«Արայի′կ, հեռացիր, Արայիկ հեռացիր», «Մենք ապազգային քաղաքականությանն ասում ենք՝ ոչ», «Մենք գիտությունը քանդող նախարարին ասում ենք՝ ոչ»,-քիչ առաջ այս կոչերով Մատենադարանի հարակից տարածքից մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագրով երթը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:
Երթի կազմակերպիչները հայտնեցին, որ երթն անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և ավարտվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության դիմաց: Նրանք պարբերաբար հորդորում են երթի մասնակիցներին դիմակները պատշաճ կրել:
Երթի ընթացքում մասնակիցները հայտարարում են. «Արայիկ Հարությունյանը պետք է օրինակ դառնա այս և հաջորդ իշխանությունների համար, որ ՀՀ-ում ապազգային քաղաքականությունը մերժվում է: Արայիկ Հարությունյանը՝ որպես ապաշնորհ օրինակ, պետք է հեռացվի և օրինակ դառնա բոլոր ապաշնորհ նախարարների համար: Արայիկ Հարությունյանն իր ղեկավարած բոլոր ոլորտներում նախորդ երկու տարիներին միայն ձախողել է: Արայիկ Հարությունյանը մերժված է գիտնականների կողմից, մերժված է ուսուցիչների կողմից, մերժված է ծնողների կողմից: Արայիկ Հարությունյանը մերժված է ուսանողների կողմից, մերժված է մարզիկների կողմից, մերժված է երիտասարդների կողմից: Արայիկ Հարությունյանը մերժված է ՀՀ քաղաքացու կողմից և Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա: Թատրոնի մեր տաղանդավոր դերասանների աշխատավարձը 60-80 հազար դրամ է, իսկ Արայիկ Հարությունյանինը 6,5 միլիոն, և նա ասում է, որ բարեփոխումներ է բերել մշակույթի ոլորտում»:
Կարդացեք նաև
Երթի մասնակիցները հայտարարեցին նաև՝ պահանջում ենք, որ ՀՀ-ում կրթությունը լինի ազգային: Նրանք վստահեցնում են՝ հայ նախարարը, որը երկու տարի շարունակ փորձում է հակադրել ազգային կրթական համակարգը և առաջադիմությունը, ՀՀ-ում իբրև նախարար տեղ չունի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ