Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունվեց Բոստոնի համալսարան,  բայց որոշեց՝ կծառայի 2 տարի՝ նոր կսովորի

Հոկտեմբեր 17,2020 13:30

«Իր ուժերով ընդունվեց Բոստոնի համալսարան, բայց որոշեց՝ կծառայի 2 տարի, նոր կսովորի»,-«Առավոտի» հետ զրույցում պատմում են Արցախում օրերս զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մտերիմները. «Ես ու Ալենը մի կուրսում էինք սովորում, նույն խմբում։ Մեր խումբը շատ փոքր էր՝ 13-ն էինք։ Ավարտել ենք ԵՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժինը՝ այս տարի»։

Ալեն Մարգարյանը նույնպես զոհվել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ: Ալենն ընդամենը 21 տարեկան էր: Մարտի դաշտում էր պատերազմի առաջին օրերից: Ընկերներն ասում են՝ Ալենի մահվան լուրն անասելի ծանր են ընդունել, չեն հավատում, որ իրենց հետ չէ: «Ալենը բացարձակ գերազանցիկ էր, կարմիր դիպլոմով ավարտեց։ Մեր խմբի ամենալավ սովորող տղան էր, մեր միջանկյալների ու քննությունների փրկիչը, օգնող, հասնող, սատարող։ Ալենը հրաշք էր, միշտ մտածում էինք, որ Ալենը լավ մարդ է դառնալու, մեծ, շատ մեծ մարդ։ Ինքը կդառնար ռեժիսոր ու աշխարհահռչակ ռեժիսոր, բայց այլ բան էր նախատեսված։ Ընտրեց հերոսի ուղին, ուզեց ծառայել, իր պարտքը տալ, բայց անգնահատելի մեծ պարտք տվեց»,-պատմում է Լուսինեն, որն Ալենի կուրսընկերներից է:
Ասում են՝ 21 տարեկան էր ու արդեն Թումոյում դասավանդում էր՝ դասախոս էր, սիրում էր իր սաներին. «Սիրում էր իր համալսարանը, իր աշխատանքը, կյանքի ամեն օրն ու վայրկյանը վայելելով էր ապրում։ Երբեք չէր հոգնում մի բան անելուց, պարապ երբեք չէր մնում, ընկերներին էլ էր սովորեցնում ճիշտ ապրել, ասում էր՝ կյանքը շատ կարճ է, պիտի հասցնել մի բան անել»։

Մտերիմների խոսքով, հաճախ էր պատմում իր աշակերտների մասին, ասում էր՝ մեր գալիք սերունդն ավելի հզոր է, մեկ-մեկ ասում էր, որ ինքն իրեն նրանց կողքին ծեր է զգում. «Երբեք վատ բառ, վատ հայհոյանք, վատ միտք, չար խոսք ինչ-որ մեկի հասցեին չլսեցինք, փայլուն դաստիարակություն էր ստացել, ես ինքս միշտ ապշում էի Ալենի մտածողության վրա։ Շատ եմ ցավում, շատ։ Չպիտի նման բան լիներ, մենք մեծ երիտասարդ կորցրինք, ընկեր կորցրինք, երկիրս՝ մեծ արվեստագետ, ապագա փայլուն ռեժիսոր՝ կհասներ մինչեւ Հոլիվուդ»։
Նրանց խոսքով, Ալենը շատ էր սիրում ճանապարհորդել, հաճախ էր գնում երկրից երկիր, գալիս նվերներով, պատմություններով:


«Երբ ընդունվեց Բոստոնի համալսարան, կարող էր չգնալ ծառայելու, բայց չէ՝ Ալենը դժվարություններից փախչողը չէր։ Եթե անկեղծ, վստահ էի, որ Ալենը հետ կգա, Աստված իրեն երբեք մենակ չի թողնի, հետո, երբ լսեցի, որ լուր չունեն օրեր շարունակ, էլի մտածեցի, որ Աստված կպահի, բայց ավաղ, բոթը եկավ, ցնցվեցինք հոգեպես, ֆիզիկապես։ Անհավատալի էր։ Հիմա մի քիչ ուշքի եկած կարող եմ ասել՝ Աստված Ալենին տարավ, ավելի լավ տեղ՝ իր մոտ, Աստծո Արքայությունում հավերժանալու։ Ալենը արժանի չէր այս պիղծ ու անսուրբ աշխարհում ապրելու համար»,-ասում է Լուսինե Գալստյանը՝ նշելով, որ քչերը գիտեին, որ Ալենը ֆինանսապես օգնում էր հիվանդ երեխաներին, բոլորի հաշվեհամարներին գումար էր փոխանցում:

Ալենի աշակերտներից մեկն էլ պատմեց. «Նա ե՛ւ ուսուցիչ էր, ե՛ւ՝ ընկեր։ Դասի ընթացքում միշտ կատակներ էր անում։ Ընկերներիցս մեկին ասել էր՝ աշխարհում ի՞նչ կա սրտից փխրուն: Ինքն ասոցացվում էր հայրենասիրության հետ: Ալենի համար աշխարհում երկու սուրբ բան կար՝ մայրն ու հայրենիքը»:

Մարիամի խոսքով էլ, նա ուղղակի ուսուցիչ չէր. «Ինքը ընկեր էր, մեծ ընկեր, որն անգամ իրենից փոքրից ուզում էր սովորել։ Ալենը հաճախ էր ասում՝ մեր լեզուն ամենասիրունն է աշխարհում ու պարտադրում էր, որ դասընթացի ժամանակ խոսեն միայն գրական հայերենով»։
Ընկերներից Էլենն էլ ասում է՝ Ալենի մասին խոսելու համար, երեւի, նոր լեզու է անհրաժեշտ մտածել, որովհետեւ նույնիսկ ոսկեղենիկ մայրենին չի բավարարում. «Նա քայլող երջանկություն էր, մարդ, ումից անսահման սովորելու բան կար եւ չնայած նրան, որ ապրել էր 21 տարի, արդեն իսկ գիտեր ավելին, քան մենք բոլորս: Ալենին պետք էր գրանցել Կարմիր գրքում, որովհետեւ, եթե մարդիկ ասում են, որ անփոխարինելիներ չկան, ես վստահաբար կարող եմ ասել, որ նա անփոխարինելի էր թե՛ որպես մարդ, թե՛ որպես ընկեր: Չափից դուրս արդար էր ու մի ահռելի ուժ իր մեջ ուներ»:

Նրա խոսքով, նույնիսկ եթե չճանաչեիք նրան, պատահական տեսնեիք փողոցում քայլելիս, նա անսահման դրական էներգիա էր փոխանցում: Ասում են՝ Ալենի երազանքն ու ցանկությունն էր աշխարհը փոխել, դարձնել ավելի բարի, ավելի մարդասեր: Կրթության կառավարում էր ուզում սովորել, որ ապագա սերունդներին ավելի լավ կրթություն ապահովեր: Ընկերները կատակով նրան այլմոլորակային էին կոչում, որովհետեւ իրենցից շատ էր տարբերվում: Համալսարանում առաջին կուրսից սկսած բեմում Էլենն ու Ալենը միշտ միասին են խաղացել ու միշտ հաղթել են:

«Մի օր դեռ 2-րդ կուրսում էինք սովորում։ Ես շատ անտրամադիր նստած էի լսարանում, հիմա նույնիսկ չեմ հիշում ինչու, Ալենը եկավ, տեսավ, որ հոնքերս կիտել եմ, նստեց կողքս, երկար լռեցինք, հետո ասաց՝ որ խնդրեմ հետս մի տեղ կգա՞ս: Մի քանի րոպե նվնվալուց հետո համաձայնեցի: Սկզբում գնացինք պոնչիկանոց, պոնչիկ գնեց, հետո ուտելով քայլեցինք դեպի Լունապարկ: Երբ հասանք, ասաց՝ ուզում եմ միասին նստենք այս կարուսելը, իսկ ես վախենում եմ բարձրությունից, դրա համար համառորեն համոզում էի, որ չնստենք: Բայց, ի վերջո, նա համոզեց, երբ արդեն իջանք ու պիտի համալսարան վերադառնայինք, ասաց՝ երբ կարուսելն արագ վերեւ է բարձրանում, հետո քեզ նետում ներքեւ, այդ վայրկյանները ստիպում են վերաարժեւորել կյանքը, սկսում ես մտածել, որ մի կտոր երկաթ սխալ տեղաշարժվի՝ կարող ես չլինել ու սկսում ես սիրել նույնիսկ տխրությունդ…: Հաճախ ասում էր, որ պետք է լիարժեք ապրել ու այդպես էլ անում էր»,- հիշում է Էլենը:

Ընկերների խոսքով, համալսարանը հուլիս ամսին ավարտել էր գերազանցությամբ ու չնայած, որ ընդունվել էր Բոստոնի համալսարան՝ կարգախոս դարձրած կրկնում էր, որ ինքը այս հայրենիքի զավակն է ու իր ժամանակը եկել է պարտքը հայրենիքին տալու: Ծառայելու ժամանակ հաճախ էր զանգում, սիրում էին երկար խոսել ու պատմել ինչ նոր բան կա իրենց կյանքում:

«Զոհվելու մասին լուրն իմանալուց հետո հասկացա, որ այս անգամ պարտվել ենք… Միասին չենք եղել ու պարտվել ենք: Բայց նա գնաց, մեզ թողնելով իր երազանքները ու հիմա, ավելի քան երբեւէ, պիտի ապրենք»,-պատմում է Էլեն Խաչատրյանը։

Ընկերներից Աննան ասում է՝ Ալենի մասին դժվար է խոսել։ Ոչ թե նա բարդ մարդ էր, այլ հակառակը, ուղղակի բառերը քիչ են նրան նկարագրելու համար: Նրա խոսքով, երբ Ալենի հետ շփվում էին, կարծես ինքդ քեզ հետ շփվեիր, քո հայելին էր ու ուզում էիր հավերժ խոսել։ Նա այս մոլորակից չէր, հասարակ երիտասարդ չէր, հասարակ մարդ չէր, ուրիշ էր: Երեւի շատ իդեալական էր այս աշխարհի համար։

«Մենք Ալենի հետ ծանոթացել ենք Թումոյում, բայց ավելի հարազատ ենք դարձել համալսարանի տարիներին, երբ սովորում էինք նույն ֆակուլտետում: Ֆիլմ էր նկարում՝ իր ամենասիրելի ֆիլմի մասին՝ «Հարրի Փոթեր»-ի ու մենք աշխատում էինք իր ֆիլմի վրա։ Իմ կյանքի ամենաստացված նախագիծն էր, որ մենք աշխատել ենք միասին: Ալենի մասին հասարակ բառերով չեմ կարող պատմել, ես հիմա պատկերցնում եմ, որ ինքը էստեղ լիներ, ինձ կուղղեր: Գիտե՞ք, Ալենը ամեն մարդկանց հետ իրենց բնավորությամբ էր շփվում, 10 մարդ՝ 10 բնավորություն:

Մի օր ներկա էի նրա դասին Թումոյում ու հասկացա՝ ինչքան բան ունեմ նրանից սովորելու, ինչքան էներգիա ու կյանք կա նրա դասերի մեջ։ Անվերջ կարող էիր լսել թե՛ դասերը եւ թե՛ ընկերական զրույցները»,-ասում է Աննան: Ապա հավելում. «Դուք դեռ կլսեք Ալենի մասին, ինքը դեռ երկար է հիշեցնելու իր մասին։ Ինչպես ինքն էր ասում՝ ուզում եմ մնալ պատմության էջերում: Նա մնաց այդ էջերում»:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031