Լրահոս
Օրվա լրահոսը

Հակիրճ դիտարկումներ՝ պահի մասին

Հոկտեմբեր 28,2020 10:00
zinvor

Քանի որ թե՛ դիվանագիտական եւ թե՛ ռազմական ճակատներում իրավիճակն արագ է փոխվում, ինչ-որ, թեկուզ մակերեսային, վերլուծություն անելը շատ դժվար է: Այդ պատճառով ես պարզապես նշում եմ մի քանի կետ, որոնք բնութագրում են ներկա իրավիճակի որոշ ասպեկտներ՝ վկայակոչելով նաեւ այն փորձը, որը մենք ձեռք ենք բերել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ:

Նախ՝ նահանջների, առաջխաղացումների, դիրքերի, բնագծերի մասին: Պատերազմի ժամանակ ամեն ինչ պատահում է. մարդկության պատմության մեջ չի եղել որեւէ պատերազմ, որն ամբողջությամբ բաղկացած լիներ որեւէ կողմի փայլուն նվաճումներից: Քանի դու ունես բանակ, որր կռվում է, ո՛չ հիասթափություններն են տեղին, ո՛չ էլ հրճվանքը: Եվ, ի դեպ, սա Երկրորդ համաշխարհային պատերազմը չէ, որ որեւէ բանակ (մերը կամ հակառակորդինը) դադարի գոյություն ունենալուց եւ կապիտուլյացիայի ակտ ստորագրի, ինչպես որ դա եղավ Վերմախտի դեպքում:

Կորուստների մասին: Պարտավոր ենք սգալ եւ խոնարհվել իրենց կյանքը հայրենիքին նվիրած մեր նահատակների առաջ: Բայց վիշտը չպիտի մեզ թուլացնի, այլ հակառակը՝ ավելացնի մեր վճռականությունը ու տոկունությունը:

Երկրի առաջին դեմքերի խոսելու եւ լռելու «դիալեկտիկայի» մասին: Ես առաջին պատերազմի ժամանակ աշխատում էի «ամենաչխոսկան» ղեկավարի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Նրա մոտեցումը գուցեեւ ծայրահեղություն էր: Բայց մյուս ծայրահեղությունն է ցանկացած հուզական պոռթկման ազդեցության տակ եթեր մտնելը: Մեր (ոչ միայն քաղաքական գործիչների) հրապարակային խոսքը, հատկապես պատերազմի ժամանակ, պետք է լինի հաշվարկված, կառուցիկ, պարունակի խորապես մտածված ներքին եւ արտաքին ուղերձներ:

Իշխանափոխության պահանջի մասին. եթե ես դեմ եմ, որ պատերազմի ժամանակ տեղի ունենա իշխանության փոփոխություն, ապա դա չի նշանակում, որ ինձ դուր է գալիս այն ամենը, ինչ անում էր ներկա իշխանությունը պատերազմից առաջ եւ ինչ անում է հիմա: Խոսքս թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ (այդ թվում՝ անվտանգային ոլորտում) թույլ տրված կոպիտ սխալների մասին է: Բայց ես դեմ եմ այս պահին իշխանափոխության վերաբերյալ պահանջներին, քանի որ շատ լավ հիշում եմ 1990-ականների առաջին կեսին Վրաստանում եւ Ադրբեջանում նմանատիպ պահանջների իրականացումը, որը թանկ նստեց այդ երկրների վրա: Հետեւաբար, պատերազմի ժամանակ ճիշտը ներքաղաքական պայքարը սառեցնելն է: Կամ գուցե՝ կախակայելը:

Մյուս կողմից, համաձայն չեմ, որ նրանք, ովքեր գտնում են, թե այդ պայքարը պետք է շարունակել, թշնամի են կամ դավաճան: Նրանց մեջ կան շատ հարգված, մեծ վաստակ ունեցող մարդիկ: Պարզապես նրանց պատկերացումները սխալ են: Պատահում է. պետք է ոչ թե պիտակներ կպցնել, այլ հանդարտ, համբերատար բացատրել նրանց, թե որտեղ են սխալվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Ժամանակակից աշխարհը այնքան դինամիկ է, որ շփումների հաճախականության անհրաժեշտությունը զգալիորեն մեծացել է: Եվ այս պարագայում չոգտվել գիտության և տեխնոլոգիաների զարգացման արդյունքում մեզ տրամադրված շփման արդյունավետ միջոցներից, կարծում եմ, սխալ կլիներ: Ի դեպ, վերջերս ռուս քաղ.մեկնաբանները քննարկում էին Պուտինի ժողովրդի հետ շփվելու ձևաչափը, որտեղ հնչում էր այն միտքը, որ անմիջական շփումը ժողովրդի հետ շատ ավելի դրական արդյունքների կբերի կառավարություն-ժողովուրդ հարաբերություններում: Մեր պարագայում, երբ իրադարձությունները իրար են հաջորդում կայծակնային արագությամբ, տեղեկատվություն ստանալու պահանջարկը դարձել է պարզապես ապրելակերպ: Նույնիսկ առաջին դեմքերի պարագայում, եթե ասելիք կա, եթեր մտնելը բոլորովին ավելորդ չեմ համարում, առավել ևս, որ մի բուռ ենք: Սակայն վերջին օրերի իրադարձություններից ելնելով, կասկածներ ունեմ, արդյո՞ք պատերազմային այս պայմաններում, արժե լինել այս չափ թափանցիկ, ինչպես մեր կառավարությունը: Այսօր YouTube-ում մի տեսահոլովակ դիտեցի, որտեղ առաջնագծի զինվորը խնդրում էր չհրապարակել այն քարտեզը, որտեղ երևում են թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքները, քանի որ դա ազդում է նրանց մարտական տրամադրության վրա: Հասկանում եմ, որ հակառակ դեպքում անմիջապես կսկսվեն ներքին “արդարախոսների” հերթական շահարկումները առ այն, որ թաքցվում է: Մեր ներկայիս կառավարությունը ընկել է մի ուրիշ ծայրահեղության մեջ՝ զարմացնել աշխարհը իր թափանցիկությամբ և բարոյականությամբ, չգիտակցելով, որ, ինչպես պարզվեց, ներկայիս աշխարհում բարոյականությունը ամենաէժան ապրանքն է: Պատմությունից հիշում եմ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Ստալինի կարգախոսը ՝ . “Ни шагу назад”: Երևի թե, իրոք, թավիշը քիչ մը շատ է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031