Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շահերի եւ արժեքների բախումը

Հոկտեմբեր 20,2020 10:00

Օրերս ԵՄ կառույց հանդիսացող Արտաքին գործողության եվրոպական ծառայության խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ արտահայտում է ադրբեջանական տեսակետը՝ Գյանջայում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված: Չգիտեմ, թե ինչպես է Ադրբեջանին հաջողվել կորզել այդ հայտարարությունը, բացառված չէ՝ իրենց ավանդական «խավիարային» ձեւերով, բայց հասկանալի է, որ Հայաստանում այդ փաստաթուղթը ցասում առաջացրեց, քանի որ այն բացարձակապես հաշվի չի առել հայկական խաղաղ բնակավայրերի երեք շաբաթ տեւող հրետակոծությունները:

Բայց ինչ-որ մի կառույցի խոսնակի հայտարարությունը, որքան հասկանում եմ, չի կարող նույնականացվել ԵՄ ամբողջական դիրքորոշման հետ: Ճիշտ այդպես, Եվրոպայի խորհրդի իրավական եւ մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական կոմիտեի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեն, որը ժամանակին կանգնեց դատարանի առաջ՝ մեղադրվելով Ադրբեջանից կաշառք ստանալու համար, ինքն իրենով չէր մարմնավորում Եվրոպայի խորհուրդը՝ չնայած որոշակիորեն ազդել է այդ կառույցի վարկանիշի վրա:

Բայց, եթե անգամ ենթադրենք, որ որեւէ բյուրոկրատի տեսակետն ամբողջությամբ արտացոլում է ԵՄ դիրքորոշումը, ապա այդ ամենը որեւէ կապ չունի եվրոպական արժեքների հետ: Եվ այս առումով ինձ մոտ տարակուսանք են առաջացնում մեզանում հնչող մեկնաբանությունները՝ «ըհը՜, եվրոպական արժեքների ջատագովներ, կերա՞ք»: Այսինքն՝ ստացվում է, որ ԵԽ կամ ԵՄ ինչ-որ պաշտոնյա կարող է քանդել այն քաղաքակրթությունը, որը ստեղծվել է երկուսուկես հազարամյակների ընթացքում, եւ որի կերտմանը մասնակցել է նաեւ Հայաստա՞նը: Կարո՞ղ է արդյոք որեւէ անհատ վերցնել մուրճը եւ քանդել Մասիս սարը:

Իհարկե, կան շահեր, փողեր, նավթի եւ գազի խողովակներ, տնտեսական ծրագրեր, այսինքն՝ այն ամենը, ինչից կերտվում է ժամանակակից քաղաքականությունը: Եվ այդ առումով, եկեք ինքներս մեզ չխաբենք, Եվրոպայի համար Թուրքիան եւ մասամբ նաեւ՝ Ադրբեջանը, ավելի կարեւոր են, քան Հայաստանը. մեծ հաշվով մեր ճակատագիրը եվրոպացիներին կամ ամերիկացիներին չի հուզում, չնայած ժամանակ առ ժամանակ կարող է Հայաստանի հանդեպ այս կամ այն մակարդակով համակրանք արտահայտվել: Քաղաքական տեսանկյունից  մենք հետաքրքիր ենք թերեւս միայն Ռուսաստանին եւ Իրանին՝ այդ երկրների որոշակի շահերի հետ են մեր շահերը համընկնում, եւ մեր քաղաքական գործելակերպը, բնականաբար,  պետք է պայմանավորված լինի այդ հանգամանքով:

Ուրիշ հարց է քաղաքակրթական ընտրությունը, այդ թվում այն արժեքները, որոնց հիման վրա կառուցվում է պետությունը:  Այդ հարցը, կարծում եմ, լուծված է ավելի քան 1700 տարի առաջ, եւ այստեղ կարիք չկա որեւէ բան փոխելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Մի քայլ առաջ, երկու քայլ ետ»
    Վլադիմիր Լենին

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031