«Ես հարց տամ, էլի, ՊՈԱԿ-ի տնօրենը ո՞վ է, չգիտեմ»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց մեր հարցին, թե ի՞նչ կապ ունի կառավարական առանձնատների վերանորոգման պատմության հետ, որտեղ շրջանառվում է նաեւ իր անունը:
Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Հակոբյանն է բարեխոսել, որ, օրինակ, Արուսյակ Մանավազյանը նշանակվի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում, իսկ ՊՈԱԿ-ի՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում, ինչպես տեղեկացրել ենք, լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել:
Հրաչյա Հակոբյանն ասաց, որ Արուսյակ Մանավազյանին ճանաչում է, բայց սուտ է, որ իր համար բարեխոսել է. «Ես որեւէ ձեւով որեւէ մեկին այսքան ժամանակ որեւէ տեղ չեմ բարեխոսել, այդ թվում նաեւ Արուսյակ Մանավազյանին: Կառավարական առանձնատների վերանորոգման հետ կապված զրո տեղեկություն ունեմ: Առաջին անգամ մամուլից իմացա, որ իմ անունը շրջանառվում է: Ազնվությամբ եմ ասում, առաջին անգամ մի ժամ առաջ եմ իմացել, երբ էլի մի լրատվամիջոցից զանգել էին, իրենցից իմացա, որ անունս այդ թեմայի հետ կապված շրջանառվում է: Այն հատվածները, որտեղ իմ անունը շրջանառվում է, որ առանձնատան վերանորոգման հետ կապված ես ինչ-որ կապ ունեմ, այդտեղ ինչ-որ մարդ նշանակելու հետ կապված կապ ունեմ՝ ծայրից ծայր սուտ տեղեկություն է, հերյուրանք է: Որեւէ կապ ես չունեմ այդ ամեն ինչի հետ»:
Մենք ճշտեցինք՝ ասացիք, որ Արուսյակ Մանավազյանին ճանաչում եք, իսկ Արեգ Սավգուլյանին ճանաչո՞ւմ եք, որովհետեւ նրանից առաջ ՊՈԱԿ-ի տնօրենը եղել է Սավգուլյանը՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Չեմ ճանաչում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ