Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել միայն ղարաբաղյան հակամարտության համատեքստում. Փաշինյանը դիմեց ուղերձով

Հոկտեմբեր 14,2020 15:12

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով դիմեց ժողովրդին: Նրա խոսքով, արդեն 18 օր շարունակվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ:

«Մինչ ռազմաճակատում ստեղծված իրավիճակին անդրադառնալը՝ հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր մեզ համար չափազանց կարեւոր է հասկանալ ռազմաքաղաքական իրադրությունը: Բայց սրա համար էլ նախ պետք է հասկանանք այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր կետի, որտեղ, ըստ էության հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ. «Այդ պահանջի էությունը հետեւյալն էր՝ անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից հինգը, ներկայացնել մնացյալ երկու տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց եւ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որեւէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որեւէ պատճառահետեւանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն՝ տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց: Հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը: Մեր կառավարությունը այս բազան, որը ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության հրաժարվեց նման ձեւով հարցի քննարկումից, որովհետեւ դա անընդունելի էր»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որեւէ լուրջ քննարկում՝ ըստ էության ասելով, որ միակ կարգավիճակը, որը կարող է ունենալ Արցախը, ինքնավար որեւէ բան է Ադրբեջաննի կազմում եւ, ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պետք է ընդհանարապես հայաթափվեր: Միեւնույն ժամանակ Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռետորաբանությունը եւ հայատյաց քարոզը»:

Պարոն Փաշինյանի խոսքով, վերջին 2,5 տարվա ընթացքում վերազինում ու վերափոխումներ ենք իրականացրել մեր բանակում՝ փորձելով իրական պայմաններ ստեղծել՝ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում կանխադրույթի համար. «2020 թվականի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան հաղթական մարտերը ապացուցեցին շատերի համար անսպասելին: Ադրբեջանական բանակը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը»:

Վարչապետի խոսքով, հուլիսյան մարտերից անմիջապես հետո սկսվեցին ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժություններ, մեծաթիվ թուրքական զորախումբ եւ ռազմական տեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան, զորավարժությունների ընթացքում նրանք կրկին համոզվեցին, որ ադրբեջանական բանակն ի վիճակի չէ մոտ ապագայում կոնկրետ խնդիրներ լուծել եւ Թուրքիան որոշեց, որ այլեւս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ. «Թուրքիան բացահայտ եւ հրապարակայնորեն սկսեց սպառնալ Հայաստանին զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների եւ վարձկանների տեղափոխելով ղարաբաղյան հակամարտության գոտի: Հասկանալով, որ միան Ադրբեջանի բանակի ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար: Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմները այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան Հարավային Կովկասում հասնի իր նպատակին դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձություների շղթայական ռեակցիայի եւ, հետեւաբար, տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն: Այս փուլում սակայն արձանագրվեց մի տարօրինակ հանգամանք. Ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել միայն ղարաբաղյան հակամարտության համատեքստում եւ ըստ էության, համարելով, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւն է, որ կարող է փրկել իրադրությունը»:

Վարչապետն ասաց, որ այդ ամենն անընդունելի է մեզ համար եւ շատ նման Մյունխենյան համաձայնագրին, երբ, իբր հանուն խաղաղության, եվրոպական մի շարք գերտերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան. «Իսկ թե ինչ եղավ հետո՝ գիտեք: Եվ հիմա հարցը հետեւյալն է, արդյոք աշխարհը թույլ է տալու մի նոր Հիտլերի ձեւավորումն, այս անգամ փոքր Ասիայում»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի հարձակումը սպասելի էր:

Այս պահի դրությամբ, ըստ վարչապետի, թուրք-ադրբեջանական պլանը՝ բլից-կրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները ձախողվել է բանակի գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, կամավորների եւ այլ կառույցների ջանքերով:

Վարչապետի խոսքով, այս պահին ունեցել ենք բազմաթիվ կորուստներ, մեր զոհերի թիվը շատ մեծ է, ստեղծվել է ծանր իրադրություն, բայց, նրա խոսքով, այդ արտահայտությունը չի անում հուսահատության բերումով:

Ասաց, որ ուղերձի նպատակը առաջիկա անելիքները հստակեցնելն ու միասնականություն դրսեւորելը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031