Կարելի է երկար թվարկել Հայաստանի առաջին երեք ղեկավարների մեղքերը՝ առիթ լինի, դարձյալ դրանք կհիշեցնենք: Բայց արդյո՞ք դրանք համեմատելի են հայրենիքի մի մասի կորստի եւ հազարավոր երիտասարդների ընդհատված կյանքի հետ, որի գլխավոր մեղավորը չորրորդ ղեկավարն է: Այդ հարցին պետք է պատասխան տա ցանկացած քաղաքացի, որն ապրում է ոչ թե միֆերով եւ նախապաշարումներով, այլ ներկա իրականությամբ: Իսկ իրականությունն այն է, որ առաջին երեքից հետո հայերն ունեին 12 հազար քառակուսի կիլոմետրանոց Արցախ, իսկ Փաշինյանից հետո՝ 3.3 հազար քառ. կմ., այն էլ՝ բացառապես ռուս խաղաղապահների առկայության շնորհիվ: Ոչ մի ճարտասանությամբ, մեղադրանքներով կամ դեմագոգիայով այս պատմական փաստը հնարավոր չէ փոխել: Այս իրականության ֆոնին ինձ համար անսպասելի չէ նախորդ ղեկավարների համագործակցությունը, որի մասին բացահայտ խոսել է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը:
Եթե կա Հայաստանում մի գործիչ, որը խորապես անտարբեր է, թե ինչպես են իր ասածներն ու քայլերը մեկնաբանվելու (եւ գնալով այդ անտարբերությունը խորանում է), ապա դա հենց Տեր-Պետրոսյանն է: Չէի ասի, որ դա միայն առավելություն է, հավասարապես նաեւ թերություն է՝ հավանաբար, քաղաքականության մեջ պետք է դուր գալ այս կամ շրջանակին: Պարզապես նշում եմ այդ անձի առանձնահատկությունները: Բայց խնդիրը ոչ թե անձն է, այլ մտածողության տեսակը:
Այս տեսանկյունից անիմաստ է քննարկել Տեր-Պետրոսյանի առաջարկներն իրատեսական են, թե անիրատեսական, ճիշտ են, թե սխալ, էթիկապես ընդունելի են, թե անընդունելի: Կարեւորը ուղերձն է, որի հասցեատերերը ոչ միայն նախկին նախագահներն են, այլեւ ողջ հանրությունը: Իսկ ուղերձը, կարծում եմ, պարզ է. վերահաս վտանգի առջեւ պետք է համախմբվեն անգամ ամենաանհաշտ հակառակորդները, այդ վտանգը հաշվի առնելով, պետք է մոռացվեն բոլոր տեսակի անձնական ամբիցիաները: Կարելի է, իհարկե, օգտվելով առիթից, այս կամ այն կողմից «շշպռել» առաջին նախագահին եւ դրանով քաղաքական դիվիդենտներ շահել կամ գուցե իշխանություն մոտ «աչոկ հավաքել»: Բայց էական է միայն մեկ հարց. ո՞ր մոտեցումն է հաղթելու՝ պետական մտածողությո՞ւնը, թե՞ լաչառ-պոպուլիստական, անպատասխանատու վարքագիծը:
Այժմ ճղճղացողների, «պորտը տեղը դնողների» ժամանակն է՝ նրա՛նք են արժանանում ծափահարությունների, «լայքերի», թերեւս նաեւ՝ ընտրողների ձայների: Գուցե տարօրինակ թվա, բայց ինձ թվում է, որ 1990-ականների սկզբին հասարակության մտածողությունն ավելի պետական էր, որի շնորհիվ էլ առավելության հասանք հակառակորդի հանդեպ: Պատճառների մասին շատ եմ մտածել եւ դրա սպառիչ բացատրությունը չունեմ, բայց իմ նախնական վարկածն այն է, որ մեր կողմից այդքան քննադատված խորհրդային դաստիարակության մեջ ներդրված էին ինչ-որ արժեքներ, որոնք «պետականաստեղծ» էին՝ երբեմն ի հեճուկս այն ժամանակվա կյանքից կտրված գաղափարախոսության: Այդ արժեքներն են համերաշխությունը, հոգատարությունը, միասնականության զգացողությունը՝ ի հակակշիռ այսօրվա «լայքահավաք» եսասիրության, ուրիշին ցավ պատճառելու եւ ուրիշի հաշվին ինքնահաստատվելու մոլուցքի:
Կարդացեք նաև
Ուզում եմ լավատես լինել եւ մտածել, որ այդ մոլուցքը ժամանակավոր է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«1990-ականների սկզբին հասարակության մտածողությունն ավելի պետական էր»: Ինձ ունեմ բացատրություն, թե ինչու՞: 1990-ականներից հետո իշխանության եկածները ամեն միջոց գործադրեցին մեր ժողովրդին ինքնասիրությունից զրկելու, ստորացնելու, ցույց տալու, որ իր կարծիքը գրոշի արժեք չունի: Լավ էր գոնե չհասցրին մազոխիզմ արմատավորել: Հիմա է երևում, որ չեն հասցրել: Այն, որ այսօրվա վիճակի համար բոլոր չորսն էլ մեղավոր են՝ փաստ է: Ով ինչ չափով՝ պատմությունը երբևէ կգնահատի:
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էի՞ն պետական մտածողություն ունեցողները ու հայրենիքի հոգսերով տառապողները, իրո՞ք:
Հայաստանի երեք նախագահներն էլ պետականամետ մարդիկ են ի տսրբերություն այսօրվա վարչապետի:Աշխարհի հզորները նրանց կարծիքը ընդունում էին, հիշենք թե նրանք իրենց կառսվարման տարիներին ում հետ էին հանդիպում, ի տարբերություն այսօրվա վարչապետի, որը մարմնավորում է ճղճղաներին և կոճակ սեղմողներին