Երկարատեւ ընդմիջումից հետո Հայաստանի երկրորդ նախագահը հանդես է եկել ծավալուն հարցազրույցով: Խոստովանեմ, որ 2008-ից սկսած Ռոբերտ Քոչարյանի խոսելն անձամբ իմ մեջ որոշակի տագնապ է առաջացնում՝ կարո՞ղ է պատահել, որ նա ինչ-որ ձեւով, անձամբ կամ «այլ դեմքով» վերադառնա իշխանության եւ նորից հաստատվի կարծր ավտորիտար ռեժիմ՝ իշխանության եւ օլիգարխիայի կատարյալ անպատժելիությամբ: Բայց հասկանում եմ, որ իմ տագնապը զուտ հուզական է՝ նման ռեժիմի վերականգնման հնարավորությունը հավասար է զրոյի:
Զուտ բովանդակային առումով, իհարկե, Քոչարյանի մտքերն անվիճելի չեն, ինչպես վիճարկելի են ներկայիս վարչապետի պնդումները՝ վերջերս ռուսաստանյան PBK լրատվամիջոցին տված հարցազրույցում: Օրինակ, ապացուցելու համար, որ հայաստանյան որոշակի հ/կ-ները «հակառուսական» չեն, Փաշինյանը նշում է, որ դրանք ստեղծվել են նախորդ երկու նախագահների օրոք, որոնք, ենթադրաբար, «ռուսամետ» էին: Սակայն պետք է հաշվի առնել, որ նախորդ 20 տարիների ընթացքում այդ հ/կ-ները պայքարում էին իշխանության դեմ, հանուն իշխանափոխության (կատարելով, իմ կարծիքով, հ/կ-ներին ոչ բնորոշ գործառույթներ), իսկ 2018 թվականի ապրիլից հետո դրանք հիմնականում սատարում են իշխանություններին՝ փաստացի կազմելով իշխանության մասը, շարունակելով պայքարը «նախկին իշխանության» դեմ եւ, այդպիսով, դարձյալ դուրս գալով հասարակական հատվածի համար նախատեսված գործառույթների շրջանակից:
Իր վերջին հարցազրույցում, մեկնաբանելով այդ երեւույթը, Ռոբերտ Քոչարյանը հակված էր ամեն ինչ վերագրել «սորոսական դավադրությանը»՝ ազգային արժեքների, եկեղեցու դեմ քարոզին: Դա էլ, իմ կարծիքով, չի համապատասխանում իրականությանը՝ այս պատմության մեջ չկա կամ շատ քիչ է արտաքին կամ «ազգային-ապազգային» բաղադրիչը, փոխարենը կա պոպուլիզմի հսկայական չափաբաժին: Եվ, ի դեպ, հետաքրքիր է՝ այդ երբվանի՞ց է Երկրորդ նախագահը, որ 1990-ականներին «Հայր մերը» չգիտեր, այդքան աստվածավախ դարձել:
Մի խոսքով, շատ նորմալ է, որ Ռոբերտ Քոչարյանի արտահայտած մտքերը ենթարկվում են սուր քննադատության, բնականաբար, ցանկալի է, որ այդ քննադատության մեջ պահպանվեն էթիկական նորմերը: Նորմալ չէ, իմ կարծիքով, երբ հարձակման են ենթարկվում հարցազրույցին մասնակցող լրատվամիջոցները: «Ինչո՞ւ եք դուք սրան խոսացրել», «բա ինչու չասեցիք՝ այ, ….»՝ ցավոք մեզանում դեռեւս չի ձեւավորվել մեդիայի ընկալման այն մշակույթը, երբ նման հարցերն ընկալվում են որպես անհեթեթություն: Ինչո՞ւ է լրատվամիջոցն այս կամ այն բանը գրում կամ հեռարձակում. որովհետեւ կարծում են, որ դա հետաքրքիր է: Եթե դա ոչ մեկին հետաքրքիր չի, ուրեմն, տվյալ հրապարակումը ոչ մի սպառող չի ունենա՝ դրա «ռիսկը» լրատվամիջոցն ամբողջությամբ իր վրա է վերցնում:
Կարդացեք նաև
«Մեդիա» նշանակում է «միջնորդ»: Համենայնդեպս, իմ կարծիքով, պետք է լինի միջնորդ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ի՞նչ տարբերություն կա լրատվական տգետ գործակալների ու հասարակական սննդի տգետ մատուցողների միջև:
Կա՞ տարբերություն փորձառու պետական գործչի և հիմար քաղաքական արկածախնդրի միջև:
Լևոն Տեր Պետրոսյանը դարձավ ազգային-ազատագրական շարժման առաջին պարպիչը: Երկրորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Երրորդը՝ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ որ բանով երեքն էլ հիշեցնում են Սալվադոր Ալենդենին:
Լևոնը իշխանությունը հանձնեց Ռոբերտ Քոչարյանին և տասը տարով քոչեց արտերկիր: Վայելեց և վերադարձավ գահին նստելու նպատակով: Իսկ Փաշինյանը սկսեց կոկորդը պատռել Լևոնի համար: Իշխանությունը քաղցր բան է:
Քոչարյանը իշխանությունը հանձնեց Սերժ Սարգսյանին, Սերժը՝ Նիկոլին:
Նիկոլը պետք է նստի գահին մինչև իր ժամկետի ավարտը, ինչպես Մեդվեդևը, հետո իշխանությունը փոխանցի կամ Լևոնին (բայց նա չափազանց ծեր է), կամ Քոչարյանին, կամ Սերժին: Հիմա ամենահարմարը Քոչարյանն է:
Տգիտությունը ուժ է թշնամու ձեռքերում: