Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը եւ «հայու գենը»

Հուլիս 24,2020 10:00

Վերջերս մի քանի տեղ կարդացել եմ, որ «հայու գենը» կորոնավիրուսին լավ չի դիմադրում, ի տարբերություն վրացու կամ, ասենք, նոր զելանդացու գեների, եւ իբր դա է պատճառը, որ համավարակի դեմ պայքարում մենք, մեղմ ասած, առայժմ հաջողություններ չենք գրանցում: Ճիշտն ասած, կասկածում եմ, որ «ազգային գեն» ընդհանրապես գոյություն ունի, բայց անկախ այդ հանգամանքից, այս կասկածելի տեսությունը կիրառելի չէ հասարակական երեւույթների հանդեպ, որպիսիք են հասարակությունների եւ կառավարությունների վարքագիծը:

Վերցնենք «գենի» հետ կապված մեկ այլ օրինակ: Ժամանակ առ ժամանակ հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվում, թե հազարավոր թուրքեր դիմում են գենետիկ հետազոտությունների՝ բացահայտելու համար իրենց ազգային ինքնությունը, եւ իբր այդ հետազոտությունների որոշակի տոկոսը ցույց է տալիս, որ «հետազոտվողների» երակներում հոսում է նաեւ հայկական արյուն: Վստահ եմ, որ դա անպտուղ զբաղմունք է: Իհարկե, ներկայիս Թուրքիայի բնակիչների մեջ բազմաթիվ են մարդիկ, որոնք ունեն հայկական (հունական, ասորական, Օսմանական կայսրությունում ապրած այլ ժողովուրդների) արմատներ: Բայց այդ արմատները դժվար թե հնարավոր լինի բացահայտել ֆիզիոլոգիական մակարդակով: Եթե անգամ հնարավոր է, ապա դա ոչինչ չի ավելացնում ժամանակակից Թուրքիայի քաղաքացիների բնութագրին եւ վարքին: Ուրիշ բան է, եթե, օրինակ, նրանք իրենց պապերի սնդուկներում հայտնաբերեն ինչ-որ առարկաներ, որոնք այսպես թե այնպես կապված են հայկական մշակույթի կամ կենցաղի հետ: Եթե նման բան տեղի ունենա, եւ եթե նրանք սկսեն խորհել այդ «գտածոների» մասին, ապա այդ փաստը նշանակություն ունի: Նույնքան նշանակալից կլինի, եթե այդ մարդիկ դեն գցեն կամ վառեն այդ իրերը, ու փորձեն արագորեն դրանց մասին մոռանալ: Երկու դեպքում էլ մենք գործ ունենք հասարակական, ոչ թե ֆիզիոլոգիական դրսեւորումների հետ:

Կորոնավիրուսը ֆիզիկական՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող երեւույթ է, ինչպես, օրինակ, ձգողականության ուժը: Գիտեմ, որ Հայաստանում եւ աշխարհում կան մարդիկ, որոնք չեն հավատում համավարակի գոյությանը, բայց նրանք կարող են մերժողական վերաբերմունք ունենալ նաեւ գրավիտացիայի հանդեպ: Վերջինս, հավատացնում եմ ձեզ, ոչ մեկից «չի նեղանա» եւ կշարունակի անվրեպ գործել Նյուտոնի եւ Էյնշտեյնի ձեւակերպած օրենքներով: Մարդու օրգանիզմը նույնպես գոյություն ունի օբյեկտիվորեն, եւ ցանկացած հիվանդությանը մարդկանց ֆիզիոլոգիան արձագանքում է ԱՆՀԱՏԱՊԵՍ: Բայց երբ մենք խոսում ենք մարդկանց խմբերի (այդ թվում՝ ազգերի) մասին, ապա «ազգային գեները», ինչպես նաեւ, օրինակ, գանգի ձեւը կապ չունեն: Խմբերի վարքը պայմանավորված է նրանց մշակույթով, նրանց կողմից մշակված կանոններով, այն «առասպելներով» (բառիս միանգամայն չեզոք իմաստով), որոնց նրանք հավատում են:

Հետեւաբար, համավարակի տարածվածության աստիճանը, դրա դեմ պայքարի հաջողությունները կամ անհաջողությունները պայմանավորված են հասարակական գործոններով՝ կառավարությունների ձեռնարկած միջոցներով եւ քաղաքացիների վարքագծով: «Հայու գենի» վրա այս առումով պետք չէ հույս դնել՝ ոչ դրական, ոչ էլ բացասական իմաստներով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031