Լրահոս
Օրվա լրահոսը

Մնալ «Իմ քայլում» եւ քննադատել նախարարի՞ն

Սեպտեմբեր 11,2020 10:00

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ վայր է դնում իր մանդատը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հակասություններ ունենալու պատճառով: Այդ հայտարարությանն ի պատասխան հնչում են երկու տեսակի մեկնաբանություններ: Իշխանության ընդդիմախոսներն ասում են՝ ավելի լավ է, թող նախարարը հրաժարական տա, իսկ կողմնակիցները տարակուսում են՝ ի՞նչ է նշանակում, պատգամավորը հրաժարվում է մանդատից՝ նախարարի հետ տարբեր հայացքներ ունենալու պատճառով: Ես համաձայն չեմ ո՛չ հրաժարականի կոչի, ո՛չ էլ տարակուսանքի հետ:

1/ Արայիկ Հարությունյանի հրաժարականը ոչ մի հարց չի լուծի, որովհետեւ Հայաստանն այս իրավիճակում չի կարող ավելի լավ ԿԳՄՍ նախարար ունենալ: Կարեւորը նախարարի անձը չէ, այլ այն գաղափարական հիմքը, որից ելնելով նա աշխատում է: Իսկ այդ հիմքը հեղափոխությունն է, որը ենթադրում է հետեւյալ կանխադրույթը. հայ ժողովրդի պատմությունը սկսվել է 2018 թվականի ապրիլից՝ այն, ինչ արվել է դրանից առաջ, առնվազն սխալ էր, իսկ հիմնականում՝ հանցագործություն: Դա ոչ միշտ է ուղղակիորեն ասվում, բայց հիմք է ծառայում թե՛ հայեցակարգերի եւ թե՛ կադրային քաղաքականության համար: Հենց որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ հեղափոխությունն ավարտվել է, որ ներքին թշնամիներ այլեւս չկան, որ հեղափոխությունը պետական կրոն չէ եւ «Իմ քայլի» պատգամավորները դրա առաքյալները չեն, այդ պահից սկսած հնարավոր կլինի ունենալ ԿԳՄՍ ավելի լավ նախարար, կամ նույն Արայիկ Հարությունյանը կսկսի այլ կերպ աշխատել:

2/ Պատգամավորի՝ մանդատը վայր դնելը, որը պայմանավորված է նախարարի հետ հակասություններով, իսկապես, զուտ դասագրքային քաղաքագիտության տեսանկյունից, տարօրինակ է: Իրոք որ, հնարավոր չէ պատկերացնել, որ Միացյալ նահանգներում հանրապետական կոնգրեսմենը կամ սենատորը ցանկանա հրաժարվել իր մանդատից այն հիմնավորմամբ, որ համաձայն չէ վարչակազմի որեւէ անդամի կամ թեկուզ իր կուսակցությունն այժմ ներկայացնող ԱՄՆ նախագահի հետ: Նա հանդես կգա Կոնգրեսի ամբիոնից ու լրատվամիջոցներով եւ անխնա կքննադատի այդ պաշտոնյաների, իր կարծիքով, սխալ քայլերը:

Իսկ հիմա պատկերացրեք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հրապարակավ քննադատի ԿԳՄՍ քաղաքականությունը: Ի՞նչ է իրեն սպասում: Նրան կմեղադրեն հեղափոխության գաղափարներին դավաճանելու մեջ, կկանչեն Սայաթ-Նովա փողոց եւ այնտեղ «վտիկ» կանեն, հնարավոր է նաեւ վարչապետն իր մոտ կանչի եւ պահանջի կողմնորոշվել, թե քաղաքական ո՞ւմ թիմից է նա: Իսկ «ֆեյսբուքյան պարտակտիվը» կհայտնաբերի նրա կապերը նախորդ կոռումպացված իշխանության հետ: Պարզ է, որ Արսեն Ջուլֆալակյանին այդ ամենը չի կարող վախեցնել: Բայց, խելացի մարդ լինելով, նա հասկանում է, որ իր քննադատությունն իրավիճակի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա: Եվ այդ պատճառով է, հավանաբար, ցանկանում հրաժարվել պատգամավորական մանդատից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան հարգելով սեփական կարծիք ունենալու ձեր բնական իրավունքը, ուզում եմ հակառակը պնդել: Նախկին լրագրող Թագուհի Թովմասյանն էլ է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի պատգամավոր, բայց իր թերթում անխնա քննադատում է կառավարությանը: Նրա վրա չեն հարձակվում: Լինելով իշխանություն քննադատել իշխանությանը առնվազն անտրամաբանական է: Արսեն Ջուլֆալակյանի դեպքում այլ հարց կա: Չգիտեմ ինչ, բայց կա: Բայց ապրի Արսենը որ Թագուհու սխալը չի կրկնում:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      «Ժողովուրդ» թերթի վրա ֆեյսբուքյան «պարտակտիվը» եւ անգամ պաշտոնյաները պարբերաբար հարձակվում են: Օրինակ, երբ այդ թերթը գրեց Երեւանի քաղաքապետի հնարավոր հրաժարականի մասին, քաղաքապետը (կամ նա, ով քաղաքապետի փոխարեն այդ գրառումն է արել) ի պատասխան թերթն անվանել է «նախկին կոռումպացված իշխանության» խոսափող: «Ժողովուրդ» թերթն, այո, չի արտահայտում իշխանության տեսակետը: Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը երբեք ո՛չ լրատվամիջոցում, ոչ ո՛չ էլ ԱԺ ամբիոնից չի քննադատել որեւէ նախարարի, առավել եւս՝ Արայիկ Հարությունյանին: Եթե ես սխալվում եմ, դրեք, խնդրեմ, այստեղ նրա ելույթի որեւէ հղում, որը հակառակն է ապացուցում:

  2. Նարեկ says:

    Շատ ժամանակ չեմ ծախսի մի մարդու՝ Թագուհու վրա, որ մեղմ ասած, իրեն սխալ է պահում: Ահա միայն մեկ հղում: Ինքներդ կարդացեք իր թերթում այն լուրերը, որ սկսվում են մեր տեղեկություններով իշխող խմբակցությունը… Թագուհին իշխող խմբակցության անդամ է եւ հարնայնացնում է ներքին հարցերը: կամ անխնա քննադատում է իշխանությանը, մեղադրում ապաշնորհության մեջ ու սնվում նույն իշխանությունից: Վստահ եմ, որ Թագուհու նմանների պատճառով չի մաքրվում մեր քաղաքական դաշտը:

    Սա տպված է Թագուհու թերթի այսօրվա համարում:

    «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման հրապարակումից անցել է երկու տարի: Եվ եթե այս երկու տարիների ընթացքում չի ստացվում բացահայտել գաղտնալսման դեպքը, համենայնդեպս, հանրությունը չունի որեւէ տեղեկություն բացահայտման վերաբերյալ, ապա ի՞նչ սպասել ուժային կառույցներից այսքանից հետո: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ` 2018-ի սեպտեմբերի 11-ին, համացանցում էր հայտնվել Վանեցյանի եւ Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Նրանք 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Իսկ ի՞նչ ունենք գաղտնալսման հրապարակումից երկու տարի անց: 2020 թվականի հունիսի 10-ին ՀՔԾ նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ գաղտնալսման գործը բացահայտված է: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանին, որը հայտնեց. «Տվյալ քրեական գործի վերաբերյալ Քննչական կոմիտեի կողմից նախկինում տրված մեկնաբաբություններին ավելացնելու ոչինչ չունենք: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նախաքննությունը շարունակվում է»: Հիշում եք՝ 2019 թվականի հունիսի 9-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, թե հարցումներ են ուղարկել որոշ երկրներ եւ սպասում են պատասխանների: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս գործով: Մեր տեղեկություններով՝ չորս երկիր հարցում է ուղարկվել, սակայն մինչեւ հիմա դեռ պատասխան չկա որեւէ երկրից: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեից զանգահարել են նշված երկրների իրավապահ մարմիններին եւ խնդրել, որպեսզի հարցմանը պատասխանեն, սակայն այդպես էլ չեն պատասխանել: Անգամ այլ ուժային կառույցներից են «գործին խառնվել», բայց դարձյալ որեւէ տեղաշարժ չկա: Ոչ մի երկրից չեն պատասխանել մեր հարցումներին»:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շնորհակալություն մեկնաբանությունների համար: Ես ոչ մեկի, առավել եւս՝ գործընկերներիս դատավորը չեմ

    • Սարգիս Զեյթունյան says:

      Հարգելի Նարեկ, Ձեր վրդովմունքը կարելի է հասկանալ միայն իշխող կուսակցության տրամաբանության մեջ: Կասե՞ք, ինչու՞ իշխանությունից սնվողը կարող է, ենթադրում եմ՝ նաև պետք է, քննադատի Սահմանադրական դատարանը և չի կարող քննադատել ՀՔԾ-ն (Ձեր բերած օրինակում միայն ՀՔԾ-ն է քննադատվում): Կարո՞ղ ենք ասել, որովհետև ՍԴ-ն դատական իշխանություն է, իսկ ՀՔԾ-ն՝ քաղաքական:

  3. Նարեկ says:

    Ես էլ դատավոր չեմ պարոն Աբրահամյան: Բայց ես, դուք եւ Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի խոսել այս կամ այն խնդրից: Ես վստահ եմ, որ Թագուհու նմանները բոլոր ոլորտներում զարգացման, դրական փոփոխությունների արգելք են: Լրագրողը պետք է խնդիրները ցույց տա հանրությանը, ոչ թե վատը տարածի: Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Թագուհին լրագրող եղած ժամանակ սրանից-նրանից փող է վերցրել ու հրապարակումներ գրել: Հիմա ինքը նույն ձեւով է ապրում: Իշխանություն լինելով իշխանության դեմ է խոսում:

    Իսկ ձեզ, պարոն Աբրահամյան, շատ շնորհակալություն, որ չզլացաք ու պատասխանեցիք իմ մեկնաբանությանը:

  4. Gagik says:

    Էյֆորիան կամաց-կամաց անցնումա։ Էտ թվումա իմ քայլի պատգամավորների մոտ։
    Իրանք էլ ժողովրդի պես էյֆորիայի մեջ էին։ Իրենց թվում էր, թե ժողովուրդը միշտ ձեռքերի վրա տանելույա վայելելու են կյանքը, բայց արդեն տենց չի։
    Կայացած մարդիկ են դուրս գալիս, մտածելով պետք էր անցավ գլուխս դրեցի ցավի տակ։
    Սկզբից ՏՏ ոլորտից մի տղա դուս եկավ անունտ չեմ հիշում, հիմա ճանաչված մարզիկ։

    Էյֆորիան շարունակում նրանց մոտ ովքեր մինչև հեղափոխությունը պայմանական ասած 200հազար դրամ աշխատավարձ էին ստանում։
    Հիմա մի քանի անգամ ավել։

  5. Նարեկ says:

    Հարգելի Սարգիս Զեյթունյան

    Ես ասում եմ, որ իշխանության մեջ նստած մարդը չպետք է քննադատի ու ասի վատ է: ԱՆկախ պետական որ օղակի մասին է խոսքը: Դա նշանակում է, որ իր տեղը չի պատկերացնում: Թե չէ ստացվում է ասում ես՝ ես վատն եմ, ես վատն եմ: Համաձայնեք, սա տրամաբանությունչրից դուրս է:

    • Սարգիս Զեյթունյան says:

      … «Թե չէ ստացվում է ասում ես՝ ես վատն եմ, ես վատն եմ: Համաձայնեք, սա տրամաբանությունից դուրս է:»
      Կարող եմ ընդամենը համաձայնել, որ դրա կարիքը, բնավ, չկա. առանց ասելու էլ՝ պարզ է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930