Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի իշխանություն», կամ пипл хавает

Մարտ 09,2021 10:00

Պատերազմում մենք նվաստացուցիչ պարտություն ենք կրել, կորցրել ենք Արցախի 70 տոկոսը եւ շատ հնարավոր է՝ կորցնելու ենք ամբողջը, ունենք 4000-ից ավելի նահատակներ, թշնամին ուղղակիորեն սպառնում է Սյունիքին եւ սահմանամերձ այլ տարածքներին, տնտեսությունը փլուզվում է, պետական կառույցները մատնված են անգործության: Բայց Փաշինյանն ու կառավարությունը շարունակում են իշխել: Ինչո՞ւ: Պատասխանը պարզ է եւ հասկանալի՝ որովհետեւ մենք ապրում ենք «ժողովրդի իշխանության» օրոք՝ այն «ժողովրդի», որին վերը թվարկած աղետները չեն հետաքրքրում:

Բերեմ պարզ օրինակ: Իշխանությունը քարոզում է՝ բանակը սկսել է կառուցվել միայն 2018-ի հեղափոխությունից հետո (մինչ այդ միայն թալանվում էր), ավելին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած թուղթը ճանապարհ է բացում բանակաշինության համար:

https://www.youtube.com/watch?v=20_uOsOBqBU&ab_channel=Tert.am

«Ժողովուրդն» այդ անհեթեթությունն ընկալում է, կուլ է տալիս որպես ճշմարտություն. ինչպես ասում են ռուսական շոու-բիզնեսի ցինիկ մենեջերները՝ пипл хавает: Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Որովհետեւ այդ քարոզչությունն ուղղված է ոչ թե պետական կառույցների ժառանգականությանը, ինստիտուցիոնալ հիշողության ամրապնդմանը, այլ հակառակը՝ լյումպենական բնազդների բորբոքմանը: Եվ այդ «շարիկովյան» իրականության մեջ «հայրենիք», «բանակ», «պետություն» հասկացությունները չկան:

Նիկոլ Փաշինյանն, այդպիսով, ինքն իրենով ինչ-որ հրեշ չէ, ոչ էլ նույնիսկ՝ նորմայից շեղում: Նա, ավելի շուտ, լակմուսի թուղթ է, որն ի հայտ է բերել, թե ինչպիսին է «ժողովուրդը», որի իշխանության մասին վարչապետն այդքան սիրում է խոսել: Նա այդ «ժողովրդի» առաջնորդն է, նրա մտքերի, նրա աշխարհընկալման խտացված արտահայտությունը, միանգամայն ներդաշնակ է «ժողովրդի» մտավոր մակարդակի եւ մտածելակերպի հետ: Եթե այդ «ժողովուրդն» իսկապես կազմում է ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը, ապա դա նշանակում է միայն մի բան՝ մոտ ապագայում մենք կկորցնենք մեր պետականությունը, եւ դա կլինի ոչ թե Փաշինյանի, այլ «ժողովրդի» կամքով:

Անձամբ ես մնալու եմ Հայաստանում անգամ այն պարագայում, եթե մեր երկիրը դառնա Ռուսաստանի գուբերնիա (30 տարի ապրել եմ նմանատիպ կարգավիճակ ունեցող տարածքում) կամ նույնիսկ՝ Թուրքիայի վիլայեթ, ցավոք, այդ հեռանկարը նույնպես իրատեսական է, եթե «ժողովրդի իշխանությունը» շարունակվի: Բայց ես չեմ կարողանա համոզել որեւէ մեկին, այդ թվում իմ հարազատներին, որ նրանք չարտագաղթեն: Չեմ կարողանա համոզել նաեւ իմ այն համաքաղաքացիներին, որոնք այսօր շարունակում են ապրել «հպարտ քաղաքացու» միֆերով եւ խիստ անտարբեր են պետություն, բանակ եւ հայրենիք ունենալու հանդեպ: Կարծում եմ, առաջինն արտագաղթելու են այդպիսի քաղաքացիները, նույն ինքը՝ «ժողովուրդը», որի իշխանության օրոք մենք ապրում ենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Hay says:

    Կեցցե՛ Հայաստանի հպարտ նախիրը

  2. Հ.Շ. says:

    . Արցախի կորուստը՝ 70% է, միմիայն՝ հողային, նիւթական իմաստով: Մնացեալ բոլոր իմաստներով, կորուստը արդէն ամբողջական է:

    . Հայաստանի հողային – լայնածաւալ – կորուստներու մասին ահազանգները անտրամաբանական են, մինչեւ այն ատեն որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պաշտօնական դաշինքները չեն չեղարկուած: (Այժմ տեղի ունեցածը՝ նոր գոյացած, հազար քիլոմեթրից աւելի երկար, Հայաստանի արեւմտեան լրի՛ւ սահմանագծի հաստատումն է. չափազանց ցաւագին գործընթաց մը, պարտուած կողմին համար – որու ռազմական կարողականութիւնը ոչնչացած է -, մինչ յաղթական կողմը՝ «կրծում» է առաւելագոյնը, որ կարողանում է) :

    . Ճիշդ է որ Փաշինյանը, առաջին օրէն մինչեւ այսօր եւ դեռ մինչեւ վերջին օրը, ճշգրիտ արտացոլացումն է՝ Հայաստանի բնիկներու նշանակալից մեծամասնութեան (ոչ միայն տակաւին այդտեղ բնակողները, այլ գոնէ կէս դարէ ի վեր տեւաբար արտագաղթածները) : Փաշինյանն ու իր վարչակարգը՝ պարզապէս ախտանշաններ են: Իրենք չէ, որ խաբեցին ոեւէ մէկին. այլ վերջ դրին ոմանց ինքնաբէութեան (մերսի) :

    . Քանի որ Դուք է, որ Ձեր անձնական օրինակն էք բերում, յարգելի եւ իսկապէս համակրելի Խմբագիր, թոյլ տուէք ասել թէ Դուք, այս կամ այն ձեւով, որեւէ դէպքում, հանգիստ եւ իմաստալից կեանք էք ունենալու Հայաստանում: Սակայն բնակչութեան քանի՞ տոկոսը կը գտնուի Ձեր կացութեան մէջ… Քանի՞ հոգի կայ այդտեղ, Ձեր նման, այլազան տեսանկիւններից…

    . Սակայն խնդիրը, ասկէ ետք արտագաղթողները չեն: Այլեւս անհնար ու անիմաստ է անոնց այպանելը: Խնդիրը՝ Անկախութենէն առաջ (տասնամեակներ շարունակ) եւ անմիջապէս ետք (լման երեսուն տարիները ամենառաջին օրէն սկսեալ), Հայաստանը լքող հայաստանցիներն էին: Որոնք չվերադարձան, ոչ իսկ նուազագոյն քանակով, երբ որ մինչդեռ վերացան այն պատճառները որոնք իրենց կը նշէին որպէս իրենց մեկնումի էական դրդապատճառը (= սովետական կարգերը, ապա՝ Երեւանը-գրաւած-չար-եւ-հրէշային-ղարաբաղցիները. իսկ Անկախութեան ամենաառաջին մի քանի տարիներուն արտագաղթողները, այդ թափանցիկ պատրուակները իսկ չունին: Նախապէս մեկնողներից հսկայական հատուած մը, Անկախութենէն ետք, մի անգամ իսկ, որպէս պտոյտ, չեն այցելած անգամ Հայաստանը… )

  3. Սարգիս Զեյթունյան says:

    «Կորցրել ենք Արցախի 70 տոկոսը եւ շատ հնարավոր է՝ կորցնելու ենք ամբողջը, ունենք 4000-ից ավելի նահատակներ… Բայց Փաշինյանն ու կառավարությունը շարունակում են իշխել»:
    Էլ ինչպե՞ս հրեշ չէ: Այն էլ ինչպիսի հրեշ է. հրեշ՝ նորմայի շեղումով: Ինքը նույնիսկ Անասնաֆերմայի Նապոլեոն խոզի չափ չկա, որ կարողացավ 2 անգամ հետ մղել թշնամուն ու քչից շատից տնտեսությունն աշխատեցնել: Այ, Ձեր ասած «ժողովուրդը» մեկին-մեկ է կրկնում անասնաֆերմայի հայտնի ներկայացուցիչներին՝ իրենց «չորս ոտք լավ, երկու ոտք վատ» կոչով:

  4. Հ.Շ. says:

    («արեւմտեան լման սահմանագիծը» գրել կ’ուզէի անշուշտ… արեւմտեանը լրիւ ու բացառապէս պահում է արդէն Ռուսաստանը… մինչեւ այն ատեն որ ի զօրու կը մնան պատկան դաշնագիրները…)

  5. Seyran says:

    Երկւ հազար տարի առաջ Հռոմի կոնսուլ Պիղատոսը ժողովրդի դատին է տալիս չորս ամբաստանյալների ճակատագիրը որոշելու իրավունքը՝արդյունքում Քրիստոսին երկու ավազակների հետ խաչելիության են դատապարտում,իսկ Բարաբային ազատ են արձակում:Այդ դեպքից հետո բոլոր ընտրությունների ժամանակ ժողովրդին ,,թույլատրում,,են իրենց կարծիքը արտահայտելու,բայց ընտրությունների արդյունքները ամփոփում են ըստ նպատակահարության՝օրինակը,ԱՄՆ վերջին ընտրությունները:Նախորդի ժամանակ նախագահի ճակատագիրը թողնվել էր ,,ժողովրդի,,կամքին և ընտրվել էր Թրամպը՝որին չեին սպասում:
    Այն երկրներում,որտեղ ընտրության ճակատագիրը վստահվում է ,,ժողովրդին,,,այնտեղ տեղի են ունենում աղետներ….:Ես չեմ հավատում,որ որևէ երկրում տեղի են ունենում 100 տոկոսով արդար ընտրություններ՝ուղղակի ժողովրդական համարում ունեցող երկրներում պարտվող կողմը լռում է իր երկրի հեղինակությունը չխաթարելու համար,իսկ մեր նման երկրներում արդեն մինչև ընտրությունները հայտարարում են,որ ընտրությունները կեղծվելու են՝թքած ունեն երկրի հեղինակության վրա՝եթե իրենք չեն ղեկավարելու այդ երկիրը…,կամ էլ 20տոկոս ձայն ստացած թեկնածուն իրեն հայտարարում է ընտրված նախագահ և երկիրը տանում առճակատման և այլն…:

  6. Լավատես says:

    Հալած յուղի տեղ պետք չի դնել, բայց նմանությունները շատ են մեր դեպքերի եւ դեմքերի հետ, որը հավանական է, որ մի քաղաքական սցենարիստ է գրում եւ մի ռեժիսոր է ղեկավարում:
    https://www.gazeta.ru/science/2020/08/04_a_13176937.shtml
    Հիմա նոու հաու հնարեմ 🙂 Քաղաքական կուսակցություները թողարկում են սեփական քաղաքական ակցիաները եւ վաճառում քաղաքական բորսայում քաղաքացիներին, քաղաքագետները բրոկերի դեր են կատարում բորսայում: Միանգամայն արդար, թափանցիկ, մասնագիտական բարձր մակարդակով ընտրությունները կապահովեն լավագույնների մուտքը դեպի պետական համակարգ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031