Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է նշանակում «արհեստավարժ»

Օգոստոս 06,2020 10:00

1998 թվականի փետրվարին, երբ Հայաստանի նախագահը փոխվել էր, իսկ խորհրդարանը որոշ ժամանակով մնացել էր նույնը, եւ քաղաքական ուժերի հարաբերակցությունն այնքան էլ պարզ չէր, նախագահը նշանակեց «արհեստավարժների կառավարություն», որն աշխատեց մինչեւ 1999-ի մայիսի խորհրդարանական ընտրությունները:

Այն ժամանակ նման կառավարության գոյությունը շատերիս զավեշտալի էր թվում, բայց հիմա, հետադարձ հայացք գցելով, ես մտածում եմ, որ անկուսակցական, ապաքաղաքական, բացառապես պրոֆեսիոնալներից կազմված կառավարություն ունենալու գաղափարն այնքան էլ անհեթեթ չէ, եւ այն տարբեր ձեւերով իրագործվում է մի շարք երկրներում: Քաղաքական պատասխանատվությունը դարձյալ իր վրա է վերցնում ընտրություններում հաղթած ուժը, որը, սակայն, վարձում է մասնագետների, եւ նրանք կատարում են մեծամասնության կողմից հստակորեն ձեւակերպված խնդիրները կամ, եթե չեն կատարում, ազատվում են աշխատանքից: Ի դեպ, պրոֆեսիոնալները վարձվում են բարձր աշխատավարձով՝ այս պարագայում «նվիրյալների» մասին խոսք լինել չի կարող: Գուցե արժե՞ դրա մասին մտածել:

Հայաստանի ներկայիս կառավարության մեջ, իհարկե, կան նախարարներ, որոնք նշանակվել են իրենց մասնագիտական որակների համար: Կա անգամ նախարար, որը ներկայացնում է հեղափոխական թիմը, բայց իրեն պարտադրված չի զգում ամեն օր սոցցանցերում կամ այլ հարթակներում դրսեւորվել՝ բարձրացնելով «թալանի» թեման, կամ հիշել, թե ինչ է Դաշնակցությունն արել 100 տարի առաջ: Այդպիսի նախարար է Սուրեն Պապիկյանը, որը կենտրոնացած է իր ոլորտի խնդիրների վրա, իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների խնդիրները Հայաստանում, ինչպես ասում են, սկիզբ ունեն, բայց վերջ չունեն:

Բայց ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ կառավարություն ունենալն, իհարկե, հակասում է գործող Սահմանադրության տառին եւ ոգուն: Թերեւս, նոր Սահմանադրության «հայրերը» մտածեն այդ ուղղությամբ: Իսկ մինչ այդ ասեմ, թե ինչ է, իմ կարծիքով, նշանակում «պրոֆեսիոնալ». դա մի մարդ է, որն իր մասնագիտությունն ավելի բարձր է դասում, քան քաղաքական խարդավանքներն ու այս կամ այն խմբին դուր գալու կամ դուր չգալու ցանկությունը: Պրոֆեսիոնալ լրագրողն, օրինակ, վեր է կանգնում իր անձնական ու քաղաքական նախասիրություններից եւ հավասարաչափ լուսաբանում է բոլոր իրադարձություններն ու կարծիքները, որոնք, իր տեսանկյունից, արժանի են լուսաբանման:

Չգիտեմ, կիրառելի՞ է արդյոք Հայաստանում «արհեստավարժների կառավարության» մոդելը, բայց մի բան պարզ է՝ այս պահին պրոֆեսիոնալիզմը հասարակության կողմից ստորադասված է քաղաքական նախասիրություններին: Հետեւելով ֆեյսբուքյան ժապավենին՝ կարելի է գալ եզրակացության, որ մեր հայրենակիցներից շատերը պահանջում են, որ անգամ Սահմանադրական դատարանի դատավորները լինեն հեղափոխական, նիկոլական եւ հակասերժական: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է նշանակում հեղափոխական դատավոր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Alfred says:

    Փառք Աստծո, վերջապես Քոչարյանի մասին մի լավ բան ասվեց։

  2. Ալֆրեդը չի says:

    Արմեն Դարբինյանի ղեկավարած արհեստավարժ կառավարությունը, մինչեւ ներկայիս հեղափոխական կոչվող կառավարության ի հայտ գալը, ամենաձախողված ու խայտառակ կառավարությունն էր։
    Կառավարության անդամները չպետք է լինեն միայն արհեստավարժ կամ միայն քաղաքական գործիչ։ Խիստ ցանկալի է, որ այդ երկու հանգամանքն էլ առկա լինեն։ Նման մարդիկ շատ չեն։ Բայց ո՞վ է ասել, որ կառավարության կազմի համար մենք ունենք կամ պետք է ունենանք շատ թեկնածուներ։

  3. Վախթանգ Սիրադեղյան says:

    Ես պատկերացնում եմ, թե ինչ է նշանակում հեղափոխական դատավոր. դա այն դատավորն է, որը իշխանության օրոք ապօրինի դատում է , իսկ իշխանության փոխվելու դեպքում՝ նախկին :

  4. Լավատես says:

    Թավշյա հեղափոխությունը’ դա քաղաքացիական հասարակության ծնունդն էր եւ դա իհարկե աչքալուսանք է: Հիմա բավականին ժամանակ է անցել եւ երեխան քիչ թե շատ ինքնուրույն քայլում է եւ հիանալուց բացի պետք է երեխային դաստիարակել, ուսուցանել եւ հասունացմանը համապատասխան ու զուգընթաց փորձությունների միջով անցկացնել: Քաղաքացիական հասարակության ծնունդը տեսանք, բայց քաղաքացիական հասարակության դաստիարակությունը չենք տեսնում’ երբ ապրում ենք վայրի շուկայական հարաբերությունների միջավայրում,մենք պետք է ունենանք դրան արդյունավետ հակակշիռ միջոցներ’ սկսած հզոր արհմիություններից վերջացրած տեղական հզոր հասարակական կազմակերպություններով, որոնց միակ նպատակն է’ հայտնաբերել ժողովրդի միջից լավագույներից լավագույներին եւ նշանակել նրանց պետական պաշտոնների: Օրինակ, ես իմ ձայնը’ համաձայնագիրը տալիս եմ իմ պատկերացմամբ ինձնից ավելի բանիմաց մեկին, այդ բանիմացը իրավունք ունի իմ փոխարեն ընտրություն կատարելու, ես էլ պարտավորվում եմ ենթարկվել նրա ընտրությանն արդեն պետական պաշտոնյաների ընտրությունների ժամանակ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31