Լրահոս
Օրվա լրահոսը

Բառերի վերաիմաստավորման ժամանակը

Մարտ 18,2021 10:00

Անցած տարիների փորձը եւ հատկապես համավարակն ու պատերազմը ստիպեցին շատերիս վերանայել բազմաթիվ գաղափարներ եւ հասկացություններ: Թվարկեմ դրանցից մի քանիսը՝ «համամարդկային արժեքներ», «ժողովրդավարություն», «ազատականություն», «առաջադիմություն-պահպանողականություն», «խաղաղություն», «հաշտություն»…:  Չէի ասի, որ այդ բառերն արժեզրկվել են, բայց՝ որ վերաիմաստավորման կարիք ունեն՝ դա հաստատ է:

…Լրացավ «արաբական գարնան» 10 տարին: Ամեն ինչ սկսվում էր որպես պայքար ժողովրդավարության համար: Քադդաֆին եւ Ասադը, իսկ նրանցից առաջ՝ Սադդամ Հուսեյնը բռնապետե՞ր էին: Արեւմտյան չափանիշերի տեսանկյունից՝ անշուշտ: Բայց արդյոք այդ բռնապետական ռեժիմների տապալումից կամ տապալման փորձից շահեցի՞ն այդ երկրների ժողովուրդները: Միանշանակ՝ ոչ: Այդ պետությունները քայքայվել են, մխրճվել են քաղաքացիական եւ տարածաշրջանային պատերազմների մեջ, զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, աշխարհով մեկ թափառում են հարյուր հազարավոր փախստականներ, ստեղծվել են բազմաթիվ ահաբեկչական բջիջներ: Կարո՞ղ եմ ես մտածել, որ գուցե չարժեր այդ երկրներում փորձել ժողովրդավարություն հաստատել՝ մանավանդ, որ այդ բոլոր աղետներով հանդերձ Իրաքը, Սիրիան եւ Լիբիան ավելի ժողովրդավարական չդարձան:

2018 թվականի գարնանը Հայաստանն ազատվեց փտած, կոռումպացված, ամուլ ռեժիմից: Ուրախալի՞ փաստ է: Այո, իհարկե: Բայց հեղափոխության արդյունքում իշխանության եկավ պատահական մարդ, որը կտրված է իրականությունից, բացարձակապես գլուխ չի հանում պետության ղեկավարումից ու արտաքին քաղաքականությունից եւ երկիրը հասցրեց պատերազմի ու նվաստացուցիչ պարտություն: Ի դեպ, ռեժիմն էլ այդ ամենից հետո, մեղմ ասած, ավելի կենսունակ չդարձավ: Այժմ ես իրավունք ունե՞մ կասկածներ հայտնելու այդ հեղափոխության անհրաժեշտության վերաբերյալ:

Հիմա՝ «խաղաղությունն» ու «հաշտությունը»: Տեսականորեն, այո, պետք է ամեն ինչ անել՝ հարեւանների հետ հաշտություն եզրեր գտնելու համար: Բայց կա մի պարտադիր պայման՝ հարեւաններդ պետք է հաշտվեն քո գոյության հետ այստեղ, այս հողում, ոչ թե ցանկանան քեզ այստեղից, կոպիտ ասած, «լարել»: Նրանք չէին ուզում, որ մենք ապրենք Վանում եւ Բիթլիսում, եւ մենք չենք ապրում, չէին ցանկանում, որ մենք ապրենք Նախիջեւանում, եւ հասան դրան, չէին ուզում, որ մենք լինենք Շուշիում եւ Հադրութում, եւ այդ նպատակն էլ իրագործեցին (շնորհակալություն «ժողովրդի իշխանությանը» եւ այն «ժողովրդին», որն այդ փաստի հանդեպ անտարբեր է): Հիմա նրանք մեզ փաստացի ասում են՝ «թողեք գնացեք Սյունիքից եւ Երեւանից»: Մեզ մնում է երկու տարբերակ. կա՛մ դիմադրել եւ մնալ, կա՛մ ճամպրուկները հավաքել եւ գնալ Կրասնոդարի կամ Գլենդեյլի ուղղությամբ: Դա ամեն մի հայաստանցու ընտրության հարցն է:

Բայց ասել, որ մեր հարեւանները խաղաղասեր են, եւ նրանց հետ այժմ հնարավոր է բարեկամանալ՝ դա արդեն, ինձ թվում է, ինչ-որ հոգեբանական պաթոլոգիաների շարքից է: Երեւի, պատահական չէ, որ այդ պաթոլոգիաները սկսել են զարգանալ հենց «ժողովրդի իշխանության» օրոք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Hay says:

    Ես համոզված եմ, որ պատմության ընթացքում հայ ազգի գլխին եկած ամենամեծ աղետը եղել է եղեռնը, իսկ երկրորդը՝ դա 2018թ իշխանափոխությունն էր, որին մեծ խանդավառությամբ մասնակցել եմ նաև ես, ինչի համար ափսոսում եմ.

    • Սարգիս Զեյթունյան says:

      Հարգանքի արժանի խիզախություն:
      Ես այդքան չէի շտապի գնահատելու 2018-ի աղետը, որովհետև մենք դեռ այդ արհավիրքի հետևանքների կուտակման փուլում ենք: Միտումներն, այո, լավատեսության հիմք չեն տալիս:
      Պարո՛ն Աբրահամյան, իմ կարծիքով իզուր եք Փաշինյանին «պատահական մարդ» համարում: Համաձայն եմ, որ ինքը «բացարձակապես գլուխ չի հանում պետության ղեկավարումից ու արտաքին քաղաքականությունից եւ որ ինքը երկիրը հասցրեց պատերազմի ու նվաստացուցիչ պարտություն»: Փոխարենն ինքն անփոխարինելի է խարդավանքների, խառնակչության, պետական կառույցները կազմաքանդելու, մարդկանց մեջ իրար նկատմամբ ատելություն սերմանելու գործում: Այդ իմաստով, չեմ կարծում թե ինքը պատահաբար է ասպարեզ եկել: Պատկերացրեք, թեև դա հիմա շատ դժվար է, որ պետության գլխին հայտնվել է մեկը, որ Նիկոլի հակապատկերն է: Համոզված եմ, որ նույն այդ «անկիրթ» հասարակությունը հաջողությամբ կլծվեր երկիրը շենացնելու գործին: Նաև, իզուր եք կարծում, որ այս փորձանքների սկզբնաղբյուրը մենք ենք՝ մեր հասարակությունը: Տասը տարիներ չէի՞ն բաժանում գերմանական հասարակությունը Հիտլերից մինչև Ադենաուեր:

  2. Armen says:

    Եթե այլ ազգերի օրինակներով պետք է որոշել ճիշտն ու սխալը, ապա ինչու՞ համեմատվել այլ դավանանք և մեր հետ ընդհանուր ոչինչ չունեցող աֆրիկյան կամ մերձարևելյան երկրների հետ: Ավելի տրամաբանական չի լինի մեր սահմանակից և մեր հետ բազում ընդհանրություն ունեցող Վրաստանի օրինակը: Ընդամենը մեկուկես տասնամյակի ընթացքում մեր հարևանը հասավ զգալի նվաճումների, ընդ որում ժողովրդավարացման ճանապարհով: ԵՎ ի վերջո, ցույց տվեք մոլորակի վրա մի նոորմալ կյանքով ապրող ժողովուրդ բռնապետական ռեժիմի ներքո(կարճաժամկետ կտրվածքով հնարավոր են տարատեսակ վիճակներ, որոնք օրինաչափություն չեն կարող լինել ):
    Ասենք, եթե տեսականորեն ստիպված պետք է լինենք տեղափոխվել և բնակվելու այլ երկրում, ինչպիսի ընտրություն կկատարենք՝ Շվեդիա, Շվեցարիա, Գերմանիա կամ ԱՄՆ, թե՞ Հյուսիսային Կորեյա, Չինաստան կամ Ռուսաստան: Ով որը տարբերակը կընտրի՝ բախտը իր հետ, սակայն համոզված եմ, որ Արամ Աբրահամյանի ընտրությունը կկանգնի սկզբում նշված երկրների վրա:

  3. Հ.Շ. says:

    Այո, իսկապէս ուժ եւ քաջութիւնը կ’ուզէ, ոչ միայն այս ամէնուն հիմա գիտակցիլը, այլ մանաւանդ՝ այդ մտային փոփոխութիւնը յայտնելը: Ասիկա յատկապէս պատիւ կը բերէ խմբագրին, եւ հետեւաբար այս թերթին…

    Սակայն նաեւ, լաւ գիտէք որ ուշ է: Եւ շատ, շատ ուշ է:

    ԱՄԷՆ ինչ որ այս խմբագրականում ըսուած է, ամէն բան, այդ ամէնը, շատերու համար պարզ ու յստակ էր, ծանօթ բան էր, տարիներէ ի վեր: Իսկ շատերու համար ալ, պէ՛տք է որ այդ ամէնը պարզ ու յստակ ըլլային, շատոնցուընէ ի վեր, շուտուանից:

    Վերեւ նշուած բոլոր համաշխարհային, ժամանակակից նախադէպերը, մեր պատմութեան եւ իրականութեան վերաբերող բոլոր եւ բիւրաւոր փաստերն ու փաստարկները, վերլուծական տարրական տուեալները, այդ բոլորը կային արդէն, հաստատ, բացայայտ եւ ակնյայտ էին, տարիներէ ի վեր:

    Բացատրողներուն պակասն ալ չկար: Տեւական կերպով, այլազան ձեւերով:

    Հետեւաբար, վերեւ գրուածը, որեւէ օգուտ չունի: Դժբախտաբար:

    Ախտորոշում չէ, այլ՝ դիահերձում:

    Ան որ այս ամէնը գիտեր, նախատեսած էր, ատենին, նուազագոյն «սփոփանք» չի կրնար զգալ, հիմա այսպէս բաներ լսելով, կարդալով: Չէք կարող պատկերացնել, թէ որքան պիտի ուզէինք որ մենք սխալած ըլլայինք, որ հիմա՝ մեր երեսին զարնէր ամէն մարդ որ՝ «տեսա՞ք, դո՛ւք սխալ էիք… հաւատքի, յոյսի եւ քաջութեան պակաս ունէիք… յետամնաց, յետադիմական եւ վախկո՛տ էիք…» : Թող լինէր այդպէս, հազար – հի՛նգ հազար երանի -, եւ ոչ թէ այն, ինչ որ եղաւ:

    Ուրեմն՝ բարիլոյս, սակայն արդէն Խաւարների խորքը ինկած ենք: Որտեղ մնալու ենք դեռ շատ երկար ժամանակ, մինչ բնաւ հաւանական չէ որ մեր կրած անասելի կորուստները, մի օր, վերականգնին: ( Արդէն վերեւ գրուածի նպատակը՝ գացած, վերջացածը ետ բերել չէ, այլ դեռ տակաւին գալիք կորուստների առաջքը առնել փորձել է: )

    Իսկ ամէն դէպքում, ստոյգ բան է, որ մեր հազարաւոր նոր նահատակները ետ չեն վերադառնալու այս աշխարհը:

  4. Հ.Շ. says:

    Մեր լրիւ անէացումը տենչացող հարեւանների նկատմամբ, ոչ միայն խաղաղասէր, այլ ուղղակի սիրալիր զգացումներն ու տրամադրութիւնները՝ պարտուած եւ ճզմուած, զգետնուած, կոտրուած մարդու ծանօթ հոգեբանական վիճակ է: Որ կը բխի այն բացարձակ սարսափից, որ դաժան ծեծը կարող է շարունակուիլ, վերսկսիլ:

    Կայ նաեւ «Stockholm syndrome»ը: Որու բազմաթիւ տարբերակներէն մէկը այն է, որ ամենավայրագ բռնաբարութեան զոհը ուղղակի սիրահարւում է իր դահիճին:

    Իսկ «այդ հողերը, արդէն Ադրբեջանին կը պատկանէին» եւ նոյնանման արտայայտութիւններն ալ՝ պարտուած, խայտառակուած, անգին ունեցածը կորսնցուցած էակի ծանօթ հոգեբանութիւն է… այդ ձեւով ինքզինք կը «մխիթարէ» որ հա, այդպէս է… այդ ամէնը իրենցն էր արդէն… ուրեմն, մեզանից բան չխլեցին… ի՞նչ է եղել… եւ արդէն, անարժէք, անիմաստ բաներ էին այդ ամէնը… ամէն բան նորմալ ա… մոռանանք, գնանք առաջ, դավայ…

    այս ամէնուն մէջ ալ, որեւէ նորութիւն չկայ

  5. Ruben says:

    Միայն Սարդարապատը կփրկի պետականությունն ու ազգը:

  6. Քրիստափոր says:

    Ճիշտ է ասում պարոն Աբրահամյանը, 2018թ. պետք չէր հեղափոխություն, պետք է թողնեին որ էլ ավելի ապականեին երկիրը, մարդկանց էշի տեղ դնեին, 10 հազար դրամով ձայներ առնեին, բայց դրա փոխարեն երբեք պատերազմ չէր լինի, կորոնավիրուս էլ չէր լինի, Լավրովի պլանն էլ չէինք ընդունի …

  7. Հ.Շ. says:

    Ժողովրդային ճնշումով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, էական անկիւնադարձ մըն էր, դուրս գալու համար ճահճացումէն , արագացնելու համար երկրի բարելաւումը, վերականգնումը – գործընթաց մը, որու մաս կրնար կազմել Արցախի հիմնախնդրի լուծումը, առանց պատերազմի – :

    Բազմաթիւ, բանական հնարաւորութիւններ կային, այդ կէտէն ետք: Որոնցմէ որեւէ մէկը եթէ կիրառուէր, Փաշինյանը կը կարողանար կառուցողական, հիմնական դեր ունենալ երկրի եւ պետութեան առաջխաղացքին առնչութեամբ: Ապա, ոչ անմիջապէս, սակայն ոչ շատ հեռաւոր ապագային, կրնար հասնիլ իշխանութեան, նորմալ ընթացքով, մարդավարի շրջապատով եւ լուրջ կազմակերպութեամբ մը: Ու այդ պարագային, բազմաթիւ այլ ուժերի անհրաժեշտ համագործակցութեան ալ կ’արժանանար – փոխանակ ենթարկուելու նրանց կողմէ տեւական խափանումի -, որպէսզի կարենայ իրագործել իր խոստումներին գոնէ մի մասը:

    Խնդրոյ առարկայ շարժումին նպատակն ալ՝ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը չեղարկել էր: Բան մը, որուն համաձայն էր համայն Հայութիւնը, բացի թերեւս ՀՀԿի մի քանի պաշտօնեաներից:

    Ինչպէ՞ս եղաւ որ այդտեղէն, հասանք այստեղ:

    Ինքնաքայքայումը սկսուեց այն պահին, երբ որ առաջին անգամ փողոցում մէկը յանկարծ պոռաց՝ «Նիկոլ, վարչապե՛տ» :

    Այդ վայրկեանէն ետք, սկսաւ հաւաքական վազքը դէպի Անդունդ:

    Բացի եթէ օր մը հաստատ փաստեր ներկայացուին, ես կը շարունակեմ հաւատալ որ Փաշինյանը, ինք անձնապէս, գիտակից չէր թէ որքան վնասակար է իր կատարածը: Զինք հոյակապ կերպով շահագործեցին արտաքին այն նոյն ուժերը որոնք, ի միջի այլոց, Միջին եւ Մերձաւոր Արեւելքի երկիրներն ու պետութիւնները առ յաւէտ ոչնչացուցին, Խմբագրին յիշատակած «արաբական գարնան» միջոցաւ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031