Ներկա իշխանության սխալ հաշվարկների պատճառով Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ անհեռանկարային պատերազմի մեջ մտնելուց եւ պարտվելուց հետո, Հայաստանը զիջել է իր ինքնիշխանության զգալի մասը: Այժմ Արցախում հայերի անվտանգությունը պահպանվում է ռուս խաղաղապահների կողմից, եւ նրանց բարեհաճ վերաբերմունքից է կախված՝ 70 տոկոսով «փոքրացած» հայկական տարածքում կկարողանա՞ն ապրել մեր հայրենակիցները, թե՞ նրանք էլ ստիպված կլինեն արտագաղթել: Նույնքան պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել (եւ դեռ խորանալու է) հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Նման պայմաններում վարչապետ Փաշինյանը կարող է որպես իր իշխանության երկարաձգման միջոց դիտարկել Ռուսաստանի եւ Բելառուսի հետ միութենական պետության ստեղծման հնարավորությունը: Միջոցն, ինչ խոսք, ժամանակավոր է լինելու, որովհետեւ Պուտինը, որպես Հայաստանի «գեներալ-նահանգապետ» հաստատ Փաշինյանից ավելի լավ թեկնածուներ կունենա (ենթադրում եմ, որ նա կլինի, այնուամենայնիվ, հայկական ազգանունով): Առայժմ մի կողմ դնենք, թե որքան է այս կարգավիճակը անընդունելի եւ վտանգավոր մեզ համար. չհամեմատվենք Եվրոպայի հետ սահման ունեցող եւ ռուսական գազ Եվրոպա տեղափոխող Բելառուսի հետ: Վստահ եմ նաեւ, որ այդ միությունը որեւէ ձեւով չի ամրապնդի մեր անվտանգությունը: Բայց խոսենք առայժմ այդ խնդրի իրավական կողմի մասին:
Սահմանադրության 205-րդ հոդվածի առաջին կետում նշվում է, որ «վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»: Ենթադրում եմ, որ «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետությունը վերպետական կառույց է, եւ եթե իրավաբանները ինչ-որ բարդ սխեմաներ չմոգոնեն, ապա այդ պետությանը միանալու համար պետք է անցկացնել հանրաքվե:
Մի խոսքով, եթե նման խնդիր առաջանա, ապա շատ ցանկալի է, որ այն լուծվի հանրաքվեով, ոչ թե վարչապետի քմահաճույքով: Թե չէ մի օր այս կամ որեւէ այլ վարչապետ իր աթոռը պահելու համար կարող է որոշել, որ Հայաստանը դառնա Թուրքիայի վիլայեթ: Եթե հանրաքվեն արդար անցնի, ապա շատ հետաքրքիր կլինի իմանալ Հայաստանի քաղաքացիների որ տոկոսն է ցանկանում ունենալ անկախ պետություն: Ես այնուամենայնիվ հույս ունեմ, որ մեծամասնությունը քվեարկելու է անկախության օգտին:
Կարդացեք նաև
Բայց եթե անգամ ձայների փոխհարաբերությունը լինի 60/40 հօգուտ «միության», ես չեմ կարծում, որ այս տարբերակը, երկարաժամկետ կտրվածքով, ձեռնտու լինի հենց Ռուսաստանին: Ենթադրում եմ, մասնավորապես, որ 30-ից ցածր տարիքի իմ համաքաղաքացիները հակադրվելու են «միության» գաղափարին, ինչը մեր հասարակության մեջ նոր անդունդ է առաջացնելու, որը կգումարվի «նիկոլականներ-հականիկոլականներ» խորը բաժանարար գծին: Չեմ կարծում, որ Ռուսաստանին պետք է մի տարածք, որտեղ հակառուսական տրամադրությունները 40 տոկոս կկազմեն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նույնիսկ տեսական միտքն այդ մասին սարսափ ու ատելություն է առաջացնում մոտս: Աստված տա Դուք ճիշտ լինեք:
Պարոն Աբրահամյան կասե՞ք Ռուսաստանի ինչին է պետք մեր հետ մեկ պետություն լինելը: Ռուսաստանին տարածք է պետք ռազմական ներկայության համար: Ոներ Հայաստանում, հիմա ունի նաեւ Արցախում: Ռուսների տանձին պետք չի վիրավոր ու անրաքամ Արցախը վերականգնելը: Հիմա մարդասիրական օգնություն են ուղարկում ու դրանով կսահմանափակվեն:
Ներկա իշխանության սխալ հաշվարկների պատճառով Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ անհեռանկարային պատերազմի մեջ մտնելուց եւ պարտվելուց հետո, Ռուսաստանը իր ռազմական ներկայությունը մեծացրել է: Ստացել է այն, ինչին ձգտում էր արդեն 30 տարի:
Կարծում եմ, եթե երկու ամիս առաջ մեզ ներկայացնեին մեր այսօրվա վիճակը, մենք այդ ներկայացնողին անկեղծորեն՝ ես առաջինը, խելառի տեղ կդնեինք, լավագույն դեպքում կասեինք՝ էս մարդը հոռետես է, բայց, պարզվում է, լավ է դառը ճշմարտությունը, քան ավազի տակ քչփորելը: Հոռետեսի թափուր տեղ կա, Պայծառատեսի թափուր տեղ կա.. 🙂
Նիցշե. աֆորիզմներ
Կյանքի դպրոցից. այն ինչ ինձ չի սպանում, ավելի է ուժեղացնում ինձ:
***
Բոլոր դժվարություններն ու խոչընդոտները աստիճան են, որ մեզ վերև են տանում:
To answer your question, there was at least one person who considered such a possibility likely in early September.
https://www.aravot.am/2020/09/01/1132491/
Ասողին լսող է պետք, ժողովրդավարական ալիքով եկած իշխանությունը պետք է լիարժեք օգտագործեր համայն հայության խորհուրդը:
Ներկա իշխանության սխալ հաշվարկների պատճառով… Միգուցե ճի՞շտ հաշվարկների…