Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հրաժարականից հետո մամուլում նախարարի թեկնածուի անուն է շրջանառվում։ Ըստ հրապարակումների, նոր նախարարի ամենահավանական թեկնածուն Menu.am-ի հիմնադիր, գործարար Վահան Քերոբյանն է։
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Քերոբյանն ասաց, որ իր թեկնածության մասին առայժմ երկու կողմից էլ վերջնական որոշում չկա։ Մեր հարցին՝ պաշտոնապես առաջարկ արդեն ստացե՞լ է, պարոն Քերոբյանը կարճ պատասխանեց՝ հարցը քննարկվում է։
Մեր դիտարկմանը՝ եթե պաշտոնապես առաջարկվի ղեկավարել այդ գերատեսչությունը, այն էլ այս հետպատերազմյան շրջանում, երբ տնտեսությունը ծանր վիճակում է, ընդ որում, երաշխիք չկա, որ ասենք՝ վեց ամիս հետո կառավարության փոփոխություն չի լինի, արդյոք կհամաձայնվի, պարոն Քերոբյանը պատասխանեց․ «Ես մեկ ամսից ավելի եղել եմ առաջնագծում, այնտեղ չես մտածում վեց ամիս հետո ինչ է լինելու, որովհետեւ կյանքդ կարող է ընդհատվել ամեն վայրկյան։ Եւ դա երկրի նոր իրավիճակն է, մենք պետք է մեր ծառայությունները մատուցենք այս նոր իրավիճակով պայմանավորված, մտածելով, որ ծառայությունդ, ինչպես որ առաջնագծում էր, կարող է ընդհատվել ցանկացած պահի։ Իսկ ծառայությունը չի ենթադրում, որ պիտի երկար ժամկետով հանգիստ նստած լինես։ Մենք ուրիշ հայրենիք չունենք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ