, այնպես որ մեկընդմիշտ մոռանում ենք գաղտնի ընտրություն կոչվող երեւույթը, բաց թափանցիկ ընտրություն՝ նշանակում է կիսել պատասխանատվությունը ընտրյալիդ հետ միասին՝ ընտրյալիդ գործած սխալների համար: Ընտրյալների համար գործում է Մեղավորության կանխավարկածը, այսինքն՝ պարբերաբար պետք է ապացուցես քո անմեղությունը՝ այդ նույն լյուստրացիան է, միայն պարբերական: Սա էլ հնարավոր է անկախ Ազգային անվտանգության ծառայության դեպքում եւ գերակայությամբ: Այս ամենը պետք է փորձարկել ցանցային պետության շրջանակներում եւ լավագույն փորձը ներկայացնել մեր heartland ին:
        Всё, merci, շնորհակալություն:

  2. Հ.Շ. says:

    Մի վայրկեան նիւթից դուրս հանենք վերջին պատերազմը ու նրա հետեւանքները:
    Մարդիկ յիշո՞ւմ են թէ այս վարչակարգը որքան անատակ ու անկարող էր երկիրը կառավարելու,
    այդ ամէնից՝ ԱՌԱՋ:
    Իսկ հիմա, այդ ամէնէն ե՞տք է, որ պիտի կարենան կառավարել…

    Խորքին մէջ, թերեւս լաւ է որ այս վարչակարգը վերահաստատուեցաւ: Քանզի որեւէ նոր վարչակարգ, ամէն դէպքում, շատ բան պիտի չկարենար անել, սրբագրելու համար տեղի ունեցած Աղէտն ու նրա հետեւանքները: Մինչ նոր իշխանաւորները պիտի ստիպուէին վիմագրաւել այս վարչակարգին արտադրած արտասովոր խնդիրները, արտագարկ ու ծայրագոյն դժուարութիւնները: Հիմա ուրեմն, իրենք թող ջանան իրենց գործած աւերի հետեւանքներով զբաղուիլ, եւ ընդհանրապէս կառավարել երկիրը, այս վիճակին մէջ – ուր իրենք զայն հասցուցին – : Եւ բարի վայելում, զիրենք ընտրողներին:

    Ի դէպ, եթէ պիտի կարծուի թէ ասիկա «այրած սրտի մխիթարանք է», որքան լաւ բան է՝ գրաւոր փաստ ըսուածը: Ահա թէ ճիշդ այս ուղղութեամբ ինչ էի գրել եւ հրատարակել,
    17 Դեկտեմբեր 2020ին՝
    «Փաշինյանը թող չհրաժարի, ոչ»՝
    https://www.facebook.com/permalink.php?story_fbid=815105029335387&id=368796210632940

    Իսկ Քոչարյանին մասին ալ, ահա՝
    11 Յուլիս 2020/ Յ.Գ._այժմէականացում/ 27 Յունուար 2021 ՝
    «Քոչարյան՝ հանգստեան կոչուելու իրաւունքը»
    https://haytougchamlian.blog/քոչարյան՝-հանգստեան-կոչուելու-իրաւո/

  3. Armen says:

    Մեր պետության կարորագույն խնդիրը հին սովորույթների ընդմիշտ արմատախիլ անելն է և նորմալ պետական ինստիտուտների կայացումը: Սա պետք է լինի ապագայի տեսլականի հիմնական թեզը: Սա սուբյեկտության, ուժեղ, ինքնիշխան պետություն ունենալու անհրաժեշտ պայմանն է:

  4. Armen says:

    Ավելացնեմ՝ մեր ժողովուրդը անցել է բազմաթիվ փորձությունների միջով, անցնելու է այս անգամ ևվս, և եթե մեր «էլիտան» ավելի անշահախնդիր և պետականամետ դրսևորում հադես բերի, ավելի հեշտ և քիչ ցնցումներով արգելքները կհաղթահարենք, իսկ պեսիմիզմը մեզ հաստատ կխանգարի:

    • Հ.Շ. says:

      Ուրեմն, յաջորդող կոթողային ձախողութիւնների, աղէտալի ֆիասքոների եւ ընդհանրապէս խորտակման գործընթացի շարունակութեան վերաբերող՝ վարչակարգի ինքնապաշտպանութիւնը, արդէն կազմ ու պատրաստ է:

      Հիմա էլ ուրեմն, յանցաւորները լինելու են՝ ընտրանի դասակարգը, եւ շահագրգռուած կամ ոչ-պետականամետ հայերը: Հա, եւ նաեւ՝ յոռետեսութիւնը:

      Այսինքն, ըստ Հայաստանում այլեւս հաստատուած սովորութեան, քաղաքական նոր աւանդոյթին, մեղաւոր է՝ ամէն մարդ, բացի երկրորդ անգամ իշխանութեան տիրացած, անթերի ու հոյակապ, հանճարեղ անձինքը. իրենց շրջապատով, համակիրներով ու հետեւորդներով – ներսում եւ դրսում – :

      Պարզ է:

      Պէտք է ընդունիլ սակայն որ նշանակուած մեղաւորների այս նորոգուած բանաձեւումը, աւելի կատարելագործուած է: Կարկինը աւելի լայն բացուած է:

      Անհասկնալի է միայն թէ ինչու այս ճարպիկութիւնները, նոյնիսկ կարելի է ասել այլեւս՝ այս վարպետութիւնը, երբէք ի գործ չեն դրւում – կամ էլ՝ միայն աղէտալի արդիւնքներ են արտադրում -՝ արտաքին գետնի վրայ: Այլ բացառապէս վերապահուած են, որպէս յաջող եւ արդիւնաւէտ միջոցներ ՝ միմիայն ներքաղաքական ռազմադաշտին: Որու գոյացումն ալ արդէն, մաս կը կազմէ սոյն քաղաքական զգլխիչ հմտութեան:

  5. Mher says:

    Նա մուրճը ձեռքին բոլոր տեսակի խոստումներ տվեց հայ ժողովրդին, որոնք գիտի, որ չի կարող կատարել միայն ընտրություններում հաղթելու համար: Սա այն ժողովրդավարությունն է, որի մասին երազում են բոլորը Հայաստանում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930