Լրահոս
Օրվա լրահոսը

Անիծողների համար ապագա չկա

Հունիս 02,2021 10:00

Ամենացավալի բանը, որն այժմ ես տեսնում եմ ֆեյսբուքում եւ փողոցում, ոչ թե նիկոլականների եւ քոչարյանականների փոխադարձ մեղադրանքներն են ու վիրավորանքները. դա անցողիկ է: Մի՛ զարմացեք, բայց այդ երկու քաղաքական միավորների առաջնորդների առաքելությունը ես համարում եմ սպառված՝ թե՛ կոշտ ավտորիտարիզմը, որը, բնականաբար, ազդված էր հյուսիսային սառը քամիներից, թե՛ միանգամայն դրական նպատակներով իրականացված հեղափոխությունը, որը բերեց ներկայիս, ներողություն արտահայտությանս, բարդակին, այլեւս չեն կարող կանխորոշել մեր երկրի հետագա ընթացքը:

Ի դեպ, ՀՀ առաջին նախագահի առաջարկները, կարծում եմ, ուղղված էին նրան, որ դուրս հանի նախկին եւ ներկա 4 ղեկավարներին ասպարեզից եւ ճանապարհ բացի նոր, թարմ ուժերի համար: Այդպես չստացվեց, եւ Փաշինյանը կամ Քոչարյանը, հավանաբար, եւս մի 2-3 տարի կվայելեն իշխանությունը: Դրանից մեր պետության վիճակն, անշուշտ, է՛լ ավելի կվատթարանա, որովհետեւ անվստահությունը, պառակտումը, ատելությունը, որոնք, ըստ էության, այս երկու գործիչների եւ նրանց թիմերի քաղաքականության հիմքն են, որեւէ բնագավառում (բանակ, անվտանգություն, տնտեսություն) դրական արդյունքների չեն կարող բերել: 2-3 տարուց 4 ղեկավարների անմիջական մասնակցությունը քաղաքականությանը կդառնա աննշան, եւ, մասնավորապես, «նիկոլական» ու «քոչարյանական» հասկացությունները կանցնեն պատմության գիրկը:

Բայց ինձ մեկ այլ բան է անհանգստացնում՝ հիասթափությունը, ընկճվածությունը, ապագայի մասին իրական պատկերացումների, տեսլականի բացակայությունը, որը ես նկատում եմ ֆեյսբուքում, եւ որը կա նաեւ հասարակություն մեջ եւ, դա, անշուշտ, նպաստելու է արտագաղթին: Եթե հասարակ մարդիկ մոտենում են Փաշինյանին կամ Քոչարյանին եւ լացակումած ասում են՝ «մեռնեմ սրտիդ, թագավոր ջան, չթողես՝ էդ թուրքը գա» կամ «ցավդ տանեմ, թագավոր ջան, մեզ ազատիր էդ թուրքից», ապա դա դեռ չի նշանակում, որ այդ մարդիկ ինչ-որ հույսեր ունեն ապագայի նկատմամբ. ատելությունը, անեծքը, ընդհանրապես՝ ապակառուցողական կրքերը որեւէ երաշխիք չեն տալիս, որ դրանց կրողները ճամպրուկները չեն հավաքի եւ այս տարվա ընթացքում իրենց բախտը չեն փորձի Հայաստանի սահմաններից դուրս՝ այդ թվում նաեւ այն պատճառով, որ իրենց «թագավորը» թագավոր դարձավ:

Սակայն ընկճախտային տրամադրություններ ես զգում եմ նաեւ խելացի, զարգացած, կրթված, մտածող մարդկանց մոտ, որոնք եւ իմ հիմնական ընթերցողներն են: Նրանք էլ են այսօրվա ողբալի իրավիճակը տարածում ապագայի վրա: Բայց վստահեցնում եմ ձեզ, բարեկամներ, եթե դուք շարունակեք ապրել Հայաստանում, շարունակեք բարեխղճորեն անել ձեր գործը, ապա մեր երկիրը ապագա կունենա: Կարծում եմ, այս իրավիճակում մեր հիմնական խնդիրը պետք է լինի մարդկանց կրթելը, լուսավորելը՝ այդ բառի լայն իմաստով: Պարտադիր չէ, որ դա արվի թերթի էջերում, ֆեյսբուքյան հարթակում, դպրոցի դասարանում կամ բուհական լսարանում. եթե դուք ժպտում եք եւ դիմացինին բարի խոսք եք ասում, դուք արդեն իսկ նրան լուսավորում եք: Տալիս եք նրան բարության լույսը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    որպէս Քոչարյանին – առանց բարդոյթի – համակիր, Յուլիս 2020-էն սկսեալ արդէն (թէկուզ ոչ ձեր, ոչ էլ Առաջին Նախագահի փաստարկներով…), ես չէի ուզեր որ նա վերադառնայ գործօն քաղաքականութեան՝
    https://haytougchamlian.blog/քոչարյան՝-հանգստեան-կոչուելու-իրաւո/

    Փաշինյանը նկարէն դուրս հանելով հանդերձ, ստոյգ չէ որ Քոչարյանը կը ստանձնէ այդ պաշտօնը. քանզի եթէ ոեւէ մէկը քուէների բացարձակ մեծամասնութիւնը չստանայ, եւ այդ միւս դաշինքը Քոչարյանի դաշինքէն աւելի շատ ձայներ հաւաքէ, կրնայ ինք չդառնալ վարչապետ…

    սակայն եթէ նա դառնայ վարչապետ, ես կը հաւատամ, որ դուք պիտի զարմանաք. ձեզ ու շատերին պիտի զարմացնէ.

    մեզմէ ոեւէ մէկը՝ նոյն անձը չէ, առաջուանը չէ այլեւս՝ տեղի ունեցած Աղէտէն ետք…

    (իսկ «ընկճախտային տրամադրություններ»էն դուրս կը կարողանանք գալ, միայն, երբ որ այս բարդակը վերջ գտնէ)

  2. Hay says:

    Երբեք՝ նույնիսկ Ռ.Ք.-ի ու Ս.Ս.-ի պաշտոնավարման տարիներին իմ մոտ չի եղել արտագաղթելու միտք, բայց, եթե, աստված չանի, այս նախիրը վերընտրվի, ես էլ կգնամ.

  3. Սարգիս Զեյթունյան says:

    «Փաշինյանը կամ Քոչարյանը…»
    Ցավոք, պետք է կողմնորոշվել հիմա, որովհետև ևս այսպիսի 2-3 տարի և ոչ միայն «նիկոլական» ու «քոչարյանական» հասկացությունները կանցնեն պատմության գիրկը այլ ՀՀ հասկացությունը:

  4. Լավատես says:

    Գայլը հավի շոր հագած գալիս է հավի ճտին համոզելու, թե դուռը բաց, բայց այդ ժամանակ գալիս է նույն շորով իսկական հավը, որն էլ ասում է, թե ինքն է իսկական մայրը: Ճուտը չի տարբերում իսկականը ոչիսկականից եւ տարբերելու համար հարցնում է երկուսին՝ կարելի է լիքը պաղպաղակ ուտի, գայլը ճտի սիրտը շահելու համար թե՝ հա, ինչքան ուզում ես կեր, իսկ իսկական մայրն արգելում է՝ ոչ մի դեպքում, կհիվանդանաս, սրանով խորամանկ ճուտը հասկանում է, որ հենց արգելողն է իսկական մայրը:
    Ով փորձում է միայն դուր գալ ժողովրդին, դա հաստատ գայլ է, իսկ նա, ով իր հեղինակության հաշվին, բայց հանուն ժողովրդի ստիպում, արգելում, դաստիարակում է ժողովրդին, սա է իսկական պետական գործիչը: Մեր այդ ճտին ինչ ասես չեն ասում՝ էլ օխլոս, էլ բըդլա ու չեռն, պետությունը հարազատ մոր նման պետք է իր ժողովրդին սիրելով դաստիարակեր, իսկ դրա փոխարեն ինչ զիբիլ ասես չի ղեկավարել այս ժողովրդին՝ էլ սրան նրան չեստնի տվող, էլ գող ավազակներ, էլ սրան նրան նեչեստնի տվող քաղաքական մարմնավաճառներ, սրանցից ոչ մեկն էլ ժողովրդին սիրով չի դաստիարակել, որ ժողովուրդը խորամանկ ճտի նման տարբերեր գայլին իր հարազատ մորից: Ես կողմնակից եմ այն ուժին, ով անկեղծ սիրում է իր ժողովրդին եւ միաժամանակ նույնքան խիստ դաստիարակում է իր ժողովրդին որպես ապագա հզոր ազգ:

  5. Armen says:

    Ամիսներ շարունակ ժողովրդի մեջ ընկճախտային տրամադրություններին մեթոդաբար նպաստողներին և իրենց «պապաներին» ես նույնականացնում եմ թուրքի (ազերի) հետ, դեռ մի բան էլ ավելին: Նմանների հետ նույն ազգի ներկայացուցիչ համարվելը առնվազն ամոթ է:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Ողջու՜յն, «սյունեցի» Արմեն: Հիանում են ձեր կուռ տրամաբանությամբ, նույնականացման նիկոլական աննախադեպ ալգորիթմով: Իհարկե, թուրքին հաղթածին հենց այպես էլ պետք է նույնականացնել, իսկ թուրքի կամակատար կապիտուլյանտ բոմժին՝ պաշտել ու աստվածացնել: Նիկոլչիբեյը Անդրանիկին ու Դրոյին, Նժդեհին ու Մոնթեին էլ է վաղուց նույնականացրել որպես հետամնաց ֆաշիստ ազգայնականներ, ողջ Հայաստանն էլ՝ որպես թուրքական վիլայեթ: Դե, մարդը թշնամանք-բան է կառավարում, բանավոր փոխըմբռնմամբ ամայի տարածքներ հանձնում, միջանցքների ու անկլավ-մանկլավների խաղեր տալիս: Գործ է անում, գործ՝ մեծ ու աննախադեպ գործ իր «կիրթ ու կառուցողական» յոլդաշի հետ միասին: Եւ չկա մեկը, որ գնահատի այս խեղճ պատուհասի տիտանական աշխատանքը.

  6. Ալֆրեդ says:

    Երեք տարի առաջ Հայաստանում իշխանության եկան նոր, թարմ ուժ, որը երկրի հերը անիծեց: Ինչ երաշխիք ,որ նոր թարմ ուժը չի շարունակի նախկինի արածը: Քոչարյանը ապացուցել է որ կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից

    • Հ.Շ. says:

      բայց առաջ որ հասնինք այդ վերլուծումին, նախ՝ ո՞վ է, այդ «նոր թարմ» ուժը… անուն-ազգանուն, s’il-vous-plaît… եւ ո՞վ են լինելու, այդ պարագային, իր կառավարութեան անդամները…

      երեք շաբաթ չմնաց անգամ… ան որ կ’ուզէ դիրքորոշում մը յայտնել քուէարկութիւնների կապակցութեամբ, եթէ տակաւին ասում է՝ ոչ Փաշինյան, ոչ Քոչարյան, ոչ միւսը, ոչ նա, ոչ սա, թող միայն բարեհաճի ասել թէ ուրեմն ո՞վ կ’ուզէ տեսնել, երէք շաբաթից, որպէս՝ ՀՀ Վարչապետ

      յոռեգոյն պարագային, մարդ կը զատէ՝ երկու չարեաց, փոքրագոյնը

      ի դէպ, Դեկտեմբեր 2018-ին, քուէարկողների 51%ը, չէր կողմնորոշուած – կամ այլ պատճառ մը ունէր, ձեռնպահ մնալու -. ու չքուէարկեցին. եւ այդ պատճառով, 34% արտայայտուած ձայներով, ամբողջատիրական վարչակարգ մը գոյացաւ, երկիրը քաոսի վերածուեցաւ, Արցախը, հազարաւոր երեխաներ եւ մեր ապրելու մղումը կորնսցուցինք, եւ թրքական զօրքերը այս պահին՝ Հայաստանի մէջ ներխուժած են արդէն. գոնէ այս վիճակին մէջ, այլեւս wishy-washy կեցուածքների ժամանակ չէ, բնաւ.

  7. Armen says:

    Ես նորից կրկնեմ, նրանց, որոնք ժողովրդի մեջ գիտակցաբար տարածում են խուճապային ու հուսալքության տրամադրություններ, անկախ քաղաքական կողմնորոշումներից և տրամադրություններից, հայ չեմ համարում: Կա մեկը, որը կասի, որ ճիշտ են անում….

    • Ջորդանո Գալիլյան says:

      Ողջույն կրկին, «սյունեցի» Արմեն: Կրկնում ես, որ ի՞նչ անես: Որ արդարացնես խուճապի ու հուսալքության գեներատոր կապիտուլյանտի՞ն, պարտության ու ազգադավության խորհրդանիշի՞ն, տգիտության ու ստախոսության չեմպիոնի՞ն: Զուր ջանքեր: Նույնիսկ նիկոլչիբեյի ամոթխած պաշտպանները՝ թարմ ուժի ու տարատեսակ բեւեռների քարոզիչները, հասկանում են, որ նիկոլիզմը ապագա չունի, եւ ազգակործան պատուհասը վաղ թե ուշ հայտնվելու է կամ ճաղերի ետեւում, կամ էլ «երկրի հակառակ կողմում»՝ իր սիրելի թուրքիաներում…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930