Պետք է խոստովանեմ, որ ռուսաստանյան հեռուստաալիքների «թոք-շոուները» մի քանի տարի է՝ չեմ նայում, առավել եւս դրանց վրա ժամանակ չեմ ծախսում հիմա, չնայած այս «շոուների» մի մասը նվիրված է արցախյան խնդրին: Հավանաբար, պատճառն այն է, որ, իմ որոշակի փորձից ելնելով, հասկանում եմ, թե ինչպես են դրանք սարքած, ով եւ ինչի համար է այս կամ այն բանն ասում, եւ ինչպես են այդ շոուների (անշուշտ՝ արհեստավարժ) վարողները խոսակցությունը տանում որոշակի ուղղությամբ: Բայց Ֆեյսբուքում եւ կայքերում ես տեսնում եմ, թե որքան հուզական է հայ օգտատերերի արձագանքը բանավեճի մասնակիցների «հայամետ» եւ «հակահայկական» արտահայտություններին: Քարոզչության, հասարակական կարծիքի ձեւավորման առումով, իհարկե, որոշակի նշանակություն ունի, թե ով ինչ է ասում, բայց այնպես չէ, որ այնտեղ արտահայտված մտքերից է կախված հայ ժողովրդի ճակատագիրը:
Նախ՝ պետք է հիշել, որ դա «շոու» է, մարդկանց ժամանցի համար նախատեսված հաղորդում, որտեղ մեծ է խաղային, կասեի անգամ՝ խաղարկային տարրը: Հեռուստադիտողին հետաքրքիր է, թե ով ում լեզվակոխ արեց, ով ում շշպռեց կամ դիմակը պատռեց: Ամենեւին պարտադիր չէ, որ առավել ճարտար լեզու ունեցողն ավելի խելացի լինի կամ ավելի խորը գիտելիքներ ունենա: Ինչպես ցանկացած խաղում, այստեղ էլ շատ բան կախված է մարդու դաստիարակությունից եւ բնավորությունից: Այնպես որ՝ պետք չի խորանալ այդ «շոուների» ամեն մի ելեւէջի մեջ, դրանք իրական կյանքում շատ բան չեն փոխում:
Ինչ մնում է ռուսաստանյան վերնախավի դիրքորոշմանը, որն արտահայտում են ռուսաստանցի (երբեմն նաեւ՝ ազգությամբ հայ) մեկնաբանները, քաղաքագետները, փորձագետները, պատգամավորները, ապա անկախ նրանց համակրանքից՝ մեր կամ ադրբեջանցիների հանդեպ, կարծում եմ, այդ դիրքորոշումն ունի որոշակի ընդհանրական գծեր: Հաշվի առնելով մեր բարեկամ երկրի քաղաքական իրողությունները, հիշյալ խոսնակներն, ըստ ամենայնի, արտահայտում են պաշտոնական տեսակետը, իսկ դրա իմաստն այն է, որ հրադադարը կարող են հաստատել միայն ռուս խաղաղապահների օգնությամբ: Հարցի ամբողջական լուծումը, որն առաջարկում են քաղաքագետներից շատերը, Խորհրդային Միության կամ ռուսական կայսրության նման մի կառույցի ստեղծումն է, որտեղ, ինչպես իրենք են կարծում, հայերն ու ադրբեջանցիները կապրեն հաշտ ու խաղաղ:
Նախագիծն, ինչ խոսք, ուտոպիստական է: Նախ՝ անգամ մինչեւ 1988 թվականը ոչ մի «հաշտություն» եւ «խաղաղություն» չկար: Երկրորդ՝ Ռուսաստանը քաղաքական եւ տնտեսական ռեսուրսներ չունի՝ «կայսրություն պահելու»: Բայց դե հիմա սա՛ է այդ մարդկանց դիրքորոշումը՝ այստեղ վրդովվելու կարիք չկա, դա պարզապես պետք է ընդունել ի գիտություն:
Կարդացեք նաև
Որքան հասկացա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ելույթից, նա կողմ է իր երկրի խաղաղարարներին՝ Արցախ գործուղելուն, բայց կայուն խաղաղություն հաստատելու հստակ ծրագրեր չունի: Պուտինը ցանկանում է հավասարապես լավ հարաբերություններ պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ զարգացնել տնտեսական ու ռազմատեխնիկական համագործակցությունը Թուրքիայի հետ:
Այ, դա ռեալ քաղաքականություն է, ոչ թե «շոու»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ