Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրանի գրպանից հարազատները գտել են թուրք զինվորականների ուսադիրներ. շշմելու հերոսության համար շքանշան ստացավ, բայց չհասցրեց տեսնել իր նորածնին

Հոկտեմբեր 15,2020 17:37

«Ինքը շատ խիզախ, խրոխտ, համարձակ, դուխով տղա էր, որ ծառայում էր՝ մարտական բարձր տրամադրությամբ: Բանակում ծառայելուց հետո դիմում գրեց, որ դառնա սպա, շատ հայրենասեր էր, թուրքից էլ ընդհանրապես չէր վախենում, հակառակը, իր համար խնդիր էր դրել՝ վերացնել մինչեւ վերջին թուրքը: Եթե մի հատ առնական, դուխով տղա կա, էդ մեր Միհրանն էր, որ ոչ մի բանի մասին չէր մտածում, մենակ մտածում էր՝ իր մարտական առաջադրանքը կատարեր»,- Aravot.am-ի հետ զրույցում ավագ լեյտենանտ, իր բացառիկ հերոսության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան ստացած Միհրան Ավդալյանին այսպես նկարագրեց նրա հորեղբոր որդին՝ Արամայիս Ավդալյանը:

Հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Միհրանը շքանշանի էր արժանացել՝ մարտական դիրքերից մեկը հետ վերցնելու գործողության ու շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողներին փրկելու, շրջափակումից հանելու համար: Շքանշան ստանալու հաջորդ օրը գալիս է Միհրանի զոհվելու բոթը:

Լուսանկարը` Անիկ Մարգարյանի ֆբ-յան էջից

«Ամեն օր էլ խոսում էինք իր հետ, երբ իր հանգստի ժամն էր, վերջին օրն էլ ենք խոսել, ասում էր՝ թուրքերին պիտի կոտորենք, մեր պապերի կիսատ գործը շարունակենք, որ հանգիստ ապրենք մեր հայրենիքում, իրոք լինենք ազատ ու անկախ: Ինքը շատ ավելի մեծ սխրանքներ ունի արած, դա միայն հերթականն էր, դրա համար էլ ստացավ շքանշան: Ավագ լեյտենանտի կոչումն էլ ստացավ, շքանշանը ստացավ ու հաջորդ օրը զոհվեց՝ հրետակոծության հետեւանքով: Իրեն կռվի դաշտում չէին կարող կրել, ուղղակի ականանետից արկ է ընկել ու ինքը…»,- պատմեց Արամայիս Ավդալյանը:

Միհրանի երեխաներից մեկը 2.5 տարեկան է, մյուսը ծնվել է հենց կռվի օրերին, անունը դրել է Ռոբերտ՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պատվին. «Դա իր ցանկությունն էր, ինքն էր ուզում Ռոբերտ դրվի: Փոքր տղային չտեսավ, մենակ նկարներով է տեսել, ուղարկել էինք իրեն: Կինը, ընտանիքի անդամները դեռ չեն հավատում, որ Միհրանը չկա, գիտեն՝ իրենց տղեն դեռ պոստերում է…»:

Միհրանի ընտանիքը ապրել է Մատաղիսում: Պատերազմի առաջին օրերին ստիպված են եղել տեղափոխվել. «Իրենք Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից են, գնացել են այնտեղ, որովհետեւ Միհրանը այնտեղ ծառայում էր: Գնացել էին, որ Միհրանի կողքին լինեին: Ջանֆիդան հայրենասերների գյուղ է, այս ամեն ինչը իր մեջ փոքրուց երակներով է անցել: Իր հայրն էլ է զինվորական եղել ժամանակին, մեր պապն էլ է որպես հերոս Հայրենական պատերազմի ժամանակ զոհվել, ու չէր կարող Միհրանը զինվորական չդառնար»:

Հարցին՝ ի՞նչ երազանքներ, ի՞նչ պլաններ ուներ ապագայի համար՝ նա պատասխանեց. «Որ արդեն կոչումը ստացել էր, «Մարտական խաչն» ուներ, ասում էր՝ թուրքերի հարցերը լուծեմ, Արցախի հերոս ստանամ, վերադառնամ ընտանիքիս հետ Հայաստան, խաղաղ ծառայեմ էլի իմ հայրենիքին: Նյութական ոչ մի բանի չէր ձգտում: Մենք իրան նախատում էինք դրա համար, ասում էր՝ սաղ սուտ ա, հարստությունը երեխեքն են, պիտի շատ երեխեք ունենամ, հերոսների անուններ դնեմ»:

Միհրան Ավդալյանը բացառիկ խիզախ զինվորներից է եղել, ցանկացած առաջադրանք կատարելիս առջեւից է գնացել, որտեղ պետք է եղել, ասել է՝ «թողեք ես կմտնեմ, ես կանեմ»:

Հարազատները ուշագրավ բան պատմեցին. «Իր գրպաններում լրիվ թուրք զինվորականների տարբերանշաններն էին, թուրքին սպանել է, պագոնը պոկել, գցել ջեբը: Ափսոս, շատ ափսոս մեր Միհրանը…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031