«Առավոտ»-ի զրուցակիցն է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Լեւոն Քոչարյանը
-«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում դուք 50-րդ տեղում եք, ինչը բավական անսպասելի էր: Համենայնդեպս, վերջին շրջանի Ձեր հրապարակային գործունեությունը հուշում էր, որ առավել «բարեհաջող» տեղ պետք է զբաղեցնեիք ցուցակում: Դուք իսկապե՞ս ուզում եք պատգամավոր դառնալ, թե՞ ցուցակում Ձեր ներկայությունը լեգիտիմացնում է Ձեր մուտքը քաղաքական դաշտ:
-Եթե մի քանի տարի առաջ ինձ մեկն ասեր, որ ես հնարավոր է ընդգրկված լինեմ որևէ նախընտրական ցուցակում՝ դա կընկալեի հումորով: Սակայն վերջին տարիների իրադարձությունների ընթացքը բերեցին նրան, որ այժմ հեռու մնալը սխալ կլիներ: Նպատակն, իհարկե, պարզապես պատգամավորի մանդատ ունենալը չէ, այլ ամեն գնով մեր երկրում իրական փոփոխություն բերելն է, որն ունակ է անել մեր թիմը: Իսկ 50-րդ տեղը համարում եմ բավական բարեհաջող, հաշվի առնելով նաև «Հայաստան» դաշինքի օրեցօր աճող վարկանիշը:
-Ո՞ր ոլորտում եք Ձեզ տեսնում: Այս տարիների ընթացքում Դուք կարծես միայն սպորտով հայտնի դարձաք:
Կարդացեք նաև
-Սպորտն ինձ համար ապրելակերպ է, իսկ առողջ ապրելակերպի քարոզը նաև սոցիալական պատասխանատվություն եմ համարում, որն էլ անում եմ արդեն երկար տարիներ:
Վերջին տարիներին բախվելով անարդարության այն հսկա ծավալին, որին ականատես եղան բոլորը, զգում եմ նաև պատասխանատվություն՝ հետագայում թույլ չտալու և կանխարգելելու հնարավոր անարդարության ցանկացած դրսևորում, անկախ նրանից, թե, ո՞ր կողմից է այն: Այստեղ բոլորս պետք է հետևություն անենք նախկին սխալներից և բացթողումներից: Մենք դա արել ենք:
– «Հայաստան» դաշինքի ցուցակում շատ հանրային ճանաչելիություն, կենսագրություն չունեցող մարդիկ կան ընդգրկված. բացատրություն ունե՞ք՝ ու՞մ եւ ի՞նչ արժանիքի համար են ընդգրկել մի ուժի նախընտրական ցուցակ, որը գալիս է կրելու:
-Կարծում եմ, որ ցուցակից շատերն ունեն, թե հանրային ճանաչում, թե կենսագրություն: Յուրաքանչյուր մեր թիմակցի բնականաբար չեմ կարող առանձին անդրադառնալ, բայց կարծում եմ, որ քարոզարշավի ընթացքում մեր հանրությունը հնարավորություն ունեցավ ճանաչելու նաև մեր թիմի քիչ հայտնի անդամներին: Կրելուց հետո գալու է քրտնաջան աշխատելու ժամանակը և ես ունեմ այն վստահությունը, որ մեր թիմն արժանապատվորեն կիրականացնի մեր ծրագրերը:
-Ի դեպ, եթե ճիշտ եմ հիշում, 2018-ի հեղափոխության օրերին տեսախցիկները Ձեզ ֆիքսել էին ԱԳՆ շենքի մոտ ընթացող ցույցի ժամանակ: Դուք Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջողների մեջ էիք: Այն ժամանակ դա մի տեսակ աննկատ անցավ, հիմա ի՞նչ կասեք, մանավանդ, որ քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ հեղափոխությամբ Նիկոլ Փաշինյանը ճանապարհ բացեց Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու համար:
-Նման սուտ լուր իսկապես տարածվել էր 2018-ի ապրիլին դեղին մամուլի համբավ ունեցող կայքի միջոցով: Իրականությունն այն է, որ ինչպես բոլորն այդ օրերին, այնպես էլ ես, միայն քայլելով էինք տեղաշարժվում քաղաքի կենտրոնում, և ինձ փողոցում՝ կապի նախարարության շենքի մոտ նկարեցին, երբ ես աշխատանքից վերադառնում էի տուն: Ես ոչ մի ցույցի չեմ մասնակցել այդ օրերին և որևէ կերպ չեմ աջակցել այդ ամենին: Գոնե ինձ համար պարզ էր, թե ի՞նչ ստախոս և անարժան մարդ է իշխանության եկողը: Մնացած ենթադրությունները որոշ մարդկանց իռացիոնալ երևակայության արդյունք են:
-Նոյեմբերի 9-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ ձեւավորվեց 17-ի դաշինքը, շատերը ակնկալում էին, որ ինչ-որ մի պահի նախագահ Քոչարյանը կմիանա դաշինքին, ինչի արդյունքում իշխանության վրա ճնշումը կմեծանա եւ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի հեռանալ: Դա չեղավ: Ավելին, քաղաքական կուլիսներում խոսակցություններ կային, որ Ռոբերտ Քոչարյանը միտումնավոր չմիացավ դաշինքին եւ միտումնավոր վիժեցվեց 17-ի գործունեությունը: Բացատրություններ ունե՞ք:
-Կար 17-ի ձևաչափը, որին նաև բացահայտ աջակցություն էր հայտնել հայրս: Գրեթե բոլոր հավաքներին և երթերին ես ինքս մեր համախոհների հետ միասին մասնակցել եմ, որպես սովորական քաղաքացի: Ես գիտեմ, որ կար նման սպասում, բայց դա կփոխեր արդեն գործող ձևաչափը, որն այն ժամանակ նպատակահարմար չէր: Սա է իրականությանը, իսկ մնացած խոսակցությունները տրամաբանությունից զուրկ են և կեղծ:
-Այժմ ՀՀ սահմաններն են վտանգված, ադրբեջանցիներն անարգել մտնում են մեր տարածք, նաեւ գերեւարվածներ ունենք, բայց քաղաքական ուժերը շռնդալից պատրաստվում են ընտրությունների, ոչ պաշտոնական քարոզարշավն էլ մեկնարկել է: Ներհայաստանյան զարգացումները համարժե՞ք են մեր արտաքին մարտահրավերներին:
-Դուք իրավացիորեն նշում եք այս խայտառակությունը, որի մեղավորն ապիկար իշխանությունն է իր ղեկավարով: Ինչպես դեռևս նոյեմբերին, այնպես էլ հիմա, գտնում ենք, որ այս իրավիճակի ճիշտ հանգուցալուծումը պետք է լիներ ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը կձևավորեր համերաշխության մթնոլորտ և հետագայում՝ առանց հավակնելու իշխանության, կկազմակերպեր արտահերթ ընտրություններ: Սակայն գործող իշխանությունն ամեն գնով կառչելով աթոռից՝ գնաց այս ճանապարհով: Ընտրարշավն ունի իր տրամաբանությունը, և, եթե ուզում ենք դիմակայել մեր երկրի առջև կանգնած մարտահրավերներին, ապա պետք է գրագետ և ճիշտ ընտրարշավի միջոցով կրենք և լծվենք մեր երկիրը ոտքի կանգնեցնելու գործին:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ