Լրահոս
Օրվա լրահոսը

Անտեսված մասնագիտություններ

Օգոստոս 20,2020 10:00

Այս տարվա ընդունելության քննությունների «ամենահուզիչ» հարցն էր, թե ինչու ԵՊՀ իրավագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում 18.75-ը անցողիկ թվանշան չէր: Բնականաբար, հետաքրքիր է, թե ինչու են «իրավագիտություն» եւ «միջազգային հարաբերություններ» մասնագիտություններն այդքան պահանջված: Հուսամ, այսօրվա ոչ բոլոր երիտասարդներն են երազում «մենթության» («գործ կարելու», իսկ այնուհետեւ փողով «ջրելու») մասին: Կարծում եմ նաեւ, որ ոչ բոլորն են իրենց պատկերացնում շամպայնի բաժակը ձեռքին դիվանագիտական ընդունելության լուսավոր սրահներում ճեմելիս: (Իրականում դիվանագիտությունը ծանր եւ լարված գործ է՝ մանավանդ մեր նման ոչ հարուստ երկրում):

Բայց ավելի հետաքրքիր է, թե ինչու են որոշ մասնագիտություններ մեր երիտասարդների կողմից անտեսված: Այդ առումով բերեմ մի քանի բնորոշ օրինակ: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տվյալներով՝ Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի «շինարարություն» մասնագիտությունից 410 տեղ մնացել է թափուր: «Շինարար ազգի» համար բավականին հետաքրքիր ցուցանիշ է: Ագրարային համալսարանում 194 թափուր տեղ է մնացել Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում, 224՝ պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետում, 103՝ ագրոնոմիական ֆակուլտետում: Սա այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 20 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության մեջ:

Պարզ է, որ ԿԳՄՍ նախարարությունը եւ մասնագետները պիտի խորը վերլուծեն  պատճառները, բայց դրանցից մեկը, կարծես թե, մակերեսի վրա է՝ աշխատաշուկայի վիճակը: Գյուղացիական տնտեսությունները կարիք չունեն մասնագետների՝ չնայած «պաշտոնապես» հայտարարում են, որ դա այդպես չէ, որ իրենք երազում են ունենալ գյուղատնտես կամ անասնաբույժ, բայց ոչ ոք չի գալիս աշխատելու: Բայց փաստն այն է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության ամենադեպրեսիվ ճյուղերից մեկն է, որտեղ կյանքը կարծես թե կարգ է առել մոտավորապես 1970-ական թվականներին: Այս վիճակում, հավանաբար, ոլորտը կարիք չունի երիտասարդների ստեղծագործ ակտիվության, իսկ գյուղում մնացած տարեց մարդիկ իրականում այլ բանի մասին են երազում՝ «մի հատ զավոդ լիներ, մարդիկ գնային աշխատելու»: Հող մշակելու ցանկությունը գյուղաբնակներից շատերի մոտ մարել է, եւ դա ոչ 2, ոչ էլ անգամ 20 տարվա խնդիր է: Նույնը՝ շինարարությունը, որն իրականացվում է այնպիսի մասշտաբներով, որ ճարտարագետ շինարարների սահմանափակ թիվը միանգամայն բավարար է:

Իհարկե, աշխատաշուկայի վիճակը միայն բացատրությունը չէ. պետք է ենթադրել, որ խնդիր կա բուն այդ բուհերում՝ դասավանդման մեթոդների, շրջանավարտներին հետագա մասնագիտական գործունեության համար ավելի պիտանի դարձնելու մեջ: ԿԳՄՍ նախարարությունում սիրում են «վերջնարդյունք» բառը: Գուցե թափուր տեղերի քանակը բուհերում այդ «վերջնարդյունքի» դրսեւորումներից մեկն է: Ոչ միայն այդ նախարարությունը, այլեւ ամբողջ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի «անտեսված մասնագիտություններն» ավելի գրավիչ դարձնելու համար:

Մյուս կողմից, «գրավչությունը» գալիս է ոչ միայն դրսից, այլեւ ներսից. կարելի է փողոց ավլել եւ այդ աշխատանքի մեջ իմաստ տեսնել, եւ կարելի է նաեւ միջազգային կորպորացիայի «թոփ-մենեջեր» լինել ու ամեն օր գնալ գործի՝ սեփական բախտն անիծելով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Սպառողների, սպասարկողների, «կուպեցների»/առնող-ծախողների/վերավաճառողների (барыги) սերունդ:
    Արարողները հեռացան…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31