Երեկվա տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է 187 737 հոգի, մահացության ցուցանիշը (վարակվածների եւ մահացածների թվի փոխհարաբերակցությունը) 3.02 տոկոս է: Համեմատության համար նշեմ, որ Հայաստանում համավարակը տարել է 881 մարդու կյանք, եւ մահացության տոկոսը 2.01 է:
Բայց, ԱՄՆ-ի հետ կապված, կա ավելի հետաքրքիր թիվ, որը կապ չունի կորոնավիրուսի հետ եւ որն ապացուցում է, որ համավարակը միայն սրել է արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրները: Ըստ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ագնուս Դիթոնի հետազոտության, որը նա իրականացրել է մեկ այլ ամերիկացի տնտեսագետ՝ Էն Քեյսի հետ համատեղ, ԱՄՆ-ում տարեկան մոտավորապես նույնքան մարդ է մահանում… վհատությունից: Հետազոտությունը հրապարակվել է այս տարի եւ կոչվում է Death of despair and the future of capitalism: Ըստ գիտնականների՝ հուսահատությունը (despair), որը հանգեցնում է մահվան, ունի երեք հիմնական դրսեւորում. 1/ ինքնասպանություն, 2/ ալկոհոլիզմ, որը բերում է մահացու հիվանդությունների, 3/ թմրամիջոցների գերդոզավորում: Գրքում ներկայացվում է հետեւյալ թիվը՝ այդ երեք պատճառներից (որոնց, տնտեսագետների կարծիքով, իրականում միավորում է մեկ պատճառ՝ հուսահատությունը) ԱՄՆ-ում 2016 թվականին մահացել է մոտ 158 հազար մարդ, այսինքն՝ թիվը համեմատելի է նույն երկրում կորոնավիրուսից մահացած մարդկանց թվի հետ:
Իսկ ի՞նչն է այդ մահացու հիասթափության հիմնական պատճառը: Բնականաբար, կարող ենք ենթադրել՝ ցածր եկամուտները: Բայց, համաձայն հետազոտության, դա ավելի շուտ հետեւանք է, քան պատճառ. տնտեսագետներն ապացուցում են, որ հիասթափվածների ճնշող մեծամասնությունը կազմում են մարդիկ, որոնք ունեն ցածր կրթական մակարդակ: Վերջինիս կապը սոցիալական խնդիրների հետ ակնհայտ է, բայց ոչ ուղիղ համեմատական՝ մարդկանց պետք է ոչ միայն հոգալ նյութական կարիքները, այլեւ գիտակցել, որ իրենք գնահատված են եւ կարողանում են լիարժեք ձեւով ինքնադրսեւորվել:
Ժամանակակից տնտեսագետները հասկանում են, որ հնարավոր չէ օգտակար լինել տնտեսությանը, եթե հետազոտության օբյեկտ է հանդիսանում վերացական (Ադամ Սմիթի պատկերացրած) մարդը, որը մշտապես ռացիոնալ վարք է որդեգրում: Դրա համար էլ տնտեսության ներկայիս հետազոտողները սկսել են հետաքրքրվել հոգեբանական, կրթական, առողջապահական թեմաներով: Եվ այդ տեսանկյունից «հուսահատությունը» (այնպես, ինչպես որ դա հասկանում են հիշյալ մասնագետները) դառնում է տնտեսական խնդիր: Դիթոնը եւ Քեյսը միանշանակ պնդում են. մինչեւ չբարելավվեն կրթական եւ առողջապահական համակարգերը, դժվար է ակնկալել լուրջ առաջընթաց տնտեսական ոլորտում:
Կարդացեք նաև
Կարծում եմ, այդ պնդումը ճիշտ է նաեւ Հայաստանի դեպքում: Հուսահատված հայաստանցիների մոտ վերահիշյալ երեք դրսեւորումները, բարեբախտաբար, այնքան էլ տարածված չեն՝ մեր հուսալքված քաղաքացիները սովորաբար գերադասում են արտագաղթել, եւ վստահ չեմ, որ այդ միտումը չի շարունակվի սահմանները բացելուց եւ չվերթներն ամբողջությամբ վերականգնելուց հետո: Իսկ մնացած եզրահանգումները, որոնք վերաբերում են առողջապահությանն ու կրթությանը, ինձ թվում է, ճիշտ են աշխարհի ցանկացած երկրի համար:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ