Լրահոս
Օրվա լրահոսը

Սթափ եւ սառնասիրտ

Սեպտեմբեր 30,2020 10:00

Պատերազմ վարելու համար, իհարկե, պետք է մարտական բարձր ոգի, հայրենասիրություն, հայրենիքի պաշտպանության գործին նվիրվածություն: Այս օրերին տեսնում ենք, որ մեր ազգը լիուլի օժտված է նշված հատկություններով, եւ այդ առումով կարող ենք եւս մեկ անգամ փաստել, որ նման պահերին մենք 10 միլիոնանոց մեկ թիմ ենք: Դրանում համոզվելու համար բավարար է անցնել մեր զինկոմիսարիատների կողքով:

Կա եւս մի շատ կարեւոր հատկանիշ, որն անհրաժեշտ է պատերազմի համար՝ դա սառնասրտությունն է: Նման վարքագիծ է դրսեւորում, օրինակ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նրա հանգիստ եւ ինքնավստահ կեցվածքը անկեղծ է, համոզիչ է եւ փոխանցվում է հասարակությանը: Սակայն համացանցում ոչ բոլոր հայերն են սառնասիրտ՝ մարդիկ հանրայնացնում են իրենց վիշտը, ցասումը, նեղվածությունը եւ այլ բացասական զգացմունքներ, ինչը տվյալ դեպքում, կարծում եմ, սխալ է:

Սառնասրտության պակասը հաճախ զգացվում է նաեւ «աշխարհաքաղաքական» ասպարեզում: Մինչդեռ պարզ է, որ ամեն մի պետություն իր շահերն ունի, եւ ոչ մեկից պետք չէ ո՛չ նեղվել, ո՛չ հրճվել, ո՛չ էլ հաշիվ պահանջել: Հուզական զեղումները՝ այ, իմացեք, թե ովքեր են մեր թշնամիները, ընդունելի չեն ընդհանրապես եւ մերժելի են հատկապես պատերազմի ժամանակ: Սթափ մոտեցումը պահանջում է հաշվարկել, թե որքանով են մեր եւ այլ պետությունների շահերը համընկնում եւ որքանով են հակասում: Այս պահին Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի շահերը 100 տոկոսով իրար հակասում են: Մնացած պետությունների մասին չենք կարող նույնը պնդել (թերեւս՝ բացի հեռավոր Պակիստանից): Հետեւաբար, այստեղ պետք է փնտրել շահերի գոնե 1 տոկոսանոց համընկնում եւ օգտվել դրանից:

Հավելեմ, որ չեմ կարծում, թե Էրդողանի եւ ամբողջությամբ նրա ազդեցության տակ գտնվող Ալիեւի մոլագարությունը բխում է այդ պետությունների շահերից: 1930-ականներին էլի մեկը կար Գերմանիայում, որը կարծում էր, թե կարող է կայսրություն կառուցել: Սկզբնական շրջանում տարբեր շահեր ունեցող պետություններին թվում էր, թե նրանք կարող են այդ մոլագարին օգտագործել իրար դեմ, մինչեւ որ, սարսափելի գին վճարելով, հասկացան, որ պետք է միավորվել նրա դեմ: Էրդողանի դեպքում էլ է գալիս այդ ժամանակը, եւ այն, որ մեր հերոս զինվորները ձախողում են նրա ծրագրերը, նպաստում է գործընթացի արագացմանը: 21-րդ դարում նացիզմը (այս անգամ «թուրանական կայսրության» երազանքի տեսքով) դատապարտված է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Էրտողանի թիրախը՝ Ռուսաստանն է: Լիպիայէն եւ Սուրիայէն վերջ, Թուրքիոյ եւ Ռուսաստանի միջեւ բախումի երրորդ դաշտն է հիմա արդէն՝ Հարաւային Կովկասը: Ի դէպ, զուգադիպութիւն չէ որ թշնամիին վարձկանները գալիս են Սուրիայից, մինչ իր ժողովուրդին ուղղուած իր անհեթեթ – բայց ազդու – քարոզչութեան մէջ, Էրտողանը երեւակայում է թէ հայերի կողքին կռւում են… քիւրտեր: ( Խօսքը՝ յանուն Քիւրտիստանի պայքարող, PKKի քիւրտերուն մասին է: Այս մասին, այսօր, յօդուած կայ՝ Washington Post-ում: )

    Թուրքիան, որպէս ՆԱՏՕի – յատկապէս նախաձեռնող եւ սանձարձակ- անդամ, լաւ գիտէ որ, մինչեւ այն ատեն որ ճակատ բացած է Ռուսաստանի դէմ, արեւմտեան պետութիւնները բան չեն անելու:

    Եւ դեռ այստեղ չխօսեցանք Պարսկաստանի մասին: Որպէս Շիիթ բեւեռը, ի դէմ՝ Սիւննիթ բեւեռին: Եւ միակ իսկական սպառնալիքը՝ Իզրայէլի համար:

    Այս ամէնուն մէջ, ըստ տրամադրելի լրահոսին – եւ նրա ներշնչած կարգ մը հէշթէկներին -, երեք օրից, մենք արդէն յաղթել ենք: Շատ բարի: Թէ որ այդպէս է, ուրեմն կարող ենք Արեւմտեան Հայաստանն ալ ազատագրել, այդ ալ թերեւս կը տեւէ, ինչ՝ չո՞րս օր…

    Մինչ այդ, սակայն, նայինք թէ Ռուսաստանը ինչպէս պիտի դիմագրաւէ այս նորագոյն յարձակումը՝ իր դէմ: Այս մէկը, ուղղակի իր «ազդեցութեան գօտիի» ծոցում:

    Լաւատես յանգումը կը լինի այն, որ Ազրպէյճանն է որ կը վճարէ գինը իր դիրքորոշման:

  2. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան

    Որեւէ հակամարդկային գաղափարախոսություն քարոզելուց շատ հեռու եմ, բայց նկատեմ, որ ձեր ակնարկած 1930-ականների մարդը գրագետ էր: Մի բան, որ չես ասի Ալիեւի ու Էրդողանի մասին:

  3. Ruben says:

    «Քայլողները» դեռ «վազել» չգիտեն, իսկ փորձառու ռազմական մասնագետներին չեն թույլատրում գնալ ռազմաճակատ: Ասում են` «գրանցվեք ու հանգիստ նստեք տեղներտ», «քո վախտը (60 տարիդ) անցել ա»:
    Այ քեզ տխմարություն…

    • Հ.Շ. says:

      Կարիքը որ լինի, կը տանին ուր որ պէտք է:
      Լաւ է, որ տակաւին կարիքը չկայ…

      Խնդիրը այն է որ սակայն, նուազագոյնից պակաս խապար ունենք, թէ ինչ է մեր կացութիւնը:

      Պաշտօնական տեղեկատւութեան հիմնական – եթէ ոչ, միակ – հասցէատէրը, փաստօրէն, թշնամին է: Հիմնական նիւթն ալ, թշնամին է:

      1988-ից 1994 կռիւներուն եւ պատերազմի ժամանակ, անհամեմատօրէն աւելի լուրեր կը ստանայինք: Մեր Մասին: Եւ դեռ լայնատարած Համացանց չկար:

      Թերեւս այժմու (ան)տեղեկատւական ռազմավարութիւնն է, ճիշդը: Սակայն շատ անհաճոյ է: Կարծէք թէ մեզ չեն վստահում, կամ երեխաների տեղ են դնում:

      Սակայն այս մօտեցումով, ըսի-ըսաւները պիտի շատանան, եւ նաեւ մարդիկ վատ հակումը պիտի ունենան սխալ աղբիւրներից լուրեր որոնելու: Կամ ել, սեփական հաղորդակցութիւններով, ինչ որ նոյնպէս անխոհեմութիւն է:

  4. Հ.Շ. says:

    ահա, մի շատ «սթափ եւ սառնասիրտ» վարքագիծ… (28 սեպտեմբերին…) ՝
    https://www.aravot.am/2020/09/30/1138897/

    յետագային կը հաշուարկենք թէ այս երեխայական «ջղայնութեան» գինը՝ յաւելեալ քանի՞ ջահելների կեանքը հանդիսացաւ

    Կոպիտ ամբոխավարութիւնը արդէն մեզ հասցուց այստեղ: Սակայն այդ հիւանդութիւնը, պատերազմի ժամանակ, աւելի ուղղակիօրէն մահացու հետեւանքներ կ’ունենայ:

    ՆԱՏՕ-ի կատաղած շունը յարձակում է գործել, արեւմտեան պետութիւնները բերանի ծայրով հազիւ բաներ մըն են մրթմրթում, եւ հիմա խզւում ենք Ռուսաստանի՞ հետ:

    Հա, հեսա Եւրոպան օգնութեան կը հասնի:

    Յաջող:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930