Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է չափելու դատավորների հեղափոխականությունը

Օգոստոս 28,2020 10:00
dat

Կառավարության կողմից նախատեսվող եւ արդարադատության նախարարության կողմից իրականացվող դատական բարեփոխումները, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջարկվող թեկնածությունները քննադատության են ենթարկվում երկու կողմից՝ պահպանողական եւ ծայրահեղ հեղափոխական: Մի կողմից ասվում է, որ ոչ մի բան պետք չէ փոխել, ինչի հետ, իհարկե, դժվար է համաձայնել. եթե հասարակությունը չի վստահում դատարանների վճիռներին, ինչպես նաեւ իրավապահ ու քննչական մարմինների գործունեությանը, ուրեմն, խնդիր կա՝ այդ կառույցներն իրենց այսօրվա տեսքով խոչընդոտ են երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացմանը: Արդյո՞ք բարեփոխումները պետք է անցկացվեն այնպես, ինչպես որ դա անում է արդարադատության նախարարությունը՝ վստահ չեմ, մասնագետները պետք է ասեն:

Բայց քննադատողների մյուս բեւեռը ժխտում է հենց մասնագետ լինելու պայմանը: Ըստ այդ ուղղության ներկայացուցիչների՝ անհրաժեշտ է, որ դատավորները բոցավառված լինեն 2018 թվականի հեղափոխության (թավշյա, ոչ բռնի) գաղափարներով եւ իրենց որոշումները կայացնեն հենց այդ «գաղափարական հիմքով»: Եթե այդպես է, ուրեմն, մեզ այս ոլորտում մասնագետներ ընդհանրապես պետք չեն՝ կարելի է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության բոլոր անդամներին համատեղության կարգով նշանակել դատավոր, որպեսզի դատավորների որոշումները հայտնի քաղաքական գործերով լինեն ամբողջությամբ «ժողովրդի սրտով»: Եթե, մասնավորապես, ՍԴ դատավոր լինելու հիմնական չափանիշն այն է, թե որքան մեծ կրքով է տվյալ անձնավորությունը «պայքարել ռեժիմի դեմ», ապա մեր բարձրագույն դատարանում պետք է աշխատի միայն մեկ հոգի՝ Վահե Գրիգորյանը:

Միայն թե հարց է առաջանում՝ ո՞ւմ ձեռքում է լինելու «հեղափոխության գաղափարներին հավատարիմ մնալու» չափը որոշելու գործիքը՝ «Իմ քայլի՞»: Բայց տեսականորեն հնարավոր է, որ խորհրդարանական մեծամասնությունը սխալվի, բավականաչափ հեղափոխական չլինի եւ ժողովրդի իղձերը չարտահայտող դատավոր նշանակի: Որպես օժանդակ մեխանիզմ՝ առաջարկում եմ հետեւյալը. վիճելի դատավճիռների դեպքում անցկացնել համաժողովրդական հանրաքվե, եւ եթե դատավորն ընդունել է ժողովրդի կամքը չարտահայտող որոշում, ապա «սխալ դատավորին» նշանակած խորհրդարանական մեծամասնությունն ամբողջ կազմով վայր է դնում մանդատները եւ լյուստրացիայի ենթարկվում:

…Վերջերս նայեցի մեզ քաջ հայտնի Սթիվեն Սաքուրի հարցազրույցը Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի նախագահ, Ռիչմոնդի բարոնուհի, լեդի Բրենդա Հեյլի հետ: (Ի դեպ, այդ կառույցը բարեփոխման արդյունք է եւ սկսել է գործել 2009 թվականից): Խորհուրդ եմ տալիս նայել այդ հարցազրույցը, որն արվել է մոտ մեկ տարի առաջ. Գուցե դա ընդլայնի մեր գիտելիքներն այն մասին, թե ինչ է նշանակում լինել անկախ եւ ապաքաղաքական դատավոր:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31