Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը թող կրճատի իր ցոփ ու շվայտ ծախսերը եւ օմբուդսմենի գրասենյակին հանգիստ թողնի». Ժաննա Ալեքսանյան

Մարտ 17,2021 13:55

Սահմանադրական նորմերի փոփոխությունը եւ ՄԻՊ անկախության կրճատումը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ուղիղ սպառնալիք է համարում ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ: Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված`«ՄԻՊ իրավունքների պաշտպանություն իշխանություններից. ավանդույթները շարունակվում են» թեմայով քննարկման ժամանակ նա ասաց, որ կարող է պատահել եւ այդպես միշտ պատահել է, որ պետական տարբեր մարմիններում ամրակցված մարդիկ անհարմարություններ զգան ՄԻՊ-ի աշխատանքից:

Նա հիշեց Արմեն Հարությունյանի մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «անհաջող կադր» արտահայտությունը` հավելելով, որ մարդու իրավունքների պաշտպանին, իբրեւ անձի չթիրախավորելու համար ՄԻՊ-ի մասին օրենսդրությունն ամրագրել է դրույթներ, որոնք հնարավորություն չեն տալիս հետապնդումների ենթարկել տվյալ անձին: «Սակայն այս դեպքում, կառավարությունը որոշել է գնալ օրենսդրական փոփոխությունների ճանապարհով, ինչը վնասում է ոչ միայն անձին, այլ ինստիտուտին: Իշխանությունը կգնա, բայց այդ փոփոխությունները կմնան`թուլացնելով ՄԻՊ-ի ինստիտուտը»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Նա ընդգծում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ՄԻՊ-ի ինստիտուտը բավական արդյունավետ աշխատեց եւ այդ մանդատը չպետք է սեղմել-փոքրացնել`հասցնելով որոշ պաշտոնատար անձանց անհարմարություն չպատճառելուն, քանի որ այս մանդատը հենց պետական կառույցների խախտումները բացահայտելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու համար է: «Թե միջազգային իրավունքի, թե երկրի ժողովրդավարացման ճանապարհին ՄԻՊ-ի գրասենյակի դեմ ոտնձգությունները ևս մեկ խոչընդոտ են: Իշխանությունները գնացող են, մնայուն են ինստիտուտները, ինստիտուտների գործունեության խաթարումը կարող է վտանգել պետության գոյությանը»,- կարծում է նա` հիշեցնելով, որ Արման Թաթոյանի դեմ ոտնձգությունները նաեւ պատերազմական ընթացքում էին:

Քննարկման ընթացքում իրավապաշտպանները հիշեցին նաեւ ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանից դժգոհությունները, ապա` Կարեն Անդրեասյանից`արձանագրելով, որ նման ոտնձգություններ իշխանությունները չէին հանդգնում անել ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ: Մինչդեռ 2018-ի հեղափոխությունից հետո հանդգնեցին:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ, նախատեսված փոփոխություններով իշխանությունը ոչ թե թիրախավորվել է օմբուդսմենին, այլ թիրախավորվել են անպաշտպան մարդիկ. «Եթե սահմանափակվում են օմբուդսմենի աշխատանքի հնարավորությունները, ապա սահմանափակվում են անպաշտպան մնացած մարդկանց իրավունքները»:

Նա կառավարությանը խորհուրդ է տալիս նախ մտածել այն մասին, թե ինչպե՞ս է գահավիժում իր եւ պետության հեղինակությունը պատերազմից հետո: Իրենց գրասենյակը հազարավոր ահազանգեր է ստանում այն մասին, որ ծնողները տեղյակ չեն իրենց որդիներից, ինչպե՞ս են միայնակ գնում նրանց կամ նրանց մարմինները որոնելու, ինչպե՞ս են ադրբեջանցիների հետ պայմանավորվում, որ գտնեն իրենց զավակներին, ու այս կառավարությունը, որն «ամբողջությամբ անգործության է մատնված», սահմանափակում է օմբուդսմենի աշխատանքի հնարավորությունները:

Ժաննա Ալեքսանյանը համամիտ է`պատերազմի ընթացքում օմբուդսմենը լավ է աշխատել, նաեւ Արման Թաթոյանը հեղինակություն է ձեռք բերել, ինքն էլ շատերին ուղղորդում է օմբուդսմենի գրասենյակի հետ աշխատելու եւ հետպատերազմյան իրավիճակում ՄԻՊ աշխատանքի սահմանափակումները գնահատում է այսպես. «Այս կառավարությունը մեկ մարդու մասին անգամ չի կարող մտածել: Կառավարությունը թող կրճատի իր ցոփ ու շվայտ ծախսերը եւ օմբուդսմենի գրասենյակին հանգիստ թողնի»:

Հիշեցնում է, որ իրավապաշտպաններն այս ընթացքում թիրախավորվել են` «սորոսական» որակումներով. օմբուդսմենին դա ասել են, նա իրենց չի պաշտպանել, հրապարակային խոսք չի ասել այդ մասին, էլի հարցեր կան, որոնց հետ իրենք համաձայն չեն, քննադատում են օմբուդսմենին, բայց չեն կարող հաշվի չառնել իրողությունները`ի՞նչ է կատարվում եւ մարդիկ չգիտեն`ո՞ւմ դիմեն: «Ստեղծել եք այս իրավիճակը, մի հատ էլ չեք ուզո՞ւմ մարդկանց օգնել»,- ասաց նա`խոսքն ուղղելով կառավարությանը:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցն էլ խորհուրդ է տալիս Արման Թաթոյանին` չֆետիշացնել այս սատարումը, որովհետեւ մեզ մոտ ընդունված է`բարձրացնում են, հետո բարձր ամբիոնից այդ մարդն ընկնում է: Նաեւ նկատում է, որ իրականում այնպես չէ, որ Արման Թաթոյանը եւ իր ղեկավարած կառույցը աշխատել են, երբ դրա կարիքն իսկապես եղել է: Ասում է` օրինակներ կարող է բերել, որ այդ կառույցը պատշաճ դիրքում չի եղել, բայց նաեւ փաստ է, որ պատերազմի օրերին եւ դրանից հետո մեծ աշխատանք է կատարվել: Ըստ նրա, միջազգային հարթակներում այն, ինչը որ պետք է աներ պետությունն` իր տարբեր մարմիններով`չարեց եւ դա ծածկվեց ՄԻՊ-ի զեկույցներով: Նա էլ շատ բարձր է գնահատում պատերազմի ընթացքում երկու`ԱՀ եւ ՀՀ օմբուդսմենների աշխատանքը, իշխանությանն էլ առաջարկում է`հին հեքիաթների նման զգեստափոխվել`մտնել ժողովրդի մեջ, խոսել ու հասկանալ, թե ի՞նչ վերաբերմունք կա իրենց նկատմամբ, ոչ թե «գնալ կորտեժներով, բերել իրենց համախոհների եւ դըմփ-դըմփ-հու անել ու հիանալ»:

Նինա Կարապետյանցը տրամաբանություն չի տեսնում, թե ինչո՞ւ է իշխանությունը որոշել անել այդ փոփոխությունը`կրճատելով ՄԻՊ գրասենյակին տրամադրվող ֆինանսավորումը: Իր կարծիքով, զուտ մեխանիկական կրճատում է արվել`առանց հաշվի առնելու հետեւանքները, բայց սա, վստահաբար, բերելու է ՀՀ վարկանիշի անկմանը, եթե ՄԻՊ ինստիտուտի անկախությունն իսկապես կասկածի տակ դրվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031