Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստն է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում:
Ինչպես տեղեկացրել ենք, Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել Խաչատուրովի խախտված իրավունքը վերականգնելու ու գործի նյութերը, մեղադրանքը Խաչատուրովին թարգմանված գրավոր ներկայացնելու համար: Դրան հաջորդել էր Խաչատուրովի ելույթը:
Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը հայտարարեց. «Թե՛ իրավական, թե՛ առհասարակ պետական տեսանկյունից, Հայաստանի Հանրապետությունը մատների վրա կարող է հաշվել, թե քանի գեներալ գնդապետ ունի զինված ուժերում: Այդ մատների վրա հաշվելու գեներալ գնդապետներից, որոնցով նաեւ վստահ եմ, նույնիսկ դուք էլ, դատական պրոցեսից զատ, եթե ունենում եք պետական հպարտության զգացում, այդ մարդկանցից մեկը Յուրի Խաչատուրովն է, որով կարելի է հպարտանալ: Մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է զինվորական ծառայությանը, բանակաշինությանը եւ կարելի է ասել այդ նույն ազգանվան ցեղը շարունակվում է: Պահանջը, խնդրանքը մեկն էր՝ գործի նյութերը տրամադրվի, որով, հարգելի դատարան, դուք նախադեպ չէիք ստեղծելու: Ի՞նչ խնդիր էր լինելու, կարող է պետությունը այդ բեռը թարգմանության չէ՞ր կարող վերցնել: Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ շատ ավելի մեծ պարտքի զգացում պետք է ունենանք Խաչատուրովի նման մարդկանց նկատմամբ»:
Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն առարկեց, նա ասաց, որ արդեն միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվել է, ուստի հիմա նորից ի՞նչ քննարկում են ծավալում. «Այսպես չի կարելի»:
Կարդացեք նաև
Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ եթե դատարանը թույլատրում է Խաչատուրովին բանավոր ծանոթանալ գործի նյութերին՝ թարգմանված, գրավոր դա կազմակերպելով՝ մեր պետությունը չի սնանկանալու: Բացի այդ, նա նշեց, որ դատական ծախսերը դրվելու են մեղավորների վրա. «Դուք ցանկանում եք, որ Խաչատուրովն իր գործի նյութերին ծանոթանա առավելագույնս դիսկոմֆորտ պայմաններում»:
Դատավորը լսեց ու հիշեցրեց, որ միջնորդության վերաբերյալ ինքն արդեն որոշումը հրապարակել է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ