Վայոց Ձորում ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով տուժողի ներկայացուցիչ Ռաֆայել Ամիրխանյանը վստահեցնում է, որ իր վստահորդի՝ աստիճանների վրա ընկնելը գործով հերքվել է:
«Ապացուցված է, որ Արա Մխիթարյանը ծեծի է ենթարկվել խմբի կողմից: Արա Մխիթարյանին ծեծել են Հարություն ու Զավեն Գրիգորյանները եւ քննությամբ չպարզված այլ անձինք: Արա Մխիթարյանը չի ընկել աստիճաներին, խփել են, գցել են գետնին: Նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր, դրական փոփոխության դինամիկա չկա»,- ասաց փաստաբանը՝ անդրադառնալով Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի ցուցմունքին , թե իր տեղակալ Հարություն Գրիգորյանը չի խփել Արա Մխիթարյանին, այլ երբ շենքից դուրս է եկել, իր մեքենայի դուռը փակելու, տեսել է ինչ-որ մեկին ընկած, որը խռխռում է:
Անդրադառնալով նախկին մարզպետի ցուցմունքի այն հատվածին, որով, չնայած գործով երկու վկայի, նախկին մարզպետը պնդում է, որ ինքը դեպքի վայրում չի եղել ու այդ մասին կարող է հաստատել նաեւ իր տան շենքի հարակից ատամնաբուժարանի տեսախցիկների տեսագրությունները, պարոն Ամիրխանյանը շարունակեց. «Այդ տեսախցիկն արձանագրել է, որ 10 անց քանիսի կողմերին Տրդատ Սարգսյանը մտնում է շենք, հետո հոսանքն անջատվում է, մթություն է, տեսագրության արձանագրածով պատկեր չի երեւում, շարժը կա, բայց պատկերները չեն երեւում»:
Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը մինչ օրս գտնվում է կոմայի մեջ: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Դեպքի հետ կապվում է նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ