Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգախոսը պետք է լինի՝ հաշտություն

Մայիս 26,2021 10:00

Հայաստանի Երրորդ հանրապետության պատմության մեջ ես չեմ հիշում նախընտրական որեւէ շրջան, երբ պայքարն այսքան թեժ եւ կատաղի լիներ: Իհարկե, իշխանությունը քաղցր բան է, եւ այն պահպանելը կամ ստանալը ընտրությունների մասնակիցների կողմից միշտ ընկալվում էր որպես անչափ կարեւոր եւ բախտորոշ գործ:

31 տարիների ընթացքում ես լսել եմ չափազանց կոշտ եւ անզիջում ձեւակերպումներ: Բայց այս անգամ Փաշինյանի եւ Քոչարյանի համար իշխանության պահպանությունը կամ գրավումը դարձել է կյանքի եւ մահու խնդիր՝ բառիս բուն իմաստով: Նրանց թիմերի ներկայացուցիչները սպառնում են իրար ոչնչացնել եւ հակված են իրականացնել այդ սպառնալիքը:

Իրոք որ, ի՞նչ է պետք անել «դավաճանների», «կապիտուլյանտների», «թալանչիների» հետ՝ խաղալ այն կանոններով, որով զարգացած երկրներում իշխանությունն ու ընդդիմությո՞ւնն են խաղում: Իհարկե՝ ոչ: Նրանց պետք է ոչնչացնել: Եթե ոչ ֆիզիկապես, ապա քաղաքականապես՝ որ նրանք այլեւս երբեք այդ ասպարեզում չերեւան: Եվ խնդիրն այն չէ, որ այդպես են մտածում Քոչարյանն եւ Փաշինյանը՝ իրենց շրջապատներով: Այդ կարծիքի են նաեւ տասնյակ հազարավոր մարդիկ: Իսկ դա նշանակում է, որ ընտրությունները կայունություն, խաղաղություն չեն բերի մեր երկրին: Ցավոք, դա հենց այն սցենարն է, որը պետք է Թուրքիային եւ Ադրբեջանին՝ մեր պետության դեմ իրենց ոտնձգությունները շարունակելու համար:

Երբ 1994 թվականին Ադրբեջանը մեզ պարտվեց, հարեւան երկրում իշխանության գլխին էր Հեյդար Ալիեւը՝ փորձառու, հավասարակշռված, միջազգային տարբեր շրջանակներում եւ Ադրբեջանի ներսում հեղինակությունը վայելող գործիչ:

Երբ 2020 թվականին մենք պարտվեցինք, մեր երկրի ղեկին էր Փաշինյանը՝անփորձ, անհավասարակշիռ, ծայրահեղ իմպուլսիվ, իր քայլերը չհաշվարկող, արտասահմանում հեղինակություն չունեցող ղեկավար: Ճիշտ է, նա որոշակի հեղինակություն ունի երկրի ներսում: Բայց նրա հիմնական ընտրազանգվածը, այսպես ասենք, շատ յուրահատուկ է՝ պասիոնար չի, պետության եւ հայրենիքի հանդեպ անտարբեր է: Ալիեւը պարտությունից հետո կարողացավ ապահովել ներքին կայունությունը եւ օգտվելով արտաքին խաղացողների հակասություններից, խուսափել պարտությունն արձանագրող «վերջնական կարգավորումից»:

Փաշինյանը, հակառակը՝ սրընթաց գնում է անդառնալի զիջումների ճանապարհով, իսկ Ադրբեջանի ներկայիս նախագահը նրան «շտապեցնում» է, որովհետեւ վստահ չէ, որ ընտրություններից հետո ներկայիս վարչապետը կվերարտադրվի: Ներքին պառակտումը, թշնամանքը, ատելության հրահրումը Փաշինյանի գործունեության «բնական միջավայրն» են: Բայց նույն միջավայրը «հոգեհարազատ է» նաեւ Քոչարյանին: Եվ եթե ընտրություններից հետո նման մթնոլորտը պահպանվի, ապա կորուստները շարունակվելու են:

Ահա թե ինչու, կարծում եմ, քաղաքական ուժերի քարոզչության հիմնական թեզը պետք է լինի բոլոր կողմերի հաշտությունն ու համերաշխ աշխատանքը: Եթե ինձ մնար, ապա բոլոր առողջ դատողություն ունեցող մարդկանց համար կընտրեի մեկ կարգախոս՝ հաշտություն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Hay says:

    Հայաստանը փրկելու առաջին քայլը իշխանությունից նախիրի հեռացումն է

  2. Garo says:

    Եթե նույն Ադրբեջանի օրինակով նայենք: Խոջալուն ու Արցախի ներսում այլ գյուղեր կորցնելուց հետո Մութալիբովին քշեցին: Քելբաջարը կորցնելուց հետ Էլչիբեյին քշեցին:
    Մեր մոտ էլ Շահումյանը ու Մարտակերտը կորցնելուց հետո լուրջ շարժումներ սկսվեց Լևոնի հրաժարականի պահանջովԼ
    Իսկ մեր մոտ հայկական Էլչիբեյը 9շրջան տվել ու շարունակումա ատամներով կառչած մնալ աթոռից :
    Ու ամանավատը որ ունի աջակիցներ էտ թվում արցախյան առաջին պատերազմում թիկունքում թալանով զբաղվող գռզոն:

  3. Լավատես says:

    Եթե ազնվականության մի կաթիլ լիներ մեջները, նախկինները ներկաների հետ համաձայնության կգային, որ միաժամանակ ինքնաբացարկ հայտարարեն եւ խոստանան այլեւս քաղաքականություն չմտնեն, գոնե հանուն իրենց հաջորդ սերունդների, որոնք իրավունք ունենային հայրենի հողում երջանիկ ապրելու եւ ոչ թե իրենց պապերից ամաչելով ապրեն:
    Չեմ կարող ամբողջությամբ այլ երկրների հպատակներին մեղադրել, որոնք բարձր պաշտոններ են գրավում եւ գրավել մեր երկրում, լյուստրացիա չեղավ, ԱԱԾը նույնպես կարծես հպատակ է այլ երկրների հատուկ ծառայություններին, իսկ առանց անկախ ԱԱԾի մենք հեչ բան ենք որպես ազգ եւ որպես պետություն:
    Կա երեք ուժ, մեկը նախկին, մյուսը ներկա եւ կա երրորդ ուժը’ մնացած բոլորը, որոնք չեն պատկանում ոչ նախկիններին եւ ոչ էլ ներկաներին եւ երբ այս երրորդ ուժը իր միասնականությամբ ու կարծրությամբ գերազանցի առաջին երկու ուժերին, այդ ժամանակ երրորդ ուժը իր օրակարգը կպարտադրի առաջին երկու ուժերին, իսկ օրակարգը պետք է լինի մեկը’ միաձայն ընդունվելիք հստակ ռազմավարական սկզբունքները’ կարմիր գծերը, որոնց հատելը կգնահատվի պետական դավաճանություն:

  4. Հ.Շ. says:

    Ատելութեան cycle-ին փաստարկը պիտի չգործածեմ, չէ: Քանի որ այդ չէ այլեւս, այս նիւթին մէջ, էական խնդիրը: Այլ, հետեւեալը՝

    Ոչ միայն որեւէ «կողմի» համար, այլ պարզապէս ոեւէ անհատ հայի համար, որ համոզուած է,
    թէ՝ եթէ այս վարչակարգը չլինէր, ապա Արցախն ու հազարաւոր երեխաների կեանքերը չէինք կորնսցներ, եւ թուրքերը չէին ներխուժեր Հայատատան,
    այս վարչակարգի հետ հաշտուիլը,
    կը նշանակէ՝ հաշտուիլ այդ կորուստների եւ ներխուժումին հետ:

    Մարդկայնօրէն, դա արդէն անհնար է, բիւրաւոր հայերի համար:

    Ուրեմն ներազգային «հաշտութեան» մօտեցումը, կը մնայ զուտ տեսական մտայղացում մը: Վեհ եւ ազնուական, բայց անիրագործելի:

    Իսկ եթէ պիտի խօսինք, հոգեւորական իմաստով՝ ներումի մասին, այդ ալ՝ սահման մը ունի, մարդկային էակների համար:

    Մինչեւ իսկ Առաջին Նախագահը «աններելի» որակեց այս վարչակարգին յանցանքը՝ տեղի ունեցած Աղէտին, այժմու զարհուրելի վիճակին, եւ դեռ գալիք, ահաւոր հեռանկարների կապակցութեամբ: Ալ, մենք ինչ ասենք, սովորական մահկանացուներս…

    Այնպէս որ, չեմ գիտեր ինչ պիտի ըլլայ, չեմ կարծեր որ հաշտութեան եւ նոյնիսկ ներումի փիլիսոփայութիւնները, իրականալի բաներ չեն: Գոնէ՝ տեսանելի կամ կանխատեսելի ապագային համար:

    Կարեւոր է սակայն որ յառաջիկայ, նոր իշխանութիւնը, գոնէ չափ ու սահմանը գիտնայ՝ «հաշիւներ մաքրելու»: Եւ ես իրապէս կը հաւատամ, որ այդպէս ալ լինելու է: Եւ այդ համոզումիս հիմնաւորումը այն է, որ ոեւէ հայ, նոյնը չէ եւ չի կրնար ըլլալ՝ տեղի ունեցած Աղէտէն առաջ, եւ անկէ ետք:

  5. Սարգիս Զեյթունյան says:

    «Առաջինը և ամենակարևորը ՝ մեզ պետք է այս իրավիճակում համախմբվել: Ինչո՞ւ, որովհետև ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ իրար դեմ հանելու, ավելի է ոգևորվում ու ակտիվանում: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ անկախ նրանից՝ ներսում ինչ տարաձայնություններ կան և այլն, իրենց գործողություններին մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը: Սա շատ կարևոր է:»
    Այս մարդը, որ ջանք, եռանդ ու ռեսուրսներ չխնայեց երկիրն իրար դեմ հանելու, հիմա համախմբման (հաշտությա՞ն) կոչ է անում: Փաստորեն, հետևեց Ձեր խորհրդին, պարոն Աբրահամյան: Հավատա՞նք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31