Ռուսաստանի ճանաչված հեռուստալրագրող եւ մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт | Соловьёв LIVE» հաղորդաշարի եթերում կոշտ շեշտադրումներով անդրադարձել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին, որոնք հաճախ տեղափոխվում են նաեւ Հայաստանի Հանրապետության տարածք:
«Ես իսկապես դադարել եմ հասկանալ, թե ՀԱՊԿ-ը ինչ է: Հայաստանը, որ մեր դաշնակիցն է, մեր պաշտպանության ներքո՞ է, թե՞ ոչ: Ադրբեջանի զինված ուժերը խոստովանում են, որ հարվածել են Հայաստանի տարածքին: Պետք է խորը ըմբռնել: Նրանք կարծում են, որ կարող են նշանակետեր խոցել մեր դաշնակցի տարածքում: Նրանց կազմում լրիվ ընդգրկումով գործում են արտերկրների ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները, որոնց մենք ոչնչացնում էինք Սիրիայում: Հիմա պարզվում է, որ դրանք հայտնվել են մեր սահմանից 80 կմ հեռավորության վրա: Եվ դրանց հավաքագրում է կամ Ադրբեջանը, կամ, դա արվում է, ինչպես պարզ է դառնում, իր եղբոր կամ ընկերոջ՝ Թուրքիայի միջոցով: Ու նրանք լկտիություն ունեն՝ հարված հասցնել մեր դաշնակցի տարածքին: Այսինքն, դա ուղիղ մարտահրավեր է Ռուսաստանին, դա ապտակ է Ռուսաստանին:
Այդ սադրանքին Ադրբեջանի նախագահը հավանություն տվե՞լ է, թե՞ ոչ: Թե՞ նա տեղյակ չէ ու պատրաստվում է ներողություն խնդրել: Այսինքն, Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեր դաշնակցի տարածքում նշանակետեր խոցելու որոշումների կայացնելիս առաջնորդվում է իր հայեցողությա՞մբ: Այդ հարվածը հիմա ի՞նչ է նշանակում: Այսինքն, հիմա դա պատերազմ չէ Ադրբեջանի տարածքում, ինչպես էլ դա անվանեն՝ գործողություն, վերականգնում… Ոչ: Դա արդեն պատերազմ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Այսինքն, վերջ, դիմակները բացվել են: Ստացվում է, որ սա պատերազմ է, որը տեղափոխվում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի մեջ մտնող երկրի տարածք, որի նկատմամբ մենք պարտավորություն ունենք: Եվ դա՝ չնայած արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների, երկրների ղեկավարների միջեւ բանակցությունների՞ն: Ինչպիսի՞ն պետք է լինի մեր համարժեք պատասխանը: Մենք, ինչ է, նոտա՞ պետք է հղենք, դեսպանի՞ն հրավիրենք: Մենք հիմա ի՞նչ պետք է անենք: Սրանից հետո ո՞վ կցանկանա գնալ Ռուսաստանի հովանոցի տակ, եթե Ռուսաստանը չի պաշտպանում իր դաշնակցին եւ թույլ է տալիս հարվածներ հասցնել նրա տարածքին: Սրանից հետո հետխորհրդային տարածքում ի՞նչ ազդեցության մասին կարող է խոսք լինել, եթե մենք մեր երկրի սահմանից ընդամենը 80 կմ հեռավորության վրա թույլ ենք տալիս փաստացի դեռեւս չձեւավորված, սակայն արգելված կազմակերպություններից գրոհայիններ հավաքագրող ահաբեկչական անկլավի գոյությունը: Ո՞վ կցանկանա գալ մեր մոտ, եթե մենք չենք պաշտպանում մեր դաշնակիցներին»,-ասել է Սոլովյովը:
https://youtu.be/kH1yr05Yeto?t=12957
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ