Լրահոս
Օրվա լրահոսը

«Ափսոս չհասցրեց տանկիստի համազգեստով տուն գալ». հերոսի մորաքույր

Հունվար 11,2021 17:45

Լուսինե Այվազյանը Aravot.am-ի հետ զրույցում հուզմունքով է պատմում հայրենիքի պաշտպանության համար անմահացած քրոջորդու՝ Պարգեւ Սեդրակյանի մասին, որն ընդամենը 19 տարեկան էր: Ասում է՝միասին են մեծացել, Պարգեւի հետ տարիքային տարբերությունն ընդամենը 5-6 տարի էր: Տղան ավարտել էր Երեւանի Ռուբեն Միրոյանի անվան 77 դպրոցը, ապա Եվրոպական քոլեջն ու ընդունվել Եվրոպական համալսարան: Պարգեւը ապագա տնտեսագետ էր: Զորակոչվել էր բանակ ու հաճույքով էր ծառայում, կրտսեր սերժանտ էր, տանկիստ:

Մորաքույրն ասում է, որ Պարգեւը անչափ հետաքրքրասեր ու բազմաշնորհ երիտասարդ էր, դաշնամուր էր նվագում, երգում էր, նկարում, բանաստեղծություններ գրում, խեցեգործությամբ ու սպորտով էր զբաղվում, ըմբշամարտ էր պարապում, շատ էր սիրում ֆուտբոլ: «Ֆուտբոլն իր երազանքն էր, հատուկ դաշտ ունեին, ընկերներով գնում էին այնտեղ ֆուտբոլ խաղալու»,-նշում է Լուսինեն:

Մորաքրոջ խոսքով, Պարգեւը վիրավորվել էր հոկտեմբերի 13-ին. «Այդքան ժամանակ, որ մեր հետ խոսել է, միշտ ասել է՝ լավ է, մարտական գործողությունների չի մասնակցում, չի կռվում, որ չանհանգստանանք, իրականում շատ թեժ կետերում է եղել, քանի անգամ մազապուրծ փրկվել են մահից…Հոկտեմբերի 13-ին առավոտ շուտ դեպքը կատարվեց, իրենք մեքենայի մեջ էին, երբ ուզել են տեղաշարժվել, իրենց նկատել են, սկսել են տարբեր զենքերից խփել, մեքենան պայթել է: Ինձ ասացին, որ թիկունքով փակել է մի քանի զինվորների, ինքն է վնասվել: Ունեցել է գլխի, իրանի, վերին վերջույթների եւ այլ վնասվածքներ… Հետո երկու վիրահատություն է տարել, վերջինը՝ 5 ժամանոց…Դրանից հետո Պարգեւն 8 ժամ ապրել է, բայց հոկտեմբերի 14-ի առավոտյան մահացել է»:

 «Պատերազմից առաջ Պարգեւն իր մայրիկին մեկ օր ժամանակ էր տվել, որ որոշի, թե ինքն ինչ հագուստով տուն գա: Մայրն ասել էր՝ ուզում եմ տանկիստի՝ քո համազգեստով տեսնել…Ափսոս չհասցրեց այդ համազգեստով գալ, անգամ արձակուրդ չկարողացավ գալ»,- ասում է Լուսինեն:

Հավելում է. «Հրամանատարը խոստացել էր, որ շուտով կոչումը բարձրացնելու է, ուրախացել էր, զանգել էր՝ պատմում էր, բայց, ցավոք, դեպքի օրը երկուսն էլ անմահացան»:

 Հերոսը սիրած աղջիկ ուներ, բազմաթիվ սիրուն երազներ, այժմ Պարգեւն ապրում է երկնային կյանքով, իսկ տանն իր անկյունն ունի, որտեղ նրանից մնացած իրերն են, թանկ մասունքներ: Մորաքույրն ասում է, որ Պարգեւին զոհվելուց 47 օր հետո են գտել, փնտրել են տարբեր հիվանդանոցներում, որովհետեւ ասում էին՝ վիրավոր է, բայց ողջ է, մինչդեռ մահացած էր: Նոյեմբեր 29-ին նրա մարմինը գրկել է մայր հողը:

«Պարգեւը շատ էր սիրում իր ծառայությունը, իր տանկն էր սիրում, ամեն անգամ, երբ զանգում էր իր մամային, ասում էր՝ մամ, մեքենայիս մոտ եմ գնում, մեքենաս եմ մաքրում, տանկը մեքենա էր անվանում, ծառայության ժամանակ երբեք չէր տրտնջում…Պատերազմի ժամանակ էլ միշտ իրեն այնպես էր պահում, որ տանեցիները զանգելիս չանհանգստանան, միշտ ասում էր՝ լավ եմ, ամեն ինչ նորմալ է»,- նշում է մորաքույրը ու հավելում, որ ծառայակիցների բնորոշմամբ եւս նա քաջ ու հայրենասեր երիտասարդ էր:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Լուսինե Այվազյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031