Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ձերբակալումն ապօրինի է: Աշոտ Հովսեփյանը սպիրտը մարզի մեկ այլ բնակչից է գնել, դրան խառնել է միայն ջուր եւ լիմոն». պաշտպան. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 03,2020 10:08

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալված Աշոտ Հովսեփյանն իրեն ներկայացված կասկածանքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել՝ տալով մանրամասն ցուցմունք:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը՝ պնդելով, որ Հովսեփյանը ցորենի գործարանային սպիրտը ձեռք է բերել մարզի մեկ այլ բնակչից, դրան խառնել է միայն ջուր, լիմոն, բայց ոչ մի քիմիական հավելում:

Աշոտ Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

– Պարոն Գեւորգյան, ի՞նչ դիրքորոշում ունի  Ձեր պաշտպանյալը կասկածանքի վերաբերյալ, ցուցմունք տվե՞լ է:

– Դիրքորոշում հայտնել է, կասկածանքի շուրջ իր առնչության վերաբերյալ ասել է, որ իրականում զբաղվել է սպիրտից օղի պատրաստման գործընթացով, սակայն ցորենի գործարանային սպիրտը նա գնել է եւ ցուցմունքով նշել է, թե ումից, փորձել է դրանով աջակցել քննությանը, որ եթե տարածման ճանապարհը դա եղած լինի, ապա դեմն առնվի եւ տարածում չստանա: Աշոտ Հովսեփյանն ի սկզբանե անգամ անզգուշության շրջանակում չէր կարող ենթադրել, որ կարող է այդ հետեւանքը առաջացնել, նա ընդամենը մաքուր ջուր եւ բնական լիմոնի մզվածք է խառնել սպիրտին, այսինքն՝ իր ձեռքով է մզել ու խառնել, որեւէ այլ քիմիական հավելում չի ավելացրել, որից կկարողանար հետեւություն անել, որ ստեղծած խմիչքը կարող է լինել թունավոր:

– Պարոն Գեւորգյան, սկզբնակետը, որտեղից Ձեր պաշտպանյալը ձեռք է բերել Ձեր նշած սպիրտը, ո՞րն է եղել:

-Տեսեք՝ ինչ հետաքրքիր է. շղթա է, եւ մեր նշածը ոչ թե սկզբնակետն է, այլ այն անձը, որից ձեռք է բերել, բայց այդ անձը, իմ պատկերացմամբ, չէր կարող լինել ցորենից սպիրտ պատրաստող, պետք է ուրիշից ձեռք բերած լինի, եւ եթե իրականում պարզվի, որ դա է եղել թունավորման պատճառը, բոլորիս է հետաքրքիր՝ սկզբնակետը որն է եղել: Համենայն դեպս, Աշոտ Հովսեփյանը կատարել է իր՝ որպես քաղաքացու բարոյական պարտականությունը, չի օգտվել ցուցմունք տալուց ազատվելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, տվել է ցուցմունք, ցույց է տվել անձին, ումից որ սպիրտը ձեռք է բերել՝ ունենալով մեկ նպատակ. եթե իրականում դա է եղել թունավորման պատճառը, գոնե այդ շղթան կանխվի: Ու իր տված ցուցմունքի հիման վրա է, որ հայտնաբերվել է այն քանակությունը, որի մասին խոսվում է, հակառակ դեպքում մինչ օրս այդ սպիրտը ոչ մեկը չէր գտնի:

– Պարոն Գեւորգյան, վիճարկո՞ւմ եք Աշոտ Հովսեփյանի ձերբակալման իրավաչափությունը:

– Ես համարում եմ, որ ձերբակալումն ապօրինի է, բայց այս պահին իր գործով շատ ավելի կարեւոր հարցերով եմ զբաղված, ենթադրենք՝ վիճարկեի, համարեին ոչ իրավաչափ, դա ոչինչ չէր փոխելու, այդ ժամանակը շատ ավելի ռացիոնալ կարող ենք օգտագործել իր պաշտպանության մեկ այլ բնագավառում:

Միլենա Խաչիկյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930