Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետք է ընտրվի քաղաքական ուղին

Նոյեմբեր 13,2020 10:00

Հայաստանում այդպես էլ չստեղծվեց լիարժեք քաղաքական համակարգ: Կա Ազգային ժողով, կա խորհրդարանական մեծամասնություն, ընդդիմություն, կան արտախորհրդարանական ուժեր: Բայց համակարգը որպես այդպիսին չի գործում: Հակառակ դեպքում այս ճգնաժամի պայմաններում խորհրդարանական երկրում Ազգային ժողովը վաղուց պետք է արտահերթ նիստ գումարեր եւ քննարկեր ստեղծված իրավիճակը: Բայց մեծամասնություն հանդիսացող «Իմ քայլը» խմբակցությունը ոչ միայն չի ուզում գալ խորհրդարան, այլեւ չի ուզում պատասխանել լրագրողների հարցերին, հավանաբար, այդպիսի հրահանգ է ստացել վարչապետից: Դրանով խիստ կասկածի տակ են դրվում «պատգամավոր» եւ «խորհրդարան» հասկացությունները:

Իհարկե, իշխանական պատգամավորները երբեմն ֆեյսբուքում գրառումներ են անում իրենց սիրած «նախկինների» թեմայով՝ փորձելով տանել քարոզչական այն թեզը, թե իրենց իշխանության միակ այլընտրանքն են «թալանչիները», որոնց պատճառով, ըստ իրենց, մենք պարտություն կրեցինք պատերազմում: Բայց նույն քարոզչական թեզերն է ներկայացնում են նաեւ «ֆեյքերի ֆաբրիկան» եւ Փաշինյանի «ֆան-ակումբը»: Դրա համար պետք չէ լինել պատգամավոր, անգամ անհատ օգտատեր, իրական մարդ էլ կարելի է չլինել՝ այդ նույն աշխատանքը կատարում են ավտոմատացված ծրագրերը:

ՔՊ-ի կամ «Իմ քայլի» վիճակն այդպիսին է: Բայց մնացած կուսակցությունների ազդեցությունը հասարակության վրա նույնպես չնչին է՝ չնայած դրանց մի մասն ունի շարքեր: Տեսեք, թե որն էր այդ կուսակցությունների դիսկուրսը պատերազմից առաջ. օրակարգերը տարբեր էին, բայց դրանց մեջ ամենեւին առաջնային չէր Արցախը կորցնելու վտանգը: Միակ բացառությունը թերեւս 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ն էր, որի առաջնորդ Տեր-Պետրոսյանն, ըստ էության, առաջարկում էր գնալ իրապես «ցավոտ փոխզիջումների», որի համար հերթական անգամ արժանացավ «դավաճանի» պիտակի: Բայց ինչպես հիմա է պարզ, այդ փոխզիջումների այլընտրանքը կապիտուլյացիան է, մարդկային եւ տարածքային սարսափելի կորուստներով ու Հայաստանի տարածքի վրա կախված վտանգով:

Բայց մենք ունենք այն, ինչ ունենք: Մենք ունենք այդպիսի՛ կուսակցություններ, այդպիսի՛ խորհրդարան: Եթե մենք ասենք՝ «այդ կուսակցությունները, այդ խորհրդարանը հեչ բան են, ժողովուրդն է ամեն որոշում», դա կնշանակի, որ մենք կողմ ենք առաջացած խնդիրների ոչ սահմանադրական, ոչ քաղաքական լուծմանը: 2018 թվականին խնդիրը լուծվեց փողոցի միջոցով: (Ի դեպ, դուռը կոտրելով Ռադիոտան շենք մտնողները, ինչպես նաեւ այլ պետական հիմնարկներ ներխուժողները «ջարդարարներ» չէին, նրանք «ժողովրդի ներկայացուցիչներ» էին): Բայց այս անգամ, եթե չընտրվի քաղաքական ճանապարհը, ամեն ինչ, վախենամ,  նույնքան «թավշյա» չի լինելու՝ դրա մասին ես գրել էի նախորդ խմբագրականում:

Բնական է, որ այդ երկու ճանապարհների միջեւ ընտրություն պետք է կատարի իշխանությունը: Առայժմ չի երեւում, որ այն ուզում է խուսափել իրավիճակը սրելուց: Ինչը ցավալի է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեր բոլոր դժբախտությունների պատճառը,,մեր դեմ խաղ չկա,,կարգախոսն է…

  2. Ani says:

    Ու փաստորեն մեզ արդեն 22 տարի մատուցել են այն միֆը, որ Լևոնը դավաճան է, և մենք (այդ թվում և ես անձամբ) լիովին համոզված ենք եղել դրանում և շատերս չենք էլ փորձել հետաքրքրվել, թե իրականում ինչ է առաջարկել նա: Փաստորեն պարզվեց, որ իրականում լուծման իրական ելքեր առաջարկել է միայն նա: Ցավոք այսպիսի ծանր գին վճարեցինք դա հասկանալու համար:

  3. Աննա says:

    Լևոն Տեր Պետրոսյանի նման նախագահին գնահատելու և նրա ասածները ընկալելու համար կրթված հասարակություն էր պետք ունենալ: Նա առանց վախենալու քարկոծվելուց, շատ պարզ բացատրում էր, թե ինչու պետք է վերադարձվեն այդ յոթ շրջանները, այլընտրանքը սանկցիաներն ու պատերազմն էին: Բայց մենք սովոր ենք պոպուլիստական, մեզ ականջահաճո ճառերին: Դրա համար էլ ասում են՝ ամեն հասարակություն արժանի է իր իշխանությանը

  4. Քազաքացի says:

    Նախ ներկայանամ՝ ոչ մի կուսակցության ներկայացուցիչ չեմ և երբև է չեմ եղել, Նիկոլ Փաշինյանի “ֆան-կլուբ”-ից եմ: Ինչու՞, որովհետև ԴԵՌ հավատում եմ նրան և դա իմ իրավունքն է: Ինձ համար ակընհայտ է ևս, որ ներկայիս քաղաքական դաշտի մեծ մասը, որն այսօր կոչվում է ընդդիմադիր, այդ որակը կրողները չեն: Օրինակները բազմաթիվ են, թեկուզ, որ ոչինչից տեղյակ չեն եղել: Պարզվում է, ամբողջ երկրում միայն մեկ մարդ է տեղյակ եղել, թե ինչ է կատարվում ռազմաճակատում և հողերը հենց ինքն էլ տվել է: Իրենց գործառույթները ոչ թե խնդիրներ լուծելն է, այլ այդ խնդիրները “վերհանելն է” և քաղաքական դաշտում շառլատանությամբ զվաղվելն է: Երկու բառ լրագրողական դաշտի մասին: Որպես օրինակ բերեմ փոխարտգործնախարար Շ.Քոչարյանի վերջին լրագրողական հարձակումից մեկ դրվագ, որտեղ նա պատասխանելով հարցերին, ասաց. “Սիրելիներս, դուք պետք է հարցերը այնպես ձևակերպեք, որ չխաթարեք մեր անվտանգությունը և նպաստեք հասարակության միասնությանը”: Արդյո՞ք լրագրողական դաշտը գիտակցում է այդ: Ներկայիս լրագրողական դաշտը իմ ուղեղում ասոցացվում է մի յուրահատուկ “էկո համակարգ ”-ի հետ, որի գործունեության հիմնական նպատակը՝ գումար վաստակելն է: Եվ վերջապես, ներկայացնեմ մի հղում Պետրոս Ղազարյանի հարցազրույցից, որտեղ հրավիրված են եղել այդ նույն “ֆան-կլուբ”-ի ներկայացուցիչներ: Նրանք կտան մեր բոլոր հարցերի պատասխանները: Այսօր նրանք ՄԻԱԿ club-ն է, որի կարծիքը արժեք ունի և ցանկացած քաղաքական ուղի առ ոչինչ է առանց այդ club-ի: https://www.youtube.com/watch?v=nZ_ZLGOLLmI

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Անչափ շնորհակալ եմ՝ անկեղծորեն ներկայանալու համար: Թե չէ լինում են, չէ՞, հարբած մարդիկ, որոնք ասում են՝ «ես հե-ե-ե՜չ խմած չեմ»: 🙂 Իսկապես ապրե՛ք:

    • Սարգիս Զեյթունյան says:

      Նայեցի առաջին 1-2 րոպեն: Դա էլ բավական էր, որ ի դեմս այդ club-ի՝ տեսնեի ՀՀ ապագա նախարարների կաբինետը:

  5. Ruben says:

    «Պետք է ընտրվի քաղաքական ուղին»
    «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: «Դուխով»…
    Վերջ

  6. Քաղաքացի says:

    Պարոնայք, լրագրողներ, ես կարդում եմ ձեր թերթերը ՝ իմանալու համար, թե ինչ եմ մտածում:
    (Շառլ դը Գոլ)

  7. Լավատես says:

    Մենք մեր ազգի ներուժի հինգ տոկոսն էլ չենք իրացնում, միգուցե ժամանակն է մենք էլ մեր սեփական օրակարգով դուրս գանք միջազգային քաղաքական, ռազմական ու տնտեսական մարտադաշտ’ միջազգային օրենքների սահմաններում կամ հնարավորության դեպքում եւ դրանցից դուրս, բնական է, մեր հինգ տոկոսով մեզ չեն էլ նկատի այդ մարտադաշտերում, մյուս կողմից, եթե անհամեմատ ավելի մեծ տոկոս ներդնենք եւ հաղթենք, մենք կուժեղացնենք մեր ռազմական, քաղաքական ու տնտեսական մակարդակը: Սա շուտվանից հասկացել են մյուսները եւ ինչքան շուտ մենք հասկանանք, այնքան օր առաջ կպատրաստվենք ազգովին այդ կռիվներին: Ովքեր կխուսափեն պատերազմներից’ ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական ու քաղաքական, նրանք չեն պատրաստվի ուրիշների կողմից հրահրած պատերազմներին եւ շատ արագ կպարտվեն ու ապագա չեն ունենա: Մենք արդեն պատերազմի մեջ ենք, ուր որ է մյուս ազգերն էլ կամաց կամաց կմտնեն կենաց մահու կռվի մեջ, այնպես որ ամեն ինչ նոր է սկսվում եւ մենք դեռ շատ տարածքներ ունենք կորցնելու, եթե օր առաջ չսկսենք պատրաստվել Մեծ Հայրենիքի պաշտպանությանն ու նախահարձակ գործողություններին: Միայն Մեծ Հայրենիքի պաշտպանության ու հաղթանակի շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել մեր իշխանությունը եւ Փոքր Հայրենիքում, եւ հաջողության դեպքում նաեւ մեր ողջ Հայքով:

    • Լավատես says:

      Մենք նախկինում շատ ենք հանդիպել թղթի վրա գրված, բայց իրականում չգործող օրենքների թափոններին, որոնք ունեին զուտ գեղագիտական նշանակություն’ տեսեք թե մենք ինչ սիրուն օրեքներ ունենք: Օրենքն առանց իր պարտադրման ժամանակակից ու արդյունավետ ուժի նույնքան վտանգավոր է իր ժողովրդի համար, որքան բանակն առանց ժամանակակից ու արդյունավետ զենքի, բանակն ինքը սեփական երկրի օրենքների պաշտպանությունն է իրականացնում, այդ օրենքները դարձնում գործող ոչ միայն սեփական ժողովրդի համար, այլեւ դրսի ցանկացած այլ ազգերի ու ժողովուրդների համար: Մեր ռազմավարական սկզբունքը պետք է դառնա վերանայել բոլոր օրենքները, այդ օրենքների կիրառման արդյունավետությունը, այդ օրենքները իրենց թիկունքում պետք է ունեն հզոր ժամանակակից արդյունավետ ուժ, որը պետք է պաշտպանի նրան, ում համար այդ օրենքը գրվել է, մեր հնադարյան պատկերացումը’ թե օրենքը հանցագործին պաժելու համար է մեր մշակույթին չի համապատասխանում, մեր օրենքը մարդուն պաշտպանելու համար է, մեր բանակը մեզ պաշտպանելու համար է, կպատժի թշնամուն թե ընդամենը գերի կվերցնի, դա երկրորդային է: Երբ մի երկիր մյուս երկիրն է գրավում, նա գրավված երկրի ժողովրդին պարտադրում է իր օրենքները, նախքան այլ ժողովրդին քո օրենքները պարտադրես, սկզբից քո ժողովուրդն այն պետք է ընկալի որպես օրենք բանակ, այսինքն’ օրենքին զինվորագրված, օրենքն ինչպես բանակը: Մեր դատական համակարգի արդյունավետությունը պետք է լինի ռազմական համակարգի նման արդյունավետ եւ վստահելի ժողովրդի կողմից: Օրենքից պետք չի վախենալ, թող թշնամին վախենա, մենք մեր օրենքը պետք է բանակի նման աչքի լույսի պես փայփայենք ու հզորացնենք:

  8. Հ.Շ. says:

    . այս կայքէջում, բացառապէս առ ի յարգանք Պարոն Աբրահամյանին,
    մինչ, բնաւ նոյն գաղափարափանութեամբ մարդիկ չենք
    (եւ դիտմամբ սպասեցի որ օրը անցնի,
    որպէսզի նուազագոյն անձեր տեսնեն հետեւեալ գրառումս) ՝
    https://www.facebook.com/AramManoukianJampar/posts/3568195523227202

    . մի բան ել, առաջին անգան, այստեղ ասեմ,
    – թէկուզ դեռ առիթը կ’ունենամ աւելի սփռելու այս խօսքս,
    որ զիս ճանաչողների համար, անհաւատալի պիտի հնչէ -՝
    Պարոն Տէր-Պետրոսյանը թող անմիջապէս դառնայ Հայաստանի վարչապետը,
    եւ իր հայեցողութեամբ, կազմէ իր կառավարութիւնը,
    իմ կողմէս՝ յուսալով որ այդ ուղղութեամբ, նկատի կ’առնէ Հըդահյուն-ը,
    ու վերջինս ել, կ’ընդունի

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30