Սկիզբը՝ այստեղ:
Հայաստանում նախընտրական մուրճ ճոճեցին, իսկ Շուշիում Էրդողանն ու Ալիեւը պարելով՝ «գծեցին» իրենց ապագայի տեսլականը
Հաճախ է ակներեւ դառնում, որ օրվա իշխանությունները դիտավորյալ ինչ-ինչ թեմաներ են նետում բանավեճի հրապարակ, որպեսզի ներքաղաքական կյանքում քննարկումներ ծավալեն, սակայն դրա իրական նպատակը Հայաստանի համար առավել վճռորոշ խնդիրներից հասարակությանը շեղելն է:
Հայաստանյան նախընտրական պայքարի վերջին թեժ օրերը համընկան թուրք-ադրբեջանական տանդեմի համար մի իրադարձության հետ, որը փոխում է մեր տարածաշրջանում իրադրությունը: Ու ոչ միայն իշխանությունն, այլեւ գրեթե ողջ քաղաքական դաշտը իրեն դրսեւորեց ոչ համարժեք:
Կարդացեք նաև
Մինչ Հայաստանում ցածրորակ ընտրապայքարի վերջին թեժ օրերն էին, Փաշինյանը մուրճ ճոճելով ելույթներ էր ունենում իր «հանդիսատեսի» առջեւ, իսկ ընդդիմադիրները, ընկած Փաշինյանի թակարդը, մեծ հաճույքով քաղաքական բովանդակությունից զուրկ ելույթներով ու լեզվակռվով էին զբաղված, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները Շուշիում պարեցին ու «գծեցին»՝ «եղբայրական» երկու երկրների ապագան:
Բացառությամբ Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարությունների տարածած հայտարարությունների՝ իշխանություններն ու ընդդիմադիր ուժերը հարկ էլ չհամարեցին անդրադառնալ Էրդողանի այցին՝ Ադրբեջան, եւ մասնավորապես՝ Շուշիում տեղի ունեցած իրադարձություններին:
Այսպես, Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ պաշտոնական այցով ժամանեց Ադրբեջան: Բաքվից Էրդողանը տիկնոջ հետ ուղեւորվեց Ֆիզուլի, որտեղ էլ նրանց դիմավորեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ տիկնոջ հետ: Այնուհետ նրանք Ֆիզուլիից միասին մեկնեցին Շուշի: Էրդողան-Ալիեւ հանդիպմանը հաջորդեցին քննարկումները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները Շուշիի հռչակագրի ստորագրմամբ ի ցույց դրեցին տարածաշրջանային իրենց հավակնությունները: Էրդողանի ուղերձները բավական ուշագրավ էին, նա այս անգամ չմոռացավ նաեւ Ռուսաստանին:
«Մենք ցանկանում ենք, որ «Վեցյակի հարթակը» (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան) տարածաշրջանը դարձնի խաղաղ համակեցության վայր։ Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Ղարաբաղն ու Ադրբեջանն այլեւս նման ողբերգություն չվերապրեն»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Շուշիում նշեց Էրդողանը։ Այնուհետեւ նա հավելեց. «Տարածաշրջանում խաղաղության հաստատման համար նման ջանքեր պատրաստ է գործադրել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»:
Թուրքիայի նախագահը համոզմունք հայտնեց, թե Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը վճռական են Լեռնային Ղարաբաղը բարգավաճող տարածաշրջան ստեղծելու հարցում: Ինչ վերաբերում է Շուշիի հռչակագրին, ապա այս հարցով ծավալվեց Ալիեւը: «Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային եւ երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը եւ Թուրքիան, այլ նաեւ գործնական գործողություններ ենք իրականացնում»: Ըստ Ալիեւի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ. «Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին»: Այս հռչակագիրը, ըստ Ալիեւի, էլ ավելի բարձր մակարդակի վրա է դնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները: Ի դեպ, Ալիեւը նաեւ հավելել է, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջեւ պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները:
Այսպիսով, թուրք-ադրբեջանական տանդեմը Շուշիում ազդարարեց՝ «բացվել են նոր դարաշրջանի դռները, թշնամությունը կփոխարինվի խաղաղությամբ»: Ավելին՝ Էրդողանը Շուշիում խոսեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների թեմայով: Շուշիում Էրդողանի ու Ալիեւի համատեղ մամուլի ասուլիսն անցկացվեց, որի ընթացքում Թուրքիայի ղեկավարը նշեց, որ Շուշիի ճանապարհին տեսել են այն մեծածավալ աշխատանքները, որոնք կատարվում են Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ՝ նշելով, որ կառուցվում են ՀԷԿ-եր, ճանապարհներ, էլեկտրաէներգիայի ապահովման համար հոսանքագծեր, ջրատարներ, Ֆիզուլիի օդանավակայանը, ապա հավաստիացրեց, որ Թուրքիան շարունակելու է Ադրբեջանին ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել։ Ի դեպ, նշվեց, որ Ղարաբաղում գործունեություն կծավալի Թուրքիայի կառավարությանը կից բնակարանաշինության հարցերով զբաղվող վարչությունը։
«Մենք շատ կարեւոր ենք համարում Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական նախագիծը եւ աջակցում ենք դրան»,- նկատել է Էրդողանը՝ հավելելով. «Այս նախագծի իրականացումը նոր ընդհանուր միջանցք կբացի Արեւելքից դեպի Արեւմուտք, որից կկարողանան օգտվել բոլորը»:
Էրդողանը տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր կողմերին կոչ է արել տեսնել իրողությունները, ընդունել Ադրբեջանի հաղթանակը եւ նայել դեպի ապագան։ Ըստ նրա՝ հրադադարի պայմանագրից հետո բոլոր կողմերի համար նոր հնարավորություններ են ծագել տարածաշրջանային համագործակցության հարցում։ Այս համատեքստում Էրդողանը նկատել է. «Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններն ուղղորդել դեպի ավելի խորը համագործակցության հուն։ Մեր ցանկությունն է, որ Հայաստանը սեղմի իրեն մեկնված բարի կամքի եւ համերաշխության ձեռքը։ Հույս ունենք, որ Հայաստանը ճիշտ կօգտագործի ապագան համատեղ կառուցելու այս հնարավորությունը»։ Էրդողանը խոսել է «վեցյակի կովկասյան պլատֆորմի մասին՝ նշելով, որ դա պատմական հնարավորություն է տարածաշրջանում խաղաղ կյանք ստեղծելու համար։ Այդ նպատակի իրագործման համար նա նշել է, թե ինքը եւ «իր եղբայր Ալիեւը» պատրաստ են ամեն զոհողության, եւ վստահեցրել է, թե նույն զոհողությանը պատրաստ է նաեւ ՌԴ նախագահ Պուտինը։
Տարածաշրջանում նոր ստատուս-քվոյին աջակցող բոլոր կողմերին Էրդողանը կոչ է արել հրաժարվել ատելություն հրահրելու քաղաքականությունից եւ խրախուսել խաղաղ համագործակցությունը. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ երբ նման մթնոլորտ ձեւավորվի, մենք եւս պատրաստ կլինենք անել մեզնից կախված ամեն բան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հավատում ենք, որ այս հուսադրող գործընթացն ավելի առողջ եւ արդյունավետ կընթանա, եթե Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած հրադադարի պայմանագիրը պսակվի համապարփակ եւ տեսլական ունեցող հաշտության պայմանագրով»։
Այսպես, Էրդողանն ու Ալիեւը Շուշիի հռչակագրով երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների որակական նոր մակարդակ ազդարարեցին: Ըստ ամենայնի, նրանք դրա ճանապարհին քաղաքական եւ իրավական նոր դաշտ են ստեղծել: Ադրբեջանում արդեն անհերքելի է Թուրքիայի բացահայտ ռազմաքաղաքական ներկայությունը: Թեեւ թուրք-ադրբեջանական տանդեմն առայժմ հանդուրժում է ռուս խաղաղապահներին, պարզ է, որ հարմար պահի նրանք բանակցությունների թեմա են դարձնելու ռուս խաղաղապահների՝ մնալ-չմնալու հարցը:
Ինչեւէ, Հայաստանում հունիսի 20-ի քվեարկությունից առաջ մնում է ընդամենը մեկ անհերքելի փաստ արձանագրել. բացառությամբ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրապայքարի մեջ մտած որեւէ քաղաքական ուժ ու գործիչ չի պատկերացնում ու գիտակցում Հայաստանի անելանելի վիճակն իր ողջ խորությամբ: Որեւէ մեկն այդպես էլ չբացատրեց, ինչպես է ապահովելու Հայաստանի անվտանգությունը, ինչպես է փորձելու պահպանել հայկական մնացած Արցախի փոքրիկ հատվածը, առհասարակ, ոչ ոք չպարզաբանեց, թե իր պատկերացմամբ՝ ո՞ւր է շարժվելու Հայաստանը եւ ինչպես:
Անհերքելի, ակնառու փաստ է՝ բոլորին, բացի Լ. Տեր-Պետրոսյանից, անհրաժեշտ է ընդամենը ԱԺ-ում ներկայություն ապահովել, բոլորին Հայաստանի կործանման վտանգից հինգ պակաս՝ պատել է իշխանատենչությունը: Միայն Տեր-Պետրոսյանն է մտել ընտրապայքար, որպեսզի հնարավորություն ունենա բացատրելու քաղաքական ուժերին, հասարակությանը, թե ինչ ծանր ու բարդ դրության մեջ է հայտնվել Հայաստանը:
Վերջերս մոդայիկ էր դարձել, երբ քաղաքական ուժերի ներկայացուցիչները իշխանությանը քննադատելիս, իրենց փորձելով զատել իշխանությունից, մեղադրում էին, թե իշխանության հենարանը «ժեխն» է: Հայաստանում, եթե որոշ քաղաքական գործիչների, փորձագետների եւ համացանցային մտածողների պատկերացմամբ կա մի ընտրազանգված, որին նրանք «ժեխ» են անվանում, նրանք բոլորը պետք է գիտակցեն ու խոստովանեն, որ հենց մեր «քաղաքական դաշտ» կոչվածն է այդ «ընտրազանգվածին» ստեղծել ու այսօր էլ շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի այդ «ընտրազանգվածը» իրատես, խոհեմ հասարակություն չդառնա, որովհետեւ, եթե այդպիսին դառնա՝ այդ «քաղաքական» ուժերը, գործիչները, փորձագետները, համացանցային մեկնաբաններն անելիք պարզապես չեն ունենա՝ հանդիսատես չեն ունենա:
Հետպատերազմյան Հայաստանում ծավալված նախընտրական ընտրապայքարն իր ողջ թշվառությամբ ապացուցեց, թե որքան անհամարժեք են հայաստանյան քաղաքական ուժերը, որքան հեռու են նրանք Հայաստան պետությունից, պետականության ու ազգային շահի գիտակցումից:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.06.2021