Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հեչ, պրծավ, էսօր տուն ենք գնալու, չմտածեք…». Արեգը հուսադրում էր մարտական ընկերներին

Հոկտեմբեր 17,2020 13:10

43 -ամյա կապանցի Արեգ Հակոբյանին սեպտեմբերի վերջին օրերին, երբ զինկոմիսարիատից ծանուցագիր եկավ, անմիջապես ներկայացավ։ Բայց գնալը չէր ստացվում։ Երեք անգամ տուն ուղարկեցին, ասելով՝ սպասիր, կկանչեք։

«Կանչին՝ գնաց, պայծառ մարդ էր Արեգը, շատ հումորով, բոլորիս ասում էր՝ ձեր հրամանատարն եմ, կգաք իմ մոտ, որ կանչեմ»,–պատմում է Արեգի քույրը՝ Թամարը։

Վերջինիս խոսքով՝ եղբայրը այնքան հաջողակ էր եղել կյանքում, որ տնեցիների մտքով անգամ չէր անցնում, որ թշնամու գնդակը կարող է վնասել Արեգին, մտածում էին՝ հաղթանակած տուն կվերադառնա։

Հոկտեմբերի 3-ին գնաց։ «Ամեն օրը ժամը 12.30-ին զանգում էր կնոջը՝ ասում էր լավ եմ, աղջիկներիս լավ նայի, մինչեւ գամ»,–ասում է քույրը։

Մարտական ընկերը՝ Նորայրը պատմում է, որ Արեգը իրենց ուրախությունն էր։ «Մեզ ասում էր՝ քնեք, ես պոստերը մենակ կպահեմ։ Դուխով էր։ Ամեն օր ասում էր՝ հեչ, պրծավ, էսօր տուն ենք գնալու, չմտածեք»,–հիշում է Նորայրը, որի աչքի առաջ, առաջնագծում՝ հոկտեմբերի 13-ին, երեք ընկերների հետ զոհվեց Արեգը։

«Էն Էղ Ջի» ընկերությունում էր աշխատում, էներգետիկ էր, հերթափոխի պետ։ Աշխատանքային ընկերների խոսքով՝ բոլորին հասնող էր։ «Եթե մեկին մի բան պետք լինում, չեղած տեղից ճարում՝ բերում էր։ Շատ բարի սիրտ ուներ, երբեք չէր ստում»,–ասացին նրանք։

Արեգ Հակոբյանի դուստրերը՝ 14-ամյա Ինեսան ու 5-ամյա Լուիզան այսուհետ ավելի կհպարտանան իրենց հայրիկով, որի արյան գնով կերտվում է մերօրյա հաղթանակը։ «Անունի նման լուսավոր էր Արեգը, ախր հայկական դիցաբանության մեջ արեւի աստծո՝ Արեգի անունն էր կրում եղբայրս, ինչո՞ւ Աստված այսպես կամեցավ»,– վիշտը կոկորդում սեղմելով ասում է քույրը։

«Ուրեմն թող Արեգս վերջին զոհը լինի, թող ոչ մի քույր ու կին, մայր ու հայր՝ եղբայր, ամուսին ու որդի չկորցնեն։ Մեկ է՝ հաղթելու ենք, եթե արդեն չենք հաղթել»,–համոզված ասում է Թամար Հակոբյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031