«Կառավարությունը նախաձեռնել է մի նախագիծ, որը վերացնում է ՄԻՊ-ի անկախությունը գործադիրից եւ ԱԺ-ում կառավարող խմբակցությունից։ Այլեւս խնդիրներ բարձրաձայնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունը մարտի 11-ի նիստում որոշել է մարդու իրավունքների պաշտպանին զրկել ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքից, ինչը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ գործունեության տարեկան բյուջեն։ Արման Թաթոյանը հիշեցրեց՝ ՄԻՊ-ի մասին ՀՀ օրենքն ամրագրում է՝ ամեն տարի աշխատակազմի ֆինանսավորման համար պետբյուջեից հատկացվող չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա հատկացման չափից․ «Այս դրույթն ամրագրվեց 2016թ․-ին, եւ դա մեծ հաջողություն էր եւ ՄԻՊ գործունեության լավագույն միջազգային օրինակներից։ Այս պահին ՄԻՊ տարեկան բյուջեն կազմում է 532 միլիոն դրամ, որից աշխատանքի վարձատրության մասը հանած՝ տարեկան աճը կազմել է 2 միլիոն 350 հազար դրամ։ Այս նախագիծն առաջարկվել է դեռ 2020թ․ սեպտեմբերին, եւ կառավարությունում քննարկում եղել է պատերազմից մի քանի օր առաջ։ Այն ժամանակ ներկայացրի սկզբունքային առարկություններ, եւ ինձ ասացին երկու պատճառ, թե նման դրույթները խանգարում են միջազգային ներդրումներին, եւ երկրորդ՝ երկրում ֆինանսական բարդությունների դեպքում ֆինանսների վերաբաշխման տեսանկյունից ճկունություն չի լինի։ Այդ նիստից հետո որոշվեց քննարկումը հետաձգել»։
Արման Թաթոյանի խոսքով՝ ինքը ենթադրում էր, որ պատերազմի ընթացքում ՄԻՊ-ի աշխատանքի ծավալը եւ բարդությունները տեսնելով՝ կառավարությունը գուցե հրաժարվի իր մոտեցումից, բայց դա չեղավ․ «Հունվարին նախագիծը նորից քննարկվեց։ Այդ ժամանակ էլ ներկայացրի առարկություններ։ Ինձ այդ ժամանակ լրացուցիչ պատճառ ասացին՝ եթե պետությունն իմ աշխատակազմին լրացուցիչ գումար հատկացնի, օրինակ, շենքի նորոգման համար, հաջորդ տարի չեն կարող այդ գումարը հետ վերցնել։ Մի քանի տարի մենք պայքարում ենք, որովհետեւ մեր շենքային պայմանները չեն բավարարում, բայց ես ողջ ընթացքում ասում էի՝ եկեք քննարկենք, հասկանում եմ, որ պետությունը ֆինանսական դժվարություններ ունի, բայց կարելի է մեխանիզմներ մտածել այդ դրույթը փոխելու։ Առաջարկել էի՝ եթե երկրում պետական մարմինների կրճատումներ լինեն, ՄԻՊ-ի հետ քննարկելով հնարավոր էր ընդառաջ գնալ, մենք ինչքան պետք է՝ զիջումներ կանեինք, եթե իհարկե դա խտրական մոտեցում չլինի ՄԻՊ-ի հանդեպ։ Նախորդ տարի գործադիրի առաջարկով մենք գումարներ ենք վերադարձրել պետբյուջե։ Կառավարությունը չհամաձայնեց իմ առաջարկին»։
Արման Թաթոյանը շեշտեց, որ կառավարության այս նախագիծը խտրական է համարում․ «Սա ուղղված է ՄԻՊ գործունեությունը սահմանափակելուն։ Անուններ չասեմ, բայց, եթե, օրինակ, այլ պետական մարմիններ ենք ուսումնասիրում, կան նախարարություններ, որոնք ֆինանսավորվում են 9 կամ 32, կամ 200 միլիարդ դրամի չափով։ Կառավարությունից անկախ մարմիններ կան, որոնք մեկ միլիարդ դրամի չափով են ֆինանսավորվում։ Այս տարի հարյուր միլիոն դրամի չափով աճ ունեցող մարմիններ կան, իսկ մեր աճն ընդամենը երկու միլիոն է։ Ինչ վերաբերում է մեր բողոքների ծանրաբեռնվածությանը, ապա 2020թ․-ին մոտ 15 հազար բողոք ենք ստացել։ Միայն այս տարվա առաջին երկու ամսում 3000 բողոք ենք ունեցել։ Միայն 2020թ․-ին 12 000 զանգ ենք ստացել թեժ գծով։ Դրական լուծված գործերի ցուցանիշն աճել է մի քանի անգամ՝ համեմատած 2015-2016թթ․ հետ։ Հատուկ նշեմ, որ մեր աշխատանքի ծանրաբեռնվածությունը շեշտակի աճեց եւ նոր ոլորտներ ընդգրկեց պատերազմի ընթացքում եւ դրանից հետո՝ ռազմագերիների, անհետ կորածների վերաբերյալ աշխատանքներ, սահմանային խնդիրներ, մարզային այցեր․․․»։
Կարդացեք նաև
Արման Թաթոյանը նաեւ շեշտեց՝ ավելի վաղ կառավարությունը ՄԻՊ-ից «վերցրել» էր նաեւ ավտոմեքենաների մեծ մասը, ընդ որում՝ պատճառաբանել էին, թե պետական մյուս մարմիններն, օրինակ, ոտքով կամ տաքսիով են գնում կառավարական մի շենքից մյուսը, մինչդեռ ՄԻՊ-ի դեպքում դա հնարավոր չէ՝ այցելում են ՔԿՀ-ներ, ոստիկանության բաժիններ, երեխաների հաստատություններ, սահմանամերձ համայնքներ․ «Պատկերացրեք՝ գնում ենք ոստիկանության բաժին ստուգման եւ տաքսի ենք պատվիրում, պարտադիր պետք է բոլորն իմանա՞ն, որ այդտեղ ենք գնում։ Այդ այցերի մի մասը գաղտնի է արվում։ Եթե չենք այցելում, այդ հաստատություններում խնդիրները շատանում են»։
Արման Թաթոյանը մեկ այլ կարեւոր հանգամանք էլ ընդգծեց․ «Կառավարությունից ասում են, թե մեր բյուջեն, միեւնույնն է, ընդունում է ԱԺ-ն, ուստի եթե անգամ կառավարությունը ֆինանսավորման ցածր չափ ներկայացնի, դուք կգաք ԱԺ, ԱԺ-ն էլ չի հաստատի իրենց ասածը, այլ իմը կհաստատի։ Նախ ասեմ, որ դա անարդյունավետ երաշխիք է, որովհետեւ կառավարող խմբակցության կազմում հիմա կա 83 պատգամավոր։ Այս օրենքը փոխելու համար անհրաժեշտ է 80 պատգամավոր։ Հետեւաբար, քաղաքական որոշում կայացնելու դեպքում անգամ եթե ընդդիմադիր երկու խմբակցություններն ամբողջությամբ դեմ քվեարկեն, օրենքը՝ բյուջեի պակասեցումը, միեւնույնն է, փոխվելու է։ Հետեւաբար, սա ավելի վտանգավոր է, որովհետեւ քաղաքական իշխանության որոշմամբ՝ կախվածության մեջ ես ընկնում, այսինքն՝ կառավարող խմբակցությունից ես կախվածության մեջ ընկնում»։
Այս գործընթացի հետեւանքների մասին մանրամասն՝ տեսանյութում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ