Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահրամ Աթանեսյան․ «ԼՂ հակամարտության կարգավորման դիվանագիտական ամենամեծ ձեռքբերումը եղել է 1997-ին․ եթե վարչապետն ուրանում է դիվանագիտական այդ ձեռքբերումը, ապա դա իր խնդիրն է»

Հունվար 21,2021 22:40

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ դիվանագիտական աշխատանքների մասին ուշագրավ հայտարարություն է արել։ Պարոն Փաշինյանն ասել է․«․․․Բանակցային գործընթացում եղել է պարտադիր պայման ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի եւ ԼՂ մնացած հատվածներ: Ո՞նց էր լինելու, որ 30 տարի ոչ մի դիվանագիտական հաջողություն չէր եղել, մեկ էլ հո՛պ, մի օր այդ դիվանագիտական հաջողությունն օդից պետք է ընկներ: Չէր կարող լիներ այդպիսի բան»։

Aravot.am-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Ավանեսյանն ի պատասխան մեր հարցի՝ արդյոք 30 տարիներին հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական հաջողություն հայկական կողմը չի՞ արձանագրել, հիշեցրեց 1997 թվականը։

Պարոն Աթանեսյանն ասաց․«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեկ հնարավորություն եւ ամենաօպտիմալ տարբերակը մենք ունեցել ենք 1997 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած կարգավորման փուլային տարբերակը։ Այն ենթադրում էր զինված հակամարտության ավարտ, զինված հակամարտության մասին եռակողմ՝ Ադրբեջան-ԼՂ- ՀՀ համաձայնագրի ստորագրում, որը կասեցվել է, չի իրականացվել ԼՂ իշխանության, ՀՀ այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի եւ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի դիմադրության պատճառով։ Դիվանագիտական ամենամեծ ձեռքբերումը, որ Հայաստանն ունեցել է, 1997 թվականին է եղել։ Եթե այսօրվա գործող վարչապետն ուրանում է դիվանագիտական այդ ձեռքբերումը, ապա դա իր խնդիրն է»։

Պարոն Աթանեսյանը նաեւ նշեց՝ գործող վարչապետն առաջինը չէ, որ դիվանագիտական այդ ձեռքբերումն ուրանում է․ «Նրանից առաջ ուրացել են ՀՀ 2-րդ, 3-րդ նախագահները, քաղաքական դաշտի առաջատար դերակատարները, քաղաքական ուժերը՝ ՀՅԴ, ՀՀԿ, ԱԺՄ-ն՝ ի դեմս այսօրվա ընդդիմության՝ վարչապետի միասնական թեկնածուն, եւ այլն։ Այդ ուժերը հարցը տարել են դեպի դիվանագիտական փակուղի, ինչն, ի վերջո հանգեցրել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմին, որն ավարտվեց աղետալի հետեւանքներով։ Հակամարտության կարգավորման այդ տարբերակը պաշտպանում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց նրան չհաջողվեց կյանքի կոչել»։

Երեկ Նիկոլ Փաշինյանը նաեւ Շուշիին է անդրադարձել․ «Ընդհանրապես, բանակցային ողջ գործընթացում, ոչ միայն հիմա, չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն:

Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակով: Եվ մեկ էլ ասում եք՝ բա հայտարարել ես՝ Արցախը Հայաստան է: Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, ուրեմն ձեւակերպեք ձեր այդ դիրքորոշումը եւ պաշտոնապես արձանագրեք»:

Վարչապետի այս հայտարարությունը, որը նա առաջին անգամ չէ անում, հանրության որոշ շրջանում դժգոհություն է առաջացրել։ Սակայն, պարոն Աթանեսյանը Շուշիի վերաբերյալ վարչապետի այս հայտարարության մասին ասաց՝ պետք չէ կոնտեքստից կտրել Հայաստանի վարչապետի ասածը, նա արձանագրել է խորհրդային իրողությունը․ «Նրա հայտարարությունն է եղել՝ Խորհրդային տարիներին Շուշին իննսուն եւ ավելի տոկոսով բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Այսինքն, Խորհրդային միության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում իննսուն եւ ավել տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը այդ կարգավիճակը համարո՞ւմ եք հայկական։ Ես գործող վարչապետի առաջին քննադատներից մեկն եմ, բաց նամակով դիմել եմ Շուշիի հայ բնակչության հասցեին Ալիեւի հնչեցրած սպառնալիքների կապակցությամբ եւ փորձել եմ պարզել ՀՀ վարչապետի վերաբերմունքը։ Բայց այն, ինչ երեկ ասել է Փաշինյանը, պետք չէ կոնտեքստից կտրել՝ Շուշին Խորհրդային տարիներին ադրբեջանցիներով է բնակեցված եղել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031