Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ մեր քաղաքացու հարկերը և սփյուռքից եկող գումարները ծախսվում էին մի տարածքի վրա, որը նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին. արձագանքներ Սերժ Սարգսյանի հարցազրույցին

Փետրվար 16,2021 12:08

Արձագանքներ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին:

Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ բանակցությունների ողջ ընթացքում բոլոր հնարավոր լուծումներով ենթադրվում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին։

Եթե դա այդպես էր, ապա ինչո՞ւ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում Կովսականի (Զանգիլան), հարակից գյուղերի, Սանասարի (Կուբաթլու) վրա, նոր քաղաք էր կառուցվում Արաքս գետի վրա (Արաքսավան), ահռելի ծախսեր էին կատարվում Մեխակավանի (Ջաբրայիլ) վրա և այլն։

Ստացվում է, որ մեր քաղաքացու հարկերը և սփյուռքից եկող գումարները ծախսվում էին մի տարածքի վրա, որը նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին։ Այսինքն, մենք այնքան հարուստ էինք, որ նրանց համար քաղաքներ ու գյուղեր էինք կառուցում։

Ավելին, մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկային պորտֆելներ են տրամադրվել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջաններում գործարարություն իրականացնելու համար (հիմնականում՝ ՀԷԿ-եր)։

Արդյոք իմաստ կա՞ր պետության երաշխիքով բանկերից ահռելի վարկեր վերցնել, եթե դրանք միևնույն է՝ պետք է փոխանցվեին Ադրբեջանին։

Ի՞նչ նպատակով են իրականացվել այս բոլոր ծախսերը, եթե դրան զուգահեռ բանակցություններ էին գնում 5+2 շրջանները հանձնելու վերաբերյալ։

Ռուբեն Ռուբինյան

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հաստատեց, որ 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացը հասել էր մի կետի, որում հայկական կողմի բանակցողը՝ այսինքն` ինքը, պատրաստ էր ստորագրել փաստաթուղթ, որով պետք է հանձնվեին 5+2 շրջանները, իսկ Արցախի կարգավիճակի ճշգրտումը պիտի թողնվեր անորոշ ապագային, ընդ որում՝ ամրագրված չէր լինելու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հարցի՝ սահմանափակված չլինելը։ Ըստ էության՝ տարածքներ խաղաղության դիմաց։

Lավ է, որ պարոն Սարգսյանը սա կրկին հաստատեց։

Բայց այստեղ երկու հարց է առաջ գալիս․

1. Ինչո՞ւ էին Սերժ Սարգսյանի թիմակիցները հեղափոխությունից հետո ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանին մեղադրում մի բանում, ինչը հենց իրենք էին պատրաստվում անել (տարածքների վերադարձ)։

2. Ի վերջո, ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին այժմ մեղադրում է տարածքներ հանձնելո՞ւ, թե՞ չհանձնելու մեջ։

Ամբողջ բանակցային գործընթացի և պատերազմի սկսման հանգամանքների վերլուծության շուրջ բանավեճի համար կարևոր է հատկապես երկրորդ հարցի պատասխանը, որովհետև, համաձայնեք, անհնար է միաժամանակ ներկայացնել երկու իրարամերժ մեղադրանք և, առավել ևս, միաժամանակ հակադարձել դրանց։ Այլ կերպ ասած՝ չի կարող իրապես բովանդակային բանավեճ սկիզբ առնել, պատկերավոր ասած, «հողատու, ինչո՞ւ չհանձնեցիր հողերը» ինքնահակասող մեղադրանքից»:

Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. 2019թ. խորհրդարանական ընտրությունների բանավեճում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե «հայ ժողովուրդը Ղարաբաղի հարցն արդեն լուծել է», այսինքն` զիջելու բան չկա։ ԲՀԿ-ն 5-ից ավել, իսկ ՀՅԴ-ն 10 տարի կոալիցիա են կազմել ՀՀԿ-ի հետ՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ: Չնայած Գագիկ Ծառուկյանը համարել է, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, Սերժ Սարգսյանը 10 տարի շարունակ բանակցել է «արդեն իսկ լուծված խնդրի» լուծման համար։ Իսկ ազգահավաքի ու հողահավաքի կողմնակից ՀՅԴ-ն միշտ դավաճանության մեջ մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, որի ընդհանուր պետությունն ավելի լավն էր, քան Սերժ Սարգսյանի համաձայնած Կազանյան փաստաթուղթը, իսկ ամենավատը նրա բանակցած Լավրովյան պլանն է։ Այդ նույն ուժերը սատարել են Ռոբերտ Քոչարյանին, որը բանակցել է Մեղրիի տարբերակն ու Ադրբեջանի հետ ընդհանուր պետությունը՝ նշված 2-ի դեպքում էլ համարելով, որ 7 կամ 6.5 շրջանը ենթակա են վերադարձի, այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի փոխզիջումային դաշտում են եղել։ Արցախի իշխանությունները և ժողովուրդը չեն վստահել Լեոն Տեր-Պետրոսյանին՝ համարելով, որ նա ծախում է Ղարաբաղը… բայց վստահել են Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որովհետև Ղարաբաղից էին։ Հետաքրքիր է, թե վերոնշյալ բոլորի եփած այս ամբողջ աջափսանդալից հետո Սերժ Սարգսյանին հարցազրույցին ինչ կպատասխանեն նրան աջակցած Գագիկ Ծառուկյանը ու ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արցախի իշխանություններն ու հասարակությունը…. Չէ որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը երբեք ոչ մի թիզական չի եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728