Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան․ «Քաղաքապետարանը գազելները փոխարինում է նորերով․ մրցույթի պահանջներն այնպես են գրել, որ միայն գազելը հաղթի»

Օգոստոս 31,2020 13:50

Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտային ցանցում հին գազելները փոխարինում է նորերով, մինչդեռ խոստացել էր, որ նոր ցանցում բացառվելու են գազելները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Նա ասաց, որ մայրաքաղաքի նոր տրանսպորտային ցանցի նախագծման համար վճարվել է  850 մլն եվրո, եւ այդ ցանցն ունի որոշակի չափանիշեր, ընդ որում, պետք է երեք չափի ավտոբուսներով փոխարինեին գազելները․ «Մեզ ներկայացրել են ավտոբուսների չափանիշները՝ 18, 12 եւ 7,5-8,5 մետրանոց ավտոբուսներ։ Վճարվել է այսպիսի տրանսպորտային ցանցի համար։ Չորս միկրոավտոբուսները փոխարինվելու էին մեկ միջին չափսի ավտոբուսով։ Մեզ վստահեցնում էին, որ միկրոավտոոբուսների շահագործումը պետք է բացառեն, ու դրանք փոխարինվեն միջին ու մեծ ավտոբուսներով։ Մեզ երկու տարվա ընթացքում ասում էին՝ վերջ մահվան գազելներին, բայց նորից գազելներ են գնում։ Եթե քաղաքային իշխանությունը հայտարարում է, որ մրցույթ է հայտարարվել հարյուր ավտոբուսի համար, ապա պետք է ազնիվ գտնվի ու ասի՝ 18 մետրանոց ավտոբուսների մրցույթը չի կայացել»։

Ըստ պարոն Խաժակյանի, այսօր քաղաքային իշխանությունը հարյուր փոքր ավտոբուսի ձեռքբերման մրցույթ է հայտարարել, դրանց տեխնիկական բնութագրերից պարզ է դառնում, որ դրանք գազելներ են․ «Մրցույթի մասնակցելու տեխնիկական բնութագրի պահանջներով, դրանք պետք է լինեն նվազագույնը 14 նստատեղով, մեկ սայլակի տեղավորվելու հնարավորությամբ, եւ չորս կանգնած ուղեւորով։ Այսինքն՝ առավելագույնը 17 նստատեղ՝ եթե մեկ դռնով ավտոբուս է։ Այսինքն, ի սկզբանե, քաղաքային իշխանության նպատակն է եղել գազել- սիթի մակնիշի մեքենաներ ձեռք բերել։ Տեխնիկական չափանիշներն էլ այնպես են գրել, որ մրցույթին ավտոբուս արտադրող այլ ընկերություններ չկարողանան մասնակցել։ Այսինքն՝ մրցույթը գրվել է այնպես, որ հաղթի գազելը։ Ընդամենը հին գազելները փոխարինում են նորերով»։

Պարոն Խաժակյանը հիշեցրեց քաղաքապետ Հայկ Մարությանի մեկ տարի առաջ արած հայտարարությունը՝ 450 գազելներ ցանցից պետք է դուրս գան, դրանք 15 տարի շահագործված մեքենաներն են․ «Բայց դուրս չեն եկել, ինչպես խոստացել էր Մարությանը, հրահանգ է եղել պահել այդ գերմաշված գազելները, մինչեւ տեսնեն՝ ինչ է լինում։ Կա կառավարության գործող որոշում, ըստ որի չի թույլատրվում 15 տարվա գազելները շահագործել։ Եթե նման գազելները վթարի ենթարկվեն՝ գտնելու են մի շարքային աշխատողի եւ նրան պատասխանատվության ենթարկեն։ Եթե կա կառավարության որոշում, եւ այդ գազելները դուրս չեն գալիս շահագործումից, ապա կառավարությունը պետք է որոշումը փոփոխի եւ իր վրա վերցնի պատասխանատվությունը»։

Դավիթ Խաժակյանն առաջարկում է՝ թողնել մեծամիտ վերաբերմունքն այս գործին եւ ներգրավել մասնավոր ընկերություններին՝ միասնական օպերատորներին, ցանկալի երկուսին եւ նրանց տալ երաշխիքներ, որ իրենց հետ չեն վարվի այնպես, ինչպես շատ ներդրողների հետ, եւ այդ երկու օպերատորներն էլ բերեն նոր ավտոբուսներ․ «Իհարկե, դա շատ ժամանակ կպահանջի, բայց գոնե այս պահից սկսենք։ Հարյուր ավտոբուսը կառավարության արտաքին պարտքով 25 միլիոն եվրո կարժենա։ Նոր տրանսպորտայի ցանցը նախատեսում է 900 ավտոբուս, կառավարությունը ինչ ճոխություն պետք է թույլ տա, որ մայրաքաղաքի համար գնա եւ ավտոբուսներ բերի։ Բերեք մասնավոր ընկերություններին։ Բայց Մարությանը նախընտրում է, որ դա համայնքային գույք լինի, որպեսզի բենզինն էլ, ամեն ինչն էլ իրենք գնեն, ցանցն էլ ինքնուրույն կառուցել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31