Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

114 դպրոցի տնօրենը վերականգնվել է. «Նախարարն ինձ ազատել էր աշխատանքից առանց իրավական հիմքերի»

Սեպտեմբեր 08,2020 14:13

Խաչիկ Դաշտենցի անվան 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը վերականգնվել է աշխատանքում: Լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց տիկին Կոստանյանը, որը ժամանակին դիմել էր դատարան՝ անվավեր ճանաչելու նախարարի հրամանը իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ: Խիստ նկատողությունը կապված էր մայիսի 25-ին միջնակարգ կրթության ատեստատների հանձնման ժամանակ աշակերտների կողմից կազմակերպված անակնկալի հետ, որին այլ աստառ էր տրվել ու տեսանյութը տարածվել էր սոցցանցերում, հայտնվել անգամ վարչապետի էջում։

Տիկին Կոստանյանն ասաց, որ դատ չի եղել. օգոստոսի 27-ին նախարարն իրեն ազատել է աշխատանքից, եւ սեպտեմբերի 2-ին ուժը կորցրած է ճանաչվել ԿԳՄՍ նախարարի հրամանը. «Նախարարն ինձ ազատել էր աշխատանքից առանց իրավական հիմքերի, դրա համար էլ հիմա վերականգնվել եմ: Ինձ հետ չի հանդիպել, չի խոսել, անակնկալ էր նման հրամանը»:

Ավելի ուշ տիկին Կոստանյանը հավելեց, որ առաջին խիստ նկատողությունը միտում ուներ, նախարարն իր առաջ նպատակ էր դրել` ազատվել իրենից «նախկին» համարելով. «Խիստ նկատողություն ինձ տրվեց` ոչ մի հիմնավորում չունենալով: Վարչական իրավախախտումների մասին օրենքով եւ դատավարության սկզբունքներով` 83 հոդվածով, եթե հարցը վիճահարույց է լինում եւ բողոքարկվում է կողմերից մեկի կողմից, օրենքի ուժով կասեցվում է մինչեւ վերջնական իրավական ակտի կայացումը (դատավճիռ եւ այլն): Այսինք դա դատավորը չի կասեցրել, այլ օրենքի ուժով է կասեցվել: Հենց մենք մուտք արեցինք, վարույթ ընդունվեց, ավտոմատ էլ կասեցվեց»:

Ռուզաննա Կոստանյանը հիշեցրեց, որ ինքը միջադեպից հետո երկու ամիս հիվանդանոցներում է անցկացրել, նաեւ վստահ է եղել, որ ամենը խիստ նկատողությամբ չի ավարտվելու, քանի որ կոնկրետ հետապնդում էր անցկացվում իր անձի դեմ:

Ի դեպ, «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով 114 դպրոցի եւ տիկին Կոստանյանի վերաբերյալ օգտատիրոջ հարցին` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել էր. «Ես դրա հետ կապված իմ վերաբերմունքն ունեմ: Կարծում եմ, որ Covid-ի այսպիսի մեծ ալիքով տարածման փուլում` հատկապես կրթական հաստատությունների ղեկավարները պետք է ունենային եւ ունենան առավել զգոնություն եւ պատասխանատվություն: Այդ պատասխանատվությունից խուսափելու դեպքում իմ վճիռները շատ հստակ են: Ես անձամբ չեմ կարող նման մարդկանց հետ աշխատել այս համակարգում, եւ նման մարդիկ չպետք է աշխատեն այս համակարգում, երբ որ կասկածի տակ է դրվում եւ վտանգվում է մեր երեխաների առողջությունը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930