Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում տեղադրված վրանները հանվեցին․ պատճառը սպասվելիք անձրեւներն են

Փետրվար 28,2021 14:07

Կիրակի՝ փետրվարի 28-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղադրված վրանները չկային։

Հիշեցնենք, որ «Լեռնահայաստան» ազգային շարժումը բողոքի ակցիաներ էր նախատեսել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու հավաստիացնելով, որ սյունեցին բանակի կողքին է։

 

Փաստորեն, մեկօրյա պայքարն ավարտվեց շաբաթօրյա հանրահավաքով, չնայած «Լեռնահայաստան» ազգային շարժման անդամ Խորեն Հարությունյանը մեզ հետ ունեցած զրույցում նշել էր, որ ակցիան անժամկետ է։

Ինչո՞ւ անժամկետը դարձավ մեկ օր։ «Մենք մեր պահանջը ներկայացրինք, հանրահավաք ու քայլերթ կազմակերպեցինք։ Վրանների հավաքումը դեռ չի նշանակում ոչինչ։ Պարզապես, առաջիկա շաբաթ անձրեւային եղանակ է սպասվում Կապանում եւ գտանք, որ անիմաստ է վրաններում մնալը։ Չեմ բացառում, որ մեկ շաբաթ հետո ավելի հուժկու նորից սկսվեն բողոքի ակցիաները»,–ասաց Խորեն Հարությունյանը։

Նշենք, որ կապանյան հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը՝ վարչապետից պահանջելով մեկ բան՝ վերջակետ դնել ու հեռանալ։

Ըստ սոցցանցերում քննարկվող թեմաների, կապանյան հանրահավաքի մասնակիցները իրենց կամքով չէին եկել, այլ նրանց որոշ ուժեր հորդորել էին ներկայանալ։ Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի տեղակալ Վրեժ Բադալյանից, որը վարում էր նաեւ հանրահավաքը, Aravot․am-ը փորձեց պարզել, թե ում հրահանգով է մասնակցել հանրահավաքին։ «Ես պատմաբան եմ, ոչ մեկը չի կարող ինձ ստիպել։ Իմ կամքը, իմ սիրտը, իմ թելադրանքը ինձ տարավ հանրահավաք։ Ես ուզում եմ, որ երկիր պառակտողները, մեղավորները պատժվեն»,-ասում է Վրեժ Բադալյանը։

 

Նրա խոսքով, այս ամենի մեղավորն իշխող համակարգն է։ Ելույթ ունենալով հանրահավաքում՝ Վրեժ Բադալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց ոչինչ չխոստանալ, չնվիրել հայ ազգին, այլ լուռ հեռանալ, քանի որ պատճառները շատ են։ «Խոստացար արժանապատիվ բանակցություններ՝ նվիրեցիր պատերազմ, խոստացար համերաշխություն՝ նվիրեցիր պառակտում, խոստացար հպարտ հայություն՝ նվիրեցիր գլխիկոր հայություն, խոստացար անպարտություն՝ նվիրեցիր պարտություն, խոստացար անվտանգ Հայաստան՝ նվիրեցիր վտանգված Հայաստան, խոստացար սեր մեկմեկու նկատմամբ՝ նվիրեցիր ատելություն, խոստացար հուսալի ապագա՝ 5000-ից ավելի երիտասարդի ծաղկուն կյանքի շիրիմներ նվիրեցիր։ Մեզ ոչինչ մի նվիրիր, պարզապես լուռ հեռացիր»,–կոչ արեց Վրեժ Բադալյանը։

Լուսանկարները՝ Նվեր Զելյայի ֆեյսբուքյան էջից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728