Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեղեցիկ խոսքերից այն կողմ

Օգոստոս 14,2020 10:00

Պատկերացրեք մեր երկրում մի քաղաքական ուժ, որն իր ծրագրային դրույթներում գրում է հետեւյալը. «Մեր նպատակն է, որ Հայաստանը լինի բռնապետություն, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները, արգելված է խոսքի եւ հավաքների ազատությունը, իշխանությունը ձեւավորվում է կեղծված ընտրությունների միջոցով, դատարանները կախված են գործադիր իշխանությունից եւ ծաղկում է կոռուպցիան: Մենք ցանկանում ենք ուրանալ ազգային արժեքները, հայոց լեզուն եւ Հայ առաքելական եկեղեցին: Արտաքին քաղաքականության մեջ մեր առաջնահերթություններն են Հայաստանը կախման մեջ դնել հնարավորինս շատ երկրներից, ինչպես նաեւ Արցախը վերադարձնել Ադրբեջանի կազմ»:

Չկա՛ Հայաստանում նման ուժ՝ բոլորն իրենց հայտարարություններում ճիշտ հակառակն են ասում՝ հայտարարում են բաներ, որոնց հետ անհնար է վիճել: Ավելին՝ անգամ ամենաբացահայտ բռնապետությունները, որպիսիք են Թուրքմենստանը եւ Հյուսիսային Կորեան, հրապարակավ չեն ընդունում իրենց բռնապետական էությունը, եւ այնտեղի իշխանությունները նույնպես, աշխարհի մնացած բոլոր իշխանությունների նման, պնդում են, որ իրենք օր ու գիշեր տանջվում են իրենց ժողովուրդների երջանկության եւ բարեկեցության համար: Աշխարհիս երեսին չկա մի երկիր, որի իշխանությունը հրապարակավ կխոստովանի, որ իր ղեկավարած ռեժիմը դեմոկրատական չէ: Այդպիսին է այսօրվա աշխարհը:

Այնպես որ՝ որեւէ մեկին հնարավոր չէ զարմացնել ժողովրդավարական եւ ազգային նպատակներ հռչակելով: Բայց երբեմն, երբ որ դա արվում է իշխանության կողմից, վերջինիս անկեղծ երկրպագուները կամ շողոքորթները բացականչում են՝ «Օ՜, ինչպիսի խորություն, որքան օրիգինալ եւ դիպուկ են ձեւակերպված մտքերը, սա նոր խոսք է մեր քաղաքական մտքի պատմության մեջ»: Այդպես էր, օրինակ, վերջերս «Ազգային անվտանգության ռազմավարություն» անունով փաստաթղթի հրապարակումից հետո:

Իրականում խնդիրն այն չէ, թե ով ինչ է հռչակում, որովհետեւ բոլորս, ըստ էության նույնն ենք ուզում: Ավելի դժվար է բացատրել, թե ինչպես է ամեն մեկս դա պատկերացնում: Ենթադրենք, նպատակ է դրված 2040 թվականին Հայաստանի բնակչությունը դարձնել 5 միլիոն՝ որեւէ հայ չկա, որը դրան դեմ կլինի: Բայց այդ բաղձալի նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համապատասխան քաղաքականություն՝ ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլեւ բազմաթիվ այլ ոլորտներում: Ես, օրինակ, կարեւոր եմ համարում համապատասխան մթնոլորտի ստեղծումը: Եվ այստեղ կարեւոր են թե՛ հրապարակային խոսքը, թե՛ իրավապահ ու դատական իսկապես անկախ համակարգը, թե՛ բիզնես միջավայրը: Վերջին երկու տարում թե՛ իշխանության եւ թե՛ հանրության ջանքերն այս ուղղությամբ բավարար չեն, իսկ երբեմն նպաստում են ճիշտ հակառակ արդյունքին:

Թե չէ՝ գեղեցիկ բառեր գրելն ու արտասանելը մեծ դժվարություն չի ներկայացնում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31