Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էս մի պարգեւատրումն էլ Լենա Նազարյանի կողմից. Ահա թե ինչպես են պատգամավորները 1 տարվա ընթացքում ստացել 580 մլն պարգեւավճար

Հուլիս 30,2020 14:00

Միայն 2019-ի հուլիսի 13-ին ԱԺ նախագահը պարգեւատրման մասին 7 կարգադրություն է արձակել՝ մի անգամ 30%-ով, մյուս անգամ 90%-ով պարգեւատրելով պատգամավորներին:

«Առավոտը» ԱԺ աշխատակազմին հարցում էր արել՝ պարզելու, թե 2019-ի փետրվարից մինչեւ 2020-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում 580 մլն դրամ պարգեւավճարն ինչպես է բաշխվել պատգամավորների միջեւ որքա՞ն գումարի պարգեւավճար է ստացել պատգամավորներից յուրաքանչյուրը:

ԱԺ-ից մերժել են տրամադրել այդ տեղեկությունը՝ նշելով, թե այդ տեղեկության տրամադրումը ենթակա է քննարկման անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից: Ըստ ԱԺ աշխատակազմի պաշտոնական պատասխանի, «պատգամավորի վարձատրության մասին տեղեկությունը համարվում է մասնագիտական գործունեության բաղադրատարր, եւ դրան վերաբերող տեղեկությունները եւս գտնվում են մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի սկզբունքի պաշտպանության ներքո»:

Պատգամավորների տարեկան հայտարարագրում առանձին տողով նշվում է աշխատավարձից ստացված եկամտի չափը ու եթե այդ գումարից հանենք ֆիքսված դրույքաչափը, ինչ թիվ մնաց տակը՝ պարզ է, որ պարգեւավճարն է: Այսինքն, պարգեւավճարի գաղտնիությունը պարկի մեջ մտած մախաթի պես է, ոնց էլ անես՝ մի տեղ կերեւա:

Բայց մինչ կանցնենք հաշվարկների, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր մաթեմատիկական հաշվարկը ներկայացրեց: Նա ասաց, որ մի քիչ կոշտ մաթեմատիկական հաշվարկով ամեն ամիս պատգամավորները ստացել են միջինը մոտ 260 հազար դրամի կարգի գումար: Նա ճիշտ է ասում այն առումով, որ եթե 580 մլն 104 հազար դրամից հանենք հարկերը, (այն ժամանակ եկամտահարկը համահարթեցված չէր, 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողները 28 տոկոսով էին հարկվում), ստացվում է, որ այդ գումարից պակասում է մոտ 162 մլն 400 հազար դրամ ու մնում է 417 մլն 674 հազար դրամ:

Եթե սա բաժանենք տարվա 12 ամիսների ու 132 պատգամավորների միջեւ, կստացվի հենց Արարատ Միրզոյանի ասած թիվը՝ -+ 263 հազար դրամի կարգի գումար:

Հիմա ինչն է տարօրինակ.

Շարքային պատգամավորի աշխատավարձը 661 հազար 400 դրամ է, եկամտահարկը, սոցվճարը, 1000 դրամները հանած՝ «մաքուր» աշխատավարձը՝ 461 հազար դրամ:

Եթե այդ պատգամավորը նաեւ մշտական հանձնաժողովի փոխնախագահ է, ստանում է 694 հազար դրամ, առանց հարկերի՝ 481 հազար դրամ:

Հանձնաժողովի նախագահները ստանում են 793 հազար դրամ, հարկերը հանած՝ 549 հազար:

ԱԺ փոխխոսնակների մաքուր աշխատավարձը կազմում է 643 հազար դրամ:

Իսկ ամենաբարձրը ստանում է ԱԺ նախագահը՝ 1 մլն 190 հազար դրամ, առանց հարկերի՝ 827 հազար դրամ:

Հիմա նրանցից յուրաքանչյուրի պարգեւավճարը ամսական կազմում է աշխատավարձի 30 տոկոսի չափով, որը շարքային պատգամավորի համար կազմում է 142 հազար դրամ՝ հարկերը հանած: Հանձնաժողովի նախագահի պարգեւավճարը ամեն ամիս կազմում է 170 հազար դրամ, նրա տեղակալներինը՝ 150 հազար դրամ, ԱԺ 3 փոխնախագահները ստանում են 199 հազար դրամ, ԱԺ նախագահն էլ՝ 257 հազար դրամ պարգեւավճար:

Հիմա եթե այսպես հաշվենք ԱԺ նախագահի, 3 փոխխոսնակների, հանձնաժողովի 11 նախագահների, 11 փոխնախագահների ու մնացած 106 շարքային պատգամավորների ստացած ամսական պարգեւավճարը, կազմում է 19 մլն 426 հազար դրամ (257000 +597000 + 1870000+1 650000+ 15052000= 19.426.000): Այս ամենը 12 ամսվա կտրվածքով կազմում է մոտ 233 մլն դրամ, բայց ոչ 417 մլն, կամ հարկերով՝ 580 մլն:

Քանի որ պարգեւավճարները տրվում են ԱԺ նախագահի կարգադրություններով, մենք ուսումնասիրեցինք, թե ինչպիսի՞ կարգադրություններ է արել Արարատ Միրզոյանը, որ մեկ տարվա ընթացքում ԱԺ պատգամավորներին այդքան խոշոր պարգեւավճար է հասել:

2019-ին առաջին պարգեւատրման մասին կարգադրությունը եղել է մարտի 7-ին՝ (11.03.2019, Կ-55-Ա) կանանց տոնի առթիվ, որով Ազգային ժողովի կին պատգամավորներին խրախուսել են միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ 70 հազար դրամի չափով: Հետո պաշտոնային դրույքի 30%-ի չափով պարգեւատրման 2 կարգադրությունն է եղել՝ (06.05.2019, Կ-110-Ա) եւ (07.06.2019, Կ-154-Ա):

Հետո ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Լենա Նազարյանը կարգադրություն է (11.06.2019, Կ-161-Ա) արձակել. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով` կարգադրում եմ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 90%-ի չափով՝ համաձայն  հավելվածի»: Իսկ հավելվածի ցանկի համաձայն, այդ 90 տոկոս պարգեւատրումը ստացել են բոլոր պատգամավորները՝ վերից վար եւ աշխատակազմի մի շարք պաշտոնյաներ, փորձագետներ:

Հետո՝ (13.07.2019, Կ-208-Ն) կարգադրութամբ պատգամավորները նորից պարգեւատրվել են ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով: Նույն օրը մեկ այլ կարգադրությամբ՝ (13.07.2019, Կ-209-Ն) պատգամավորները նորից պարգեւատրվել են աշխատավարձի 90%-ի չափով:

Պետք է նշել, որ միայն 2019-ի հուլիսի 13-ին, պարգեւատրման մասին 7 կարգադրություն է արձակվել, բացի այն, որ ԱԺ նախագահը մեկ ամսվա մեջ մի անգամ 30 տոկոսով, մյուս անգամ 90 տոկոսով պարգեւատրել է պատգամավորներին, պատգամավորներից (13.07.2019, Կ-210-Ա) բացի, նաեւ ցուցակ առ ցուցակ աշխատավարձի դրույքաչափի  90 տոկոսով պագեւատրել է աշխատակազմի պետական ծառայողներին:

Այնուհետեւ (13.07.2019, Կ-211-Ա) կարգադրությամբ ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ 240 000 դրամի չափով, կրկին հուլիսին:

(13.07.2019, Կ-215-Ա) եւ (13.07.2019, Կ-216-Ա) կարգադրություններով ԱԺ աշխատակազմի մի շարք  պետական ծառայողներին եւ այլ աշխատակիցներին պարգեւատրել ամսական պաշտոնային դրույքի 10%-ի չափով, (13.07.2019, Կ-217-Ա) կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Արտաշես Բախշյանին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ` ամսական պաշտոնային դրույքի 21%-ի չափով:

Հաջորդ ամիս՝ օգոստոսին, (08.08.2019, Կ-223-Ա) կարգադրությամբ պատգամավորները խրախուսվել են իրենց աշխատավարձի 15%-ի չափով:

Հետո՝ Անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահը «Խրախուսելու մասին» (20.09.2019, Կ-269-Ա) կարգադրությամբ  ԱԺ պատգամավորներին նորից է խրախուսել, այս անգամ՝ ամսական պաշտոնային դրույքի 75%-ի չափով:

Հոկտեմբերին՝ (04.10.2019, Կ-292-Ա) կարգադրությամբ Ազգային ժողովի պատգամավորները նորից սովորականի պես միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով պարգեւատրվել են, հետո՝ (06.11.2019, Կ-337-Ա) կարգադրությամբ նորից խրախուսվել:

Այնուհետեւ եկել է շքեղ ու սպասված դեկտեմբերը: Նախ (04.12.1019, Կ-386-Ա) կարգադրությամբ Ազգային ժողովի պատգամավորներին, Աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել են միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով:

Հետո նորից դեկտեմբերին (12.12.2019, Կ-399-Ա) Ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով:

Հետո՝ նորից դեկտեմբերին (16.12.2019, Կ-402-Ա) կարգադրությամբ Ազգային ժողովի պատգամավորներին, Աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 20%-ի չափով: Այս անգամ Լենա Նազարյանն է ոնց որ բյուջեի հաշվին իր կողմից ավելացրել:

Հետո՝ արդեն փետրվարին (04.02.2020, Կ-15-Ա) կարգադրությամբ պատգամավորները պարգեւատրվել են 30%-ի չափով:

Ահա թե ինչպես են մեր նշած ժամանակահատվածում՝ 1 տարվա ընթացքում պատգամավորները պետբյուջեի հաշվին ստացել 580 մլն պարգեւավճար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031