Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըստ Ձեզ՝ իսկ ո՞վ էր նկարում Էդմոն Մարուքյանին». Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում բացթողումների և ձեռքբերումների, Էդմոն Մարուքյանին մենակ թողնելու հարցերի մասին

Հունվար 27,2021 16:14

«Առավոտի» հարցերին պատասխանում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

-Պարո′ն Ռուբինյան, երեկ տեղեկացրել էիք, որ Ստրասբուրգում հանդիպումներ եք ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։ Նշել եք, թե պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում: Խնդրում եք նշեք՝ որևէ հստակ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցով:

-Աշխատանքային պայմանավորվածություններ կան, բայց թույլ տվեք դրանց մասին չմանրամասնել: (ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ հարցը չի ընդգրկվել օրակարգում այն հիմնավորմամբ, թե նախատեսվում է առանձին զեկույց պատրաստել հումանիտար խնդիրների թեմայով, ուստի այդ հարցը գտնվելու է ուշադրության կենտրոնում։ Զեկույցի հեղինակը լինելու է իռլանդացի պատգամավոր Փոուլ Գավանը.-խմբ.) :

-ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության գործունեությունը ձմեռային նստաշրջանի ընթացքում շատ քննադատվեց, դա սկսվեց նրանից, որ ռազմագերիների հարցը չհաջողվեց որպես ընթացիկ քննարկում ներառել օրակարգում: Իսկ ինչո՞ւ չէինք դիմել նաև հրատապ քննարկման համար:

-Ընդհանրապես այդ քննադատությունները մի փոքր անհասկանալի էին: Ի սկզբանե ակնհայտ էր, որ նաև այլ պատվիրակություններ դիմել էին Նավալնիի հարցով և՛ հրատապ, և՛ ընթացիկ քննարկում կազմակերպելու համար: Ակնհայտ էր, որ հարցերից մեկը դա է լինելու: Քիչ կարող էր լինել հավանական, որ մեր առաջարկած հարցը կհաստատվի: Այնուամենայնիվ, մենք դիմել էինք, որովհետև նույնիսկ մեր առաջարկը, որը պիտի քննարկվեր, նույնպես քննարկում էր, դրա արդյունքում ռազմագերիների հարցը քննարկվել է Բյուրոյում և քաղաքական խմբերում: Նաև դրա արդյունքում ԵԽԽՎ երկու քաղաքական խմբերի ղեկավարներ գլխավոր քարտուղարին են հարց ուղղել:

Ռազմագերիների հարցով մեկ այլ խմբի ղեկավար իր ելույթում նշեց անհրաժեշտությունը ռազմագերիների փոխանակման վերաբերյալ, այնպես որ, ինքնին մեր նպատակը, հաշվի առնելով իրողությունները և ընդհանուր տրամադրվածությունը Նավալնիի հարցի հետ կապված, հենց դա էր, ոչ թե այն մտքով, որ դա պետք է ներառվի քննարկման հարցերի մեջ, այլ հենց այդպես նաև ուշադրություն հրավիրել թեմայի վրա:

Նշեմ, որ ընդունվել է մոնիտորինգային հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ բանաձև, որում այդ թվում նաև մեր առաջարկած փոփոխությունների արդյունքում հստակորեն կոչ է արվում ռազմագերիների անհապաղ փոխանակման գործընթացն ավարտին հասցնել և զերծ մնալ ատելություն պարունակող և ոչ կառուցողական հայտարարություններից և ապահովել մշակութային ժառանգության անվտանգությունը:

-Բայց նույն այդ բանաձևում հավասարության նշան է դրվում. մասնավորապես ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է զերծ մնան քաղաքական երկխոսությանը վնասող հռետորաբանությունից:

-Սա նորություն չէ: Երեսուն տարի երկու կողմին է կոչ արվում, բայց այստեղ ակնհայտ է, չէ՞, որ հայկական եկեղեցիներն են վտանգի տակ, ոչ թե ադրբեջանական, ակնհայտ է, չէ՞, որ խոսքը հայ ռազմագերիների մասին է, ոչ թե ադրբեջանցիների, նաև այն պատճառով, որ Ադրբեջանն է խափանում գործընթացը: Այնպես որ, այս առումով սա նաև դրական է:

Պետք է նաև փաստեմ՝ երեկ ես հարց եմ ուղղել Գերմանիայի ԱԳ նախարարին, և Գերմանիան այժմ նախարարների կոմիտեի նախագահող է, հարց եմ ուղղել պատերազմի ընթացքում սիրիացի վարձկանների օգտագործման վերաբերյալ, թե Գերմանիան ի՞նչ է պատրաստվում անել այս ուղղությամբ: Գերմանիայի ԱԳ նախարարը նախ հաստատել է, որ պատերազմի ընթացքում օգտագործվել են սիրիացի վարձկաններ, որ դրանք օգտագործվել են նաև Լիբիայում և այլ վայրերում, և նաև նշել է, որ ամենայն հավանականությամբ՝ ըստ հետախուզական տվյալների՝ այդ վարձկաները դեռ ռեգիոնում են, և պարզ է, թե ինչ նպատակով:

-Լիագումար նիստերի ընթացքում տեսանք, թե ինչպես են ադրբեջանցի պատվիրակները հաթաթա տալիս հայերին՝ սկսած նրանից, որ Ձեր ելույթը սուտ անվանեցին, վերջացրած նրանով, որ հայտարարեցին, թե իբր Ադրբեջանը միջազգային կազմակերպությունների վրա բեռ եղած հարցն իր վրա վերցրեց ու լուծեց այն, սակայն այդպես էլ արժանի հակահարված ԵԽԽՎ պատվիրակների կողմից չտեսանք:

-Նախ, ի տարբերություն նախորդ նստաշրջանների, չէի ասի, որ ադրբեջանցի պատվիրակներն ագրեսիվ էին: Իրենք փորձում էին երեսպաշտորեն խոսել իբր վստահության մթնոլորտի ստեղծման, խաղաղության մասին, և նպատակը պարզ է՝ ուզում են շեղել թեման հումանիտար հարցրից, նաև հենց նույն վարձկանների, ատելության հարցերից: Սա է իրենց ռազմավարությունը: Մեր պատվիրակության բոլոր անդամները հենց սա են բարձրաձայնել իրենց ելույթներում և այն խնդիրները, որոնք կան, այդ թվում ռազմագերիների հետ կապված հարցերը:

Համաձայն չեմ այն մտքի հետ, որ ոչ հայ պատվիրակների կողմից դա արձագանքի չի արժանացել: Հենց այն փաստը, որ երկու քաղաքական խմբերի ղեկավարները ռազմագերիների վերաբերյալ հարց են բարձրացրել, այն փաստը, որ մեկ այլ քաղաքական խմբի ղեկավար իր ելույթում է դա նշել, որ նույն Գերմանիայի ԱԳ նախարարն է խոսել վարձկանների մասին և հաստատել դրանց գոյության և ներկայության փաստը, ու այն փաստը, որ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցում են ներառված բոլոր խնդրահարույց կետերը և կոչ է արվում ռազմագերիների անհապաղ փոխանակում կատարել՝ նշանակում է, որ ԵԽԽՎ-ն ընդհանուր առմամբ չի խաբվում ադրբեջանական լղոզումներին:

-Սակայն ԵԽ գլխավոր քարտուղարը ձեր ասած լղոզված կերպով արձագանքեց հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցին, սա մի՞թե չի նշանակում, որ առանձնապես լուրջ մտադրություն չունեն հարցը լուծել: Իսկ ի՞նչ ճանապարհային քարտեզի մասին էր նա ասում:

-Ճանապարհային քարտեզի վերաբերյալ նաև իր հետ առանձնազրույցում եմ խոսել: Քանի դեռ չի ներկայացրել, չգիտեմ:

-Անձամբ Դուք գո՞հ եք արձագանքից:

-ԵԽ գլխավոր քարտուղարի հետ զրույցում նաև խոսեցինք ԵԽ պաշտոնյաների՝ Արցախ այցելության մասին: Գլխավոր քարտուղարն ասաց, որ իր դիրքորոշումը հստակ է, որ ԵԽ պաշտոնյաները պիտի այցելեն Արցախ: Եվ սա կարևոր է:

Ընդհանուր առմամբ, եթե ի մի բերեմ, իհարկե, մենք բոլորս կուզեինք, որ բոլոր միջազգային կառույցները աներկբա արձանագրեին մեզ անհանգստացնող խնդիրները, ոչ միայն հիմա կուզեինք, այլ միշտ ենք այդպես ուզել: Բայց պետք է նաև հաշվի առնել, որ ընդհանրապես միջազգային կառույցները հիմնականում շատ զգույշ են լինում, և պետք է շարունակել աշխատել ու ճնշում գործադրել, որպեսզի գործը առաջ գնա, և համապատասխան գնահատականներ տրվեն: Ընդհանուր առմամբ բավարար եմ գնահատում բոլոր արձագանքները:

-Էդմոն Մարուքյանն ինչո՞ւ էր միայնակ բողոքի ցույց անում: Ինչո՞ւ հայկական պատվիրակության մյուս անդամները նրան չէին միացել:

-Ամեն ինչ համաձայնեցված էր: Նորմալ էր: Կարող եք համարել, որ դա միայն Էդմոն Մարուքյանի ակցիան չէր, այլ ամբողջ պատվիրակության:

-Այդ դեպքում ինչո՞ւ իմքայլական պատգամավորները նրա կողքին չէին:

-Ըստ Ձեզ իսկ ո՞վ էր նկարում Էդմոն Մարուքյանին:

-Ենթադրենք, մեկ հոգի նկարում էր, իսկ մյուսնե՞րը:

-Պետք էր իրականացնել ակցիա, ակցիան իրականացվել է…

Ուզում եմ նաև մի հարցի էլ անդրադառնալ: Տեսել եմ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ինչ-որ հայտարարություն է արել՝ ըստ որի մոնիտորինգի հանձնաժողովի բանաձևում հայկական կողմի բոլոր առաջարկները մերժվել են: Դա այդպես չէ. մի շարք առաջարկներ, այդ թվում ռազմագերիների վերաբերյալ, ընդունվել են:

-Իսկ հայկական պատվիրակության ո՞ր առաջարկություններն են մերժվել:

-Մենք շատ առաջարկություններ ենք ներկայացրել: Մի մասն ընդունվել է մի մասը՝ մերժվել, և դա նորմալ է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031