ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի թեմայով ճեպազրույցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ ասաց, որ ՌԴ-ն հետեւում է ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի ստորագրած եռակողմ համաձայնագրի իրականացմանը:
Ինչ վերաբերվում է գերիների եւ անհայտ կորածների վերաբերյալ հարցին, որը փակուղում է հայտնվել, ինչի համար ծնողները դիմել են նաեւ ՌԴ նախագահին, ՌԴ ԱԳ նախարարը պատասխանեց. «Ռազմագերիների եւ մարմինների փոխանակման հարցի առնչությամբ կողմերը դիմել են ԿԽՄԿ: Մենք հետաքրքրված ենք այդ մարդասիրական խնդրի լուծմամբ: Դրա համար մեր խաղաղապահները ձեռնամուխ են եղել մի շարք գործողությունների»:
Ասաց նաեւ, որ շաբաթվա ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը այդ թեմայով հեռախոսազանգեր է ստացել: Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ պետք է անհայտ կորածների ու ռազմագերիների հստակ ցուցակներ ներկայացվեն, որպեսզի հնարավոր լինի խնդրին լուծում տալ:
Նա նաեւ հիշեցրեց, որ հակամարտության թեժ շրջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿՄԽԿ) ստիպված տարհանել էր իր աշխատակիցներին տարածքից եւ այժմ նրանք կրկին վերադարձվում են տարածաշրջան:
Կարդացեք նաև
«Վերջին շրջանում, ինչպես պայմանավորվել ենք Միջազգային կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերի հետ, որը օրեր առաջ Մոսկվայում էր, ԿԽՄԿ-ն արդեն իր աշխատակիցներին վերադարձրել է Ղարաբաղ եւ պլանավորում է մեծացնել նրանց թիվը՝ մինչեւ 400 մարդ, ոչ միայն Երեւանում, Բաքվում, այլեւ հենց Ղարաբաղում: Նաեւ պլանավորված է այդ տարածաշրջանում մինչեւ 45 մլն շվեյցարական ֆրանկի հասցնել համապատասխան ֆինանսավորումը: Հուսանք, որ այդ մասնագիտացված միջազգային կառույցի մասնագետների ներգրավումը կնպաստի, որ մեր խաղաղապահներն ավելի արդյունավետ գործեն»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը, նաեւ նշել, որ կան ինչ-ինչ օբյեկտիվ բարդություններ, որոնք հուսով է՝ կլուծվեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ