Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարակա՞ն, թե՞ խաբկանք

Ապրիլ 25,2021 17:38

Այսօր վարչապետ կոչեցյալը հրաժարական տվեց։ Եթե վերանանք հայկական իրականությունից և պատկերացնենք, որ սույն հրաժարականը տվել է մեկ այլ պետության ղեկավար, ապա կասեինք․ «Վերջապե՜ս․․․ և չնայած նա հրաժարական պետք է տար դեռևս անցյալ տարի նոյեմբերին, խայտառակ պարտությունից հետո, բայց ամեն դեպքում, վերջապես նրա մեջ խոսեցին խիղճն ու արժանապատվությունը»։

Այլ է հայկական իրականությունն ու․․․Հայաստանի Սահմանադրությունը։

Ի տարբերություն մեզ, այլ երկրներում, որտեղ գրված և չգրված օրենքներով  երկրի ղեկավարությունը ձախողած անձնավորությունը չի կարող պահել իր իշխանությունը։ Այն թույլ չեն տա ոչ միայն նրա հարազատ կուսակցությունը, ընդդիմադիր ուժերը, իրավապահ համակարգը, այլև հասարակությունն ու ժողովուրդը։ Ինչպես տեսանք, այս ամիսների ընթացքում՝ «մենք ուրիշ ենք»։

Այժմ ըստ, այսպես կոչված սահմանադրության։ Տարբեր պետություններում, երկրի ղեկավարը, նախագահ թե վարչապետ ինչ-ինչ պատճառներով կարող է հրաժարական տալ։ Պատճառները լինում են տարբեր՝ անձնական բնույթի, ներկուսակցական պայքարում նոր առաջնորդի ընտրության, կառավարության  ծրագրերի ձախողման, էլ չեմ ասում պարտության դեպքում։ Եվ հրաժարական տված, օրինակ` վարչապետը, հրաժարականից հետո․․․ գնում է տուն։

Այո, ցույց տվեք գոնե մեկ օրինակ, երբ  որևէ երկրում վերոնշյալ պատճառներով հրաժարական տված վարչապետը շարունակում է պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար և դեռ մի բան էլ կազմակերպում է ընտրություններ։

Բոլոր պառլամենտական կառավարման երկրներում, հերթական ընտրություններից հետո, կառավարությունը հրաժարական է տալիս, բայց և շարունակում ժամանակավորապես պաշտոնավարել, մինչև նոր կառավարության ձևավորումը։ Այս նորմն առկա է նաև Հայաստանի Սահմանադրությամբ (158 հոդված)։ Պառլամենտական երկրներում միայն այս դեպքն է նախատեսում վարչապետի պաշտոնավարումը, որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Մնացած բոլոր դեպքերում, վարչապետը հրաժարականից հետո, ինչպես նշեցի, գնում է տուն։

Իսկ թե ինչ է նախատեսում ՀՀ Սահմանադրությունը, վարչապետ կոչեցյալի խորամանկության դեպքում, արդյո՞ք, ձևականորեն հրաժարական տալ, շարունակելով պաշտոնավարել, վայելելով պետական առանձնատների շքեղ կյանքը, որպես վարչապետի պաշտոնակատար, «կազմակերպել», այն է՝ կեղծել ընտրություններն ու նորից դառնալ վարչապետ։

Կարդում ես նույն սահմանադրության 149, 158 հոդվածներն ու այդ «խուճուճ» ձևակերպումներից բան չես հասկանում։ Եթե իրականում, այնպես է,  ինչպես «մեկնաբանում» է վարչապետը, ապա այս սահմանադրությունը որևէ առնչություն չունի դասական պառլամենտական համակարգի հետ, այլ ընդամենը խորամանկավարչապետական համակարգ է։

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930