Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած ծննդկանի մոտ արձանագրվել էր երեք անգամ սրտի կանգ

Սեպտեմբեր 18,2020 16:00

Շենգավիթ ԲԿ-ում երեկ 30-ամյա ծննդկան Սեդա Ասատրյանի մահվան դեպքով ԲԿ խոսնակ Անուշ Բադալյանը Aravot.am-ին հայտնեց, որ մահացածի դին ԲԿ-ից դուրս հանելու խնդիր չի եղել, ինչպես լրատվամիջոցներին ահազանգել են ծննդկանի հարազատները: Մենք նաեւ տեղեկացանք, որ կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է անաֆիլաքսային շոկ, որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել է փրկել:

Հաշվի առնելով երկարատև անջուր շրջանը և հիվանդության անամնեզը կնոջը ներարկվել է այլ խմբի հակաբիոտիկ 500 մգ դեղաչափով՝ ըստ բժշկական պրոտոկոլի: Հիվանդության անամնեզը նշված է եղել ծննդկանի բժշկական փաստաթղթերում: Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Գանգատվել է շնչահեղձության, խեղդոցի զգացումից, ունեցել է հազ, վերջույթների ցիանոզ, զարկերակային ճնշումը՝ 70/30 մմ․սնդ․ սյուն, PS 125 զարկ, Sao 2-65%: Երեխան ծնվել է առողջ՝ 3100 գրամ քաշով և 50սմ հասակով:

Ծննդկանի մոտ ախտորոշվել է՝ վաղ հետծննդյան շրջան, վիճակ ժամկետային ծննդաբերությունից հետո, անաֆիլաքսիա, հարպտղաջրերով էմբոլիա։

Ձեռնարկված բոլոր հակաշոկային, վերակենդանացման միջոցառումները՝  1:15-05:40 ժամվա ընթացում դրական արդյունք չեն տվել: Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ, որը հնարավոր է եղել վերականգնել: 18․09․2020, ժամը 05:40 մոնիտորի վրա կրկին արձանագրվել է սրտի կանգ: 45 րոպե տևողությամբ սրտի ռիթմը վերականգնող միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահը:

Հիշեցնենք, որ մահացած Սեդա Ասատրյանի հարազատները մեղադրում են բժշկական անձնակազմին: «Մարդը ողջ-առողջ իր ոտքով եկել է, ես համարում եմ, որ էս մարդուն սպանել են»,- լրագրողների հետ զրույցում ասել է նրա եղբայրը՝ Սևակ Ասատրյանը։

Ըստ հարազատների՝ Սեդան հղիության ընթացքում բարդացումներ չի ունեցել, սեպտեմբերի 17-ին բժիշկն է Սեդային կանչել հիվանդանոց, որ  միջամտություն կատարվի։ Սեդային հակացուցված է եղել հակաբիոտիկ, ինչի մասին տեղյակ է եղել իր բժիշկը։

«Երեկ ժամը 1-ից շուտ իրեն բերել ենք, արհեստական ցավեր են տվել, հա ձգձգվեց,  դառավ գիշերվա կես, էն որ արդեն լուսադեմի մոտերքն էր, հա զանգում էինք՝ ասում էին՝ էսա կիջնենք ու էդպես ձգձում էին և էդ ընթացքում անվտանգության  աշխատակիցներն են շատանում, մենք զգացինք, որ իրենք ստրախովկա են  անում։ Զանգեցինք, բժշկին հարցրեցինք, թե ի՞նչ է եղել է, ոչ մի պատասխան, լավ է։ Հետո զանգում է Սեդայի ամուսնուն, ասում՝ երեխադ ծնվել է, բայց կնոջդ մոտ բարդություններ կան, ինքը ալերգիա ունե՞ր ինչ-որ դեղից, ասում է՝ դու իր բժիշկն ես, չգիտե՞ս, թղթերում գրած է, որ ալերգիա ունի անտիբիոտիկից, դու ինչո՞ւ ես սրսկել»,- պատմել է  Սեդայի հարազատը՝ Հովհաննես Հարությունյանը։

Մինչդեռ մանկաբարձ-գինեկոլոգ, Շենգավիթ ԲԿ-ի գլխավոր բժշկի տեղակալ Ռուսուդան Վարդանյանն NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ սխալմունք տեղի չի ունեցել. «Այստեղ սխալմունքի որևէ փաստ չկա, բժշկական անձնակազմը քաջ տեղյակ է եղել, որ Սեդան այդ խմբի հակաբիոտիկից ալերգիա ունի, և արվել է մեկ այլ խմբի հակաբիոտիկ, որը հակացուցված չէ այս պայմաններում, երբ արվում է ցուցումներով»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930