Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոխլինը բացահայտում է. Ինչպե՞ս էր 90-ականներին զենք գալիս Հայաստան

Հունիս 13,2021 23:21

Հունիսի սկզբին Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտը (SIPRI) հրապարակել էր մի զեկույց, որում 2011-2020թթ. ընթացքում Հայաստանն ամենաշատ սպառազինությունը գնել է 2018թ-ից հետո: Դրանից հետո քաղաքական և փորձագիտական շրջանակներում կարծիքներ հնչեցին, որ միշտ չէ, որ մատակարարվող սպառազինությունը փաստաթղթավորվել է:

Այս համատեքստում «Առավոտը» հարկ է համարում հիշեցնել մի հատված Ռուսաստանի Գլխավոր շտաբի պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Բարանեցի «Գլխավոր շտաբ՝ առանց գաղտնիքների» (1999թ.) գրքից, որում բացահայտվում է ռուսական բանակում հետխորհրդային ելցինյան տարիներին տիրող կոռուպցիան: Ուշագրավ է գրքի «Գեներալ Ռոխլինը բացահայտում է» բաժինը, որում հեղինակը պատմում է, թե ինչպես էր հետխորհրդային տարիներին Ռուսաստանն անօրինական կերպով սպառազինություն մատակարարում Հայաստանին: Գրքի այդ բաժնից որոշ հատվածներ թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

Չնայած ադրբեջանական իշխանությունները և նրանց հատուկ ծառայությունները բազմիցս հայտնել էին Մոսկվային դեպի Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարումների աճող քանակության կապակցությամբ իրենց մտահոգությունները, Ռուսաստանի բարձրագույն պետական և ռազմական ղեկավարությունը դրան վերաբերվում էին զարմանալի անտարբերությամբ (այո, գուցե այլ կերպ չէր էլ կարող լինել, եթե, դատելով Գլխավոր շտաբի դիրեկտիվներից, ամեն ինչ արվում էր կառավարության և նրա ղեկավարի հովանավորչությամբ):

Եվ շատ հնարավոր է, որ այդ վիճակը պահպանվեր մինչ օրս, եթե իրենց տեղերում մնային վարչապետ Վիկտոր Չեռնոմորդինը, պաշտպանության նախարար Պավել Գրաչովը, և գլխավոր շտաբի պետ Միխայիլ Կոլեսնիկովը: Բայց ամեն ինչ փչացրեց ռուս ազնիվ գեներալ Լև Ռոխլինը:

Երբ ադրբեջանցիները հերթական անգամ Մոսկվային տեղեկացրին Հայաստանին գաղտնի զենքի-զինամթերքի գաղտնի մատակարարումների վերաբերյալ իրենց մոտ եղած տվյալների մասին, դրան Կառավարության տանը և Կրեմլում արձագանքեցին ինչպես նախկինում, ինչպես «ադրբեջանական սադրանքի»:

Ադրբեջանական փաստաթղթերի պատճենները հայտնվեցին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում և Պետդումայի՝ պաշտպանության հանձնաժողովում: Դրանց առաջին իսկ ստուգումը ցույց տվել, որ դա «ստոր ապատեղեկատվություն» չէ:

Դումայի՝ պաշտպանության հանձնաժողովի նախագահ գեներալ Լև Ռոխլինը ՊՆ և ԳՇ մի խումբ սպաների հետ եղավ Կովկասում: Այդ հանձնաժողովը, որն աշխատում էր Անդրկովկասում ռուսական զորքերի խմբում և Հյուսիսկովկասյան ռազմական շրջանում, ապացուցված փաստերի և վկաների ցուցմունքների հիման վրա առաջին իսկ օրը պարզեց, որ ռուսական ամենամեծ տրանսպորտային օդանավի՝ «Ռուսլանի» 19-րդ չվերթով Ախտուբինսկից Երևան է փոխադրվել 50 տանկ:

Գործին անմիջապես միացավ Գլխավոր ռազմական դատախազությունը: Ռոխլինի հանձնաժողովը ստուգման արդյունքում կազմեց արձանագրություն՝ «գաղտնի» գրիֆով:

Ահա մի փոքրիկ հատված այդ փաստաթղթից, որը պատկերացում է տալիս Կովկասում մեր մաֆիայի հանցագործությունների հսկայական ծավալների մասին: Գեներալները զենքի առուծախ էին անում՝ չնայելով ո՛չ ՊՆ-ին, ո՛չ ԳՇ-ին: Բայց ակնթարթորեն ամեն ինչ կոծկում էին՝ վերացնելով փաստաթղթերը: Արձանագրության մեջ ասվում է.

«Քրտնաջան փաստաթղթային ռևիզիան ցույց տվեց, որ 1992-1994թթ. տեղի է ունեցել Զորքերի խմբի կազմից ռազմական տեխնիկայի և սպառազինության՝ Անդրկովկասի հանրապետություն փոխանցման փաստեր՝ առանց դիրեկտիվային ցուցումների համապատասխանության.

Հրթիռա-հրետանային սպառազինություն- ավելի քան 9.5 հազար միավոր,

Մոտ 600 վագոն զինամթերք,

72 միավոր զրահատանկային սպառազինություն և տեխնիկա»:

Գեներալ Ռոխլինը զգուշանում էր, որ Գլխավոր ռազմական դարախազության՝ ՊՆ-ից և ԳՇ-ից գերատեսչական կախվածությունը կարող էր խանգարել գործի օբյեկտիվ և լիարժեք քննությանը, որում ներգրավված էին այդ գերատեսչությունների նախկին առաջին դեմքեր, Անդրկովկասում ռուսական զորախմբի հրամանատարությունը: Եվ այդ պատճառով շարունակում էր տեղեկություն հավաքել՝ օգտագործելով իր «հավելյալ» աղբյուրները:

Ռոխլինին հաջողվեց պարզել, որ Գյումրու ռուսական ռազմաբազայից 25 Տ-72 տանկ 13 անուն պահեստամասերով փոխանցվել է հայկական կողմին (ԳՇ պետի՝ 29.09.94թ. 3316/3/0182 հրամանով): Նույն տարվա հոկտեմբերին Հայաստան պահեստամասեր են տեղափոխել Կուբինկի օդանավակայանից երեք չվերթով և Պենզայի օդանավակայանից՝ մեկ չվերթով:

1997թ. ապրիլի 2-ին գեներալ Լև Ռոխլինը Պետդումայի փակ նիստին հանդես եկավ «արմյանգեյթի» գործով սենսացիոն բացահայտումներով.

«Սպառազինության մատակարարման հարցում տարվող ընտրողական քաղաքականությունն Անդրկովկասի երկրների նկատմամբ նախադրյալներ է ստեղծում Կովկասում նոր պատերազմական իրավիճակի և դրանում Ռուսաստանի ներքաշման համար: Արհեստականորեն ստեղծելով սպառազինության գերակայություն մի պետության նկատմամբ, Ռուսաստանի որոշակի քաղաքական ուժեր դրանով նրանց հրահրում են հարցերը լուծել ռազմական ճանապարհով՝ օգտագործելով ստացած գերակայությունը:  Բայց և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը դուրս են եկել մեկ պետությունից՝ Խորհրդային Միությունից: Եվ այդ երկրներից յուրաքանչուրում ապրում են ընկերներ, մերձավորներ, հարազատներ…»

Ռոխլինը պնդում էր, որ մատակարարումն իրականացվում է առանց միջպետական պայմանագրի, որը հանգեցնում է օրենքի կոպտագույն խախտումների:

Հայաստան ուղարկվող հսկայական քանակության զենքն ու զինամթերքը պահանջում էին հզոր փոխադրամիջոցներ: Բայց այդ գործարքներն իրականացնողների համար դա խնդիր չէր: «Մարտադաշտ» էին նետվում ռազմատրանսպորտային օդանավեր, երկաթուղային էշելոններ, ռազմանավեր:

Դեռ այն ժամանակ, երբ գեներալ Ռոխլինը և նրա օգնականները նոր էին սկսել զբաղվել «արմյանգեյթով», Մոզդոկում զինամթերքի պահեստների ստուգումը ցույց էր տվել, որ 1992թ.օգոստոսից 1994թ. հունվար Իլ-76-ի 66 չվերթով և Ան-12-ի  2 չվերթով Մոզդոկի օդանավակայանից Երևան է տեղափոխվել մոտ 1300 տոննա զինամթերք:

Շուտով քննությունը պարզեց, որ նույն պահեստներից 1994թ. փետրվար-հունիս ամիսներին Նովոռոսիյսկով և Բաթումով երկու չվերթով Հայաստան է տեղափոխվել զինամթերքի հսկայական խմբաքանակ:

1995թ. նոյեմբերի 8-28-ը և 1996թ. հունիսի 28-ից օգոստոսի 6-ը «Ժասմին» օդանավակայանից Զվարթնոց է տեղափոխվել 50 Տ-72 տանկ՝ իր պահեստամասերով, 36 Դ-30 հաուբից, 18 Դ-20 հաուբից, 18 Դ-1 հաուբից, 18 «Գրադ» համազարկային կրակի համակարգ, 40 «Իգլա» զենիթահրթիռային համալիր և դրա 200 հրթիռ, 12600 հրետանային արկ (1440-ը նախատեսված «Գրադ»-ի համար): Հայաստանում տեխնիկան, սպառազինությունն ու ռազմամթերքի ընդունումը ղեկավարում էր գեներալ-մայոր Ա. Ստեփանյանը՝ Հայաստանի պաշտպանության նախարարի արտաքին ռազմական հարցերով նախկին տեղակալը:

Տեխնիկայի և զինամթերքի համար վճարում էր հայկական կողմը: Միայն մեկ խմբաքանակի համար Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Մ. Իսախյանը վճարել է մոտ 632 606 333 ռուբլի՝ դոլարով:

Հայերը գումարի հետ խնդիր չունեին: Օրինակ, երբ Վոլգոգրադի օդանավակայաններից մեկի պետը հրաժարվում էր ուղարկել բեռը Երևան, Հայաստանի ներկայացուցիչներն անմիջապես Վոլգոգրադի կոմերցիոն կառույցներից գնեցին 2740 տոննա ավիացիոն վառելիք:

Արդեն 1997թ. գարնանը Ռոխլինի տրամադրության տակ կար տեղեկություն, որը հետո հաստատվեց ռազմական դատախազության կողմից. Հայաստան սպառազինության մատակարարումը մեծ մասամբ իրականացվում էր կոմերցիոն գործարքների ձևով:

Ըստ Ռոխլինի՝ 1997թ. ապրիլի դրությամբ հաշվարկների՝ Ռուսաստանի ֆինանսական վնասը կազմել է մոտ 1 մլրդ դոլար:

Հետո ոմանք մամուլը հեղեղեցին տեղեկությամբ, թե Հայաստանին մատակարարվող ռազմատեխնիկան «հին է և ժանգոտած»: Այդ հնարքն ակնհայտորեն ուղղված էր «արմյանգեյթի» շուրջ իրարանցումը հանդարտեցնելուն: Այնուամենայնիվ, այդտեղ ճշմարտություն կար: Քանի որ, օրինակ, Վրաստանից Հայաստան մատակարարվող տեխնիկան մեծ մասամբ մաշված էր:

Բայց կային նաև այլ փաստեր: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ Հայաստան տեխնիկա ուղարկվել է հենց Օմսկի ռազմական գործարանից: Քրեական գործի միայն մեկ դրվագից կարելի էր դատել, թե ինչ գումարներ էին այդ ընթացքում պտտվում. Հայաստանի պաշտպանության նախարարը կարող էր առձեռն վճարել ռուս գործընկերներին դոլարով: Իսկ այդպիսի դրվագրերը մի եզրափակիչ չեն:

Դեռ 1993թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարար (Վազգեն-ՎԱ.) Սարգսյանը ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովին նամակ էր հղել, որում մասնավորապես ասում էր . «Հարգելի Պավել Սերգեևիչ, հաշվի առնելով առաջ եկած դժվարությունները… խնդրում եմ աջակցել պահեստամասերի գնման հարցում… Վճարումը երաշխավորում եմ»:

Սարգսյանի նամակից երկու օր անց եղավ Գրաչովի մակագրությունը. «Թույլատրում եմ վաճառել սահմանված կարգով»: Գրաչովին ուղղված Սարգսյանի նամակի պատճենը հայտնվել է Դումայի պաշտպանության հանձնաժողովի տրամադրության տակ: Հենց այդ փաստաթղթի հիման վրա Ռոխլինը մամուլի ասուլիսի ժամանակ պնդում էր, որ դա ակնհայտ վկայություն է այն մասին, որ Ռուսաստանի ՊՆ-ն ներքաշված է եղել Հայաստան զրահատեխնիկայի մատակարարումների մեջ: Սակայն այն ժամանակ նախագահին կից Գլխավոր վերահսկողության վարչության պետ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես հայտարարում էր.

«Մեր անցկացրած ստուգումների արդյունքում չեն գտնվել այնպիսի փաստաթղթեր, որոնք կվկայեին, որ Գրաչովը ուղիղ ցուցումներ, կարգադրություններ է տվել այդ հարցում… »:

Այդ դեպքում ի՞նչ էր նրա մակագրությունը Սարգսյանի նամակին:

Առաջ են գալիս նաև այլ հարցեր: Օրինակ, ի՞նչ հիմքով էր Գրաչովն իր վրա պատասխանատվություն վերցրել Հայաստանին վաճառել պահեստամասեր և ռազմատեխնիկա «սահմանված կարգով» այն դեպքում, երբ արդեն կար նախագահական հրամանը, որով արգելվում էր Ռուսաստանի ՊՆ-ին զբաղվել զենքի և տեխնիկայի վաճառքով հայ-ադրբեջանական հակամարտության գոտում: Տպավորություն է ստեղծվում, որ ռուսական բարձրագույն գեներալիտետը իրականացնում էր «հայկական գործարքներ»՝ փորձելով ավելորդ խնդիրներ չստեղծել նախագահի և կառավարության համար՝ ամեն ինչ վերցնելով իրենց վրա:

Այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև մի քանի այլ պահերի վրա: Դեռ 1996թ. աշնանը Ելցինը կարգադրել էր, որ Գլխավոր վերահսկողության վարչությունը հետևի, թե ինչպես է ընթանում ՊՆ-ի և ԳՇ-ի միջոցով Հայաստան զենքի մատակարարումների ազդակների ստուգումը: Հայաստանին մատակարարումների փաստարկների առաջին ստուգումն ընթացավ մինչև 1996թ. վերջ: Որոշ բազային եզրակացություններ և փաստաթղթեր զեկուցվեցին նախագահին: Եվ այդտեղ սկսվեց տարօրինակ ընդմիջում, որը չգիտես ինչու ձգվեց մինչև 1997թ. աշուն, երբ արդեն նախագահի աշխատակազմի նոր ղեկավար Վալենտին Յումաշևը կարգադրեց լրացուցիչ ստուգում անցկացնել: Եվ դա անցկացվեց: Նոր ստուգման արդյունքները կրկին զեկուցեցին Ելցինին: ՎԵեջինս կարգադրեց գլխավոր դատախազությանը զբաղվել հարցով: Գլխավոր դատախազությունը զեկույց խնդրեց Գլխավոր ռազմական դատախազությունից, որտեղ արդեն համեստ ուժերով ֆիլտրել էին բազմաթիվ նյութեր, և կատարվել էին առաջին հստակ եզրակացությունները: Կրեմլը մասամբ օգտագործեց դրանք՝ Բաքվի հարցումներին պատասխանելու համար:

Քրեական գործի քննությունը ցույց տվեց, որ Հայաստանին մատակարարումների վերաբերյալ եղած փաստաթղթերի մեծ մասը գտնվում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմում: Սակայն 1997թ. սեպտեմբերին գաղտնի գործավարության բաժնի արձանագրությամբ դրանք վերացվել են: Եվ այնուամենայնիվ, քննիչներին հաջողվել է այնտեղ մի շատ կարևոր բան հայտնաբերել: Օրինակ, մի փաստաթղթի կրկնօրինակ, ըստ որի 1994թ. Ռուսաստանի ԳՇ դիրեկտիվով Հայաստանին է փոխանցվել 25 Տ-72 տանկ:

Միանգամայն տարօրինակ է թվում ռուս-ադրբեջանական հատուկ ծառայությունների գործողությունների սինխրոնացումը: Այն զարմանալիորեն համընկավ հայկական ՝գործով քննության մեկնարկի հետ: Մինչև 1997թ. ձմեռը պաշտոնական Բաքուն բազմից դիմել էր Մոսկվային՝ խնդրելով իրենց հանձնել Ռուսաստանում քաղաքական ապաստան գտած գնդապետ Սուրեթ Հուսեյնովին, որը մեղադրվում էր պետական հեղաշրջման փորձի մեջ:

Այդ խնդրանքները Մոսկվան երկար ժամանակ անտեսում էր: Բայց հենց աղմուկ բարձրացավ Հայաստանին ռուսական զենքի անօրինական մատակարարումների հարցով, Տուլայում խաղաղ ապրող քաղաքական փախստական Հուսեյնովը ձերբակալվեց և փոխանցվեց Ադրբեջանին:

Ստանալով Հուսեյնովին՝ Ադրբեջանի իշխանությունները, այնուամենայնիվ, բավարարված չէին «արմյանգեյթի» քննությամբ: Բաքուն Կրեմլից ակնկալում էր պատժել կոնկրետ մեղավորներին: Դրան հետևեց համեստ «զոհողություն. ի ուրախություն ադրբեջանցիների՝ հեռացվեց գեներալ Ռեուտը:

Հետո եկավ ԳՇ նախկին պետ Միխայիլ Կոլեսնիկովի ցուցմունք տալու ժամանակը: Իսկ երբ լրագրողներից մեկը զանգահարեց Կոլեսնիկովին և հանդիպում խնդրեց, նա հայտարարեց, որ «խոսելու բան չկա» և անջատեց հեռախոսը: Մինչդեռ երբ սկանդալը նոր էր սկսվել, գեներալը հրապարակային հայտարարում էր, որ պատրաստ է բացատրել ցանկացած բան: Իմանալով Միխայիլ Պետրովիչի լեգենդար զգուշավորությունը՝ կարելի է չկասկածել, որ դա բլեֆ էր: Նա «պատրաստ» էր, բայց ո՞վ նրան կթողներ:

Առայժմ հայտնի է միայն, որ Կոլեսնիկովն այդպիսի տհաճ գործընթացներին պատրաստվել էր հիմնավոր կերպով: Նա «արմյանգեյթի» առանցքային ֆիգուրների մեկն է: Բայց ոչ մի պարագայում չի «ծակվի», անգամ չնայած նրան, որ ստորագրել էր դիրեկտիվներ՝ վկայակոչելով կառավարության ղեկավարին: Մինչդեռ հարցաքննության ժամանակ առավելագույն անկեղծ լինելու համար անհրաժեշտ էր մատնել Չերնոմիրդինին, Գրաչովին և հնարավոր է՝ անգամ Ելցինին:

Մինչդեռ Գրաչովը իրեն բավականին վստահ էր պահում հարցաքննության ժամանակ: Անգամ որոշ քննիչներ համակրանքով էին լցվել նրա նկատմամբ.

Ռոխլինը պնդում էր. «Պաշտպանության նախարարությունում որևէ քայլ չէր կարող արվել առանց նախարար Գրաչովի իմացության: Առանց նրա իմացության որևէ բան իրեն թույլ չէր տա անել ԳՇ պետ Կոլեսնիկովը: Ամբողջ հարցն այն էր՝ ով կարող էր Գրաչովին հրաման տալ այդպիսի մատակարարումներ իրականացնել»:

Բայց կա նաև այլ առեղծված. անգամ Գրաչովի հեռացումից հետո 1996թ. այդպիսի մատակարարումները շարունակվում էին գաղտնի ռազմական գերատեսչության նոր ղեկավար Իգոր Ռոդինովի կողմից: Այդ տեղեկությունը հաստատել են նաև Ադրբեջանի հատուկ ծառայությունները:

Ըստ Ռոխլինի՝ հաշվի առնելով Կոլեսնիկովի զգուշավորությունը՝ կասկած չկա, որ եթե նա կարգադրել է շարունակել Հայաստան սպառազինության մատակարարումները՝ շրջանցելով Ռոդինովին, ապա առաջադրանքը ստացել է ավելի բարձր ղեկավարությունից: Այդպիսի ղեկավար կարող էր լինել երկու մարդ՝ վարչապետ Չերնոմիրդինը կամ գերագույն գլխավոր հրամանատար Ելցինը:

Գրեթե նույն կարծիքին էր ՌԴ Պաշտպանության խորհրդի աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Կլիմենկոն. «Չի կարող պատահել, որ տանկերն ինքնուրույն մի պետությունից գնան մյուսը: Սկզբունքորեն նման բան չի կարող լինել, եթե չկա  երկրի գերագույն քաղաքական ղեկավարության հրահանգ: Նման բոլոր հարցերն անցնում են մի քանի փուլ: Օրինակ, դուք կարող եք հիշել, որ նախագահը որոշ ժամանակ հիվանդ էր և նրա պարտականությունները կատարում էր վարչապետը: Արդյո՞ք նախագահը տեղյակ էր:

* * *

Վերջերս հայտնի դարձավ, որ«անհասկանալի ուղղությամբ» անհետացել են կառավարության և գլխավոր շտաբի որոշ փաստաթղթեր, որոնց հիման վրա կատարվել էին դեպի Հայաստան մատակարարումները: Ինչ-որ մեկն անգամ հաշվել էր նախագահի աշխատակազմի արխիվներում պահվող փաստաթղթերը:

Հետո թերթերից մեկում տպագրվեց միկրոսկոպիկ տառաչափով հավաքված մի հաղորդագրություն. գերագույն գլխավոր հրամանատարը պատժել է մեղավոր գեներալներին: Ընդ որում, որևէ անուն չէր հիշատակվում:

Իսկ Բաքվից շարունակում էին հնչել դժգոհության ձայներ. Հեյդար Ալիևի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Վաֆա Գուլուզադեն ասում էր. «Այն բանից հետո, երբ բացահայտվեցին փաստերը զենքի անօրինական մատակարարումների վերաբերյալ, սկանդալ առաջացավ, և Ռուսաստանը՝ հանձին նախագահի, հայտնեց, որ կստեղծվի համատեղ հանձնաժողով, որը կքննի այդ գործը և համապատասխան միջոցներ կձեռնարկի: Այդպիսի հանձնաժողով, չնայած որ զգալի ուշացումով, այնուամենայնիվ, ստեղծվեց, բայց այն այդպես էլ ոչինչ չարեց: Մինչ այժմ գեթ մեկ մեղավոր դատապարտված չէ»:

Գուլուզադեն մասամբ ճիշտ է: Հանձնաժողովի անդամները թեև շատ գործ են արել, բայց չկա դատապարտված անձ: Դժվար էլ լինի:

1999թ. ապրիլին ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի կուլուարներում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը մոտեցել է Ելցինին և հարցրել. «Բորիս Նիկոլաևիչ, ինչպե՞ս է ընթանում հայկական սպառազինության գործով քննությունը»: Ելցինը պատասխանել է. «Հեյդար, հասկանո՞ւմ ես, ես կարծում էի, որ ամեն ինչ արդեն մոռացված է: Ավելի լավ է ուրիշ բանից խոսենք»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930